Տխլենի ծառանման

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տխլենի ծառանման
Տխլենի ծառանման
Տխլենի ծառանման
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Վերնաբաժին Բարձրակարգ բույսեր (Embryophyta)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Հաճարածաղկավորներ (Fagales)
Ընտանիք Կեչազգիներ (Betulaceae)
Ցեղ Տիզենի (Corylus)
Տեսակ Տխլենի ծառանման (C. colurna)
Միջազգային անվանում
Corylus colurna
Կարգավիճակ
Հատուկ պահպանության կարգավիճակ՝
Քիչ մտահոգող տեսակ

Տխլենի ծառանման (լատին․՝ —C. colurna L.), Կեչազգիներիի ընտանիքի, Տխլենու ցեղի բույս։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սլացիկ բնով ու գեղեցիկ սաղարթով տերևաթափ խոշոր ծառ է 20 — 25 (երբեմն 28) մ բարձրությամբ և մոտ 1 մ-ի հասնող բնի տրամագծով։ Ուղիղ, հարթ ճյուղերից ազատ բունը ծածկված է մոխրագույն, խոր ճաքերով պատված հաստ կեղևով, որը անջատվում է խոշոր շերտերով։ Մեկ տարեկան ընձյուղները դեղնամոխրավուն են, խոզանականման մազմզուկներով ծածկված։ Բողբոջները երկարավուն-նշտարաձև են, 6—8 մմ երկարությամբ, կարմրագորշավուն, մազմզուկապատ թեվտւկներով։ Տերևները կլորավուն են, լայն-ձվաձև կամ օվալաձև, 7 — 12 սմ երկարությամբ և 5—9 սմ լայնությամբ, գագաթում սեղմված, կարճ սրածայր, հիմքում սրտանման, երկակի բութ- ատամնաեզր, խոշոր, բլթականման գլխավոր ատամիկներով, մուգ կանաչ, նոր բացված ժամանակ վերևի կողմից մազմզուկապատ, ներքևի կողմից մազմզուկապատ է միայն ջղերի ուղղությամբ, ավելի ուշ' մերկ։ Տերևակոթունները ծածկված են գեղձային մազմզուկներով, 1,5—4,5 սմ երկարությամբ։ Տերևակիցները նշտարաձև են, սրածայր։ Առէջային կատվիկների երկարությունը հասնում է 6 — 10 սմ-ի և 0,5 — 0,6 սմ հաստության։ Պտուղները հավաքված են 3-8-ական փնջերում։ Տերևափաթթոցը մահուդանման է, լայն բացված, զգալիորեն գերազանցում է ընկույզի չափերին, բազմակի կտրատված է, նեղ ծռմռված, սուր և ատամնաձև բաժիններով։ Ընկույզները համեմատաբար մանր են, կողքերից սեղմված, հաստ և ամուր կճեպով, բայց աչքի են ընկնում բարձր յուղայնությամբ։ Ծաղկում է մարտ-ապրիլին (առանձին դեպքերում Արարատյան դաշտում ծաղկում է փետրվարի վերջերին)։ Ընկույզները հասունանում են սեպտեմբեր-հոկտեմբերին։ Պտղաբերում է անկանոն կերպով, բարձր բերք է տալիս 2—3 տարին մեկ անգամ։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնական պայմաններում հանդիպում է Կովկասում, Հյուսիսային Իրանում, Բալկանյան թերակղզում, Փոքր Ասիայում։ Հայաստանի սահմաններում հանդիպում է Իջևանի շրջանում (Թալա գյուղի մոտ, Սևքարի շրջակա անտառում) և Շամշադինի շրջանում, ուր տարածված է միջին լեռնային գոտում[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. 1, Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ 206։