Վոլֆրամի հանքանյութեր
Վոլֆրամի հանքանյութեր, վոլֆրամ պարունակող բնական միացություններ, որոնցից տնտեսապես շահավետ է մետաղի կորզումը։ Վոլֆրամի հիմնական միներալներն են՝ վոլֆրամիտը (74—76% W03) և շեելիտը (80% W03)։ Վոլֆրամի Հանքանյութեր հաճախ պարունակում են այլ օգտակար բաղադրամասեր (անագ, մոլիբդեն, բերիլիում, ոսկի, պղինձ, կապար և ցինկ)։ Վոլֆրամի ներծին հանքավայրերը ետմագմատիկ, պնեմատոլիտային կամ հիդրոթերմալ են և գենետիկորեն կապված են գրանիտային ինտրուզիաների հետ։ Առանձնացվում են վոլֆրամի հանքանութերի մի շարք գլխավոր տիպեր՝ գրանիտների կամ գրանիտ-պորֆիրների ալբիտացված, գրեյզենացված և քվարցացած գմբեթներ ու շտոկեր վոլֆրամիտի մանր ներփակումների, քվարց-դաշտասպաթային, քվարց-տոպազային և քվարցային երակներ վոլֆրամիտի, սակավ շեելիտի, կասիտերիտի, բերիլի պարունակությամբ, քվարց-շեելիտային երակներ են։ Առավել հարուստ են երակային տիպի հանքավայրերը, որոնք հաճախ պարունակում են մինչև մի քանի տոկոս W03։ Ամենախոշորը սկառնային և շտոկվերկային տիպի հանքավայրերն են։ Արմատական հանքավայրերի լվացման հետևանքով կարող են առաջանալ դելյուվիալ և ալյուվիալ ցրոններ, որոնք պարունակում են վոլֆրամիտ և շեելիտ։ Վոլֆրամի հանքանութերի խոշոր հանքավայրեր կան Ռուսաստանում, Ղազախստանում, Չինաստան, Հյուսիսային Կորեայում, Միացյալ Նահանգներում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 494)։ |