Տյուրոս[1], հնագույն քաղաք-պետություն Փյունիկիայում՝ Միջերկրական ծովի արևելյան ափին։ Առաջացել է հավանաբար մ.թ.ա. IV հազարամյակում։ Մ.թ.ա. III-II հազարամյակներում առևտրաարհեստավորական կարևոր կենտրոն էր։ Մ.թ.ա. II հազարամյակի վերջին-I հազարամյակի սկզբին դարձել է դեպի արևմուտք փյունիկեցիների գաղութաբնակեցման կարևոր կենտրոն։ Տյուրոսը գաղութներ է հիմնել Միջերկրական ծովի կղզիներում, Հյոսիսարևմտյան Աֆրիկայում, Իսպանիայում։ Մ.թ.ա. X դ. Տյուրոսի հովանավորության տակ ստեղծվել է Տյուրոս-Սիդոնի միացյալ թագավորությունը, որը գերիշխել է Փյունիկիայի ծովափին։ Մ.թ.ա. VIII դ. Տյուրոսն ընկել է Ասորեստանի, մ.թ.ա. VI դ. սկզբից՝ Նոր Բաբելոնյան թագավորության, մ.թ.ա. VI դ. 2-րդ կեսից՝ Աքեմենյանների, մ.թ.ա. IV դ. վերջին՝ Ալեքսանդր Մակեդոնացու տիրապետության տակ, այնուհետև գտնվել է Պտղոմեյանների, Սելևկյանների, Տիգրան Բ-ի պեսության, մ.թ.ա. 64-ից՝ հռոմեական Սիրիա պրովինցիայի կազմում։ Մինչև արաբական նվաճումները եղել է արևելամիջերկրածովյան առևտրի խոշոր կենտրոն։ Տյուրոսում պեղումներ սկսվել են XIX դ. 2-րդ կեսին։ Այժմ Տյուրոսի տեղում լիբանանյան Սուր քաղաքն է։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 12, էջ 26)։