Վիլհելմ Մայբախ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիլհելմ Մայբախ
գերմ.՝ Wilhelm Maybach
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 9, 1846(1846-02-09)[1][2][3]
ԾննդավայրՀայլբրոն, Շտուտգարտի ադմինիստրատիվ օկրուգ, Բադեն-Վյուրթեմբերգ[4]
Մահացել էդեկտեմբերի 29, 1929(1929-12-29)[1][2] (83 տարեկան)
Մահվան վայրՇտուտգարտ, Վայմարյան Հանրապետություն
ԳերեզմանUff-Kirchhof
Քաղաքացիություն Գերմանիա
Մասնագիտությունճարտարագետ, ձեռնարկատեր, գյուտարար և գործարանատեր
Զբաղեցրած պաշտոններկազմակերպության հիմնադիր
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունAssociation of German Engineers?
ԵրեխաներԿարլ Մայբախ
 Wilhelm Maybach Վիքիպահեստում

Վիլհելմ Մայբախ (գերմ.՝ Wilhelm Maybach, փետրվարի 9, 1846(1846-02-09)[1][2][3], Հայլբրոն, Շտուտգարտի ադմինիստրատիվ օկրուգ, Բադեն-Վյուրթեմբերգ[4] - դեկտեմբերի 29, 1929(1929-12-29)[1][2], Շտուտգարտ, Վայմարյան Հանրապետություն), գերմանացի ավտոկոնստրուկտոր և ձեռներեց։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1846 թվականի փետրվարի 9-ին Գերմանիայի Հեյլբրո քաղաքում՝ ատաղձագործի ընտանիքում։ Ծնողների հանկարծակի մահվան պատճառով 10-ամյա Մայբախը 1856 թվականին հայտնվում է մանկատանը։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կրթությունն ստանում է մանկատանը կից տեխնիկական դպրոցում, իսկ գործնականում փորձառություն է ձեռք բերում մեքենաշինական գործարանում, որի հովանավորության տակ էր գտնվում մանկատունը։ Այդ գործարանի տեխնիկական տնօրենն ավտոմեքենաշինության մեջ իր ուրույն տեղը զբաղեցնող Գոտլիբ Դայմլերն էր, ում մոտ աշակերտում էր պատանի Մայբախը։ Դայմլերի ուշադրությունից չի վրիպում իր աշակերտի ընդունակությունը, համառությունը և նպատակասլացությունը։ Դպրոցն ավարտելուց հետո Մայբախը կրթությունը շարունակում է Ռոյտլինգենի տեխնիկական քոլեջում` ստանալով կոնստրուկտորի մասնագիտություն։ 1869 թվականինընդունվում է Կարլսրուհեում գտնվող մեքենաշինական գործարանի կոնստրուկտորական բյուրո։ 1872 թվանակին Դայմլերը "Otto und Langen Gasmotorenfabrik Deutz" ընկերությունից տեխնիկական տնօրենի պաշտոնն զբաղեցնելու հրավեր է ստանում, որը թողարկում էր "Otto" գազային շարժիչներ։ Դայմլերն ընդունում է հրավերը միայն այն պայմանով, որ եթե տեղ գտնվի նաև իր տաղանդավոր աշակերտի համար։ Պայմանագիրը կնքվում է, և Մայբախն սկսում է զբաղվել "Otto" շարժիչների կատարելագործմամբ և արտադրության կազմակերպմամբ։ 1882 թվականին ղեկավարության հետ տարաձայնությունների հետևանքով երկուսն էլ հեռանում են ընկերությունից։ Արդեն սեփական ընկերություն հիմնելու ժամանակը հասունացել էր։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1882 թվականի ապրիլին Դայմլերը հիմնում է "Daimler Motoren Gesellschaft" ընկերությունը և, բնականաբար, Մայբախն ստանձնում է կոնստրուկտորի պաշտոնը։ Նրանց անբաժան միությունում Գոտլիբը կատարում էր ղեկավարի, մտահղացումների գեներատորի և մենեջերի դերը, իսկ Մայբախը փոխարինում էր մի ամբողջ կոնստրուկտորական բյուրոյի։ Միությունը երկու կողմից էլ ձեռնտու էր։ Նրանք լրացնում էին մեկը մյուսին։ Մեկի գործարար, մյուսի կոնստրուկտորական տաղանդը հանգեցրին այն արդյունքին, որի պտուղները քաղում ենք մինչև այսօր։ Մայբախի տաղանդի մասին է խոսում նաև այն փաստը, որ Ֆրանսիաում նույնիսկ մրցակիցներն ավելի ուշ նրան անվանում են «Կոնստրուկտորների արքա»։ Ընկերության հիմնադրումից մեկ տարի անց արդեն հաջողությամբ փորձարկվում է Մայբախի մշակած 4-տակտային շարժիչը, որը գազի փոխարեն աշխատում էր բենզինով։ Շուտով սկսվում է շարժիչի արտադրությունը, իսկ երկու տարի հետո` 1885 թվականին, այն գործի է դրվում նրանց ստեղծած հեծանիվի վրա։ Ստեղծվում է առաջին մոտոցիկլետը, ինչն արդեն տեխնիկական հեղափոխություն էր։ 0,5 ձիաուժ հզորությամբ, 6 կամ 12 կմ/ժ արագություն զարգացնող մոտոցիկլետը փորձարկում է ինքը` Մայբախը, իր որդու` Կարլի և Դայմլերի որդու` Պաուլի մասնակցությամբ։ Դայմլերի և Մայբախի միության գագաթնակետը կարելի է համարել քառանիվ կառքի ստեղծումը, որի վրա Մայբախը տեղադրեց 1,5 ձիաուժ հզորությամբ, 16 կմ/ժ արագություն ունեցող շարժիչ։ Այդ կառքով նրանք մոտեցան Դայմլերի տանը` հարևաններին տեղեկացնելով, որ դա Դայմլերի կնոջ ծննդյան նվերն է։ Հետագա տարիներին Մայբախը զբաղվում է ավտոմեքենաների և շարժիչների կոնստրուկցիայով և վերամշակմամբ։ Նա ոչ միայն շարժիչի կշիռն է թեթևացնում, այլև արտաքինն ավելի նրբագեղ է դարձնում։ 1885 թվականին Փարիզում կազմակերպված ավտոմոբիլային ցուցահանդեսի համար հատուկ մշակվել էր "Stahlradwagen" (ճագատագրի անիվներ) անունով նոր ավտոմեքենա` 1,6 ձիաուժ հզորություն ունեցող 2-գլանային V-աձև շարժիչով։ Ի սկզբանե մեքենան մշակվում է որպես կոնցեպտուալ տարբերակ, բայց արդյունքում դառնում է "Daimler"-ի առաջին սերիական ավտոմեքենան և նույնիսկ ֆինանսական եկամուտ է բերում։

Դայմեր մոտոցիկլ

Մեքենաների ստեղծում[խմբագրել | խմբագրել կոդը]

1893 թվականին ստեղծվում է 2-գլանային շարային "Phonix" շարժիչը, որը կատարելագործվելով, դառնում է 6-գլանային։ 1901 թվականին Ավստրո-Հունգարիայի հյուպատոս Էմիլ Ելինեկի պատվերով Մայբախի կոնստրուկցիայով ստեղծվում է մեքենա, որն անվանվում է "Mercedes"` Ելինեկի դստեր պատվին և շուտով դառնում է "Daimler"-ի ապրանքանիշը։ Մեքենան սարքավորվում է "Phonix" շարժիչով։ 1900 թվականին Մայբախի հովանավոր, ուսոուցիչ և երկարամյա ընկեր Գոտլիբ Դայմլերը վախճանվում է։ Մայբախի դրությունն ընկերությունում վատթարանում է։ Մարդ, ով իրեն ամբողջովին նվիրել էր այդ ընկերության բարգավաճմանը, ստիպված էր գրել ստորացնող և անպատասխան դիմումներ` աշխատավարձի բարձրացման համար։ 1916 թ.-ին Մայբախին շնորհվում է Շտուտգարդի Տեխնոլոգիական ինստիտուտի պատվավոր դոկտորի կոչումը։ Առաջին համաշխարհայինի տարիներին Մայբախները թողարկում են ավիացիոն շարժիչներ։ Գերմանիայի պարտությունից հետո ընկերությունը զրկվում է այդ իրավունքից և նորից անցնում ավտոմեքենաների համար շարժիչների թողարկմանը։ Մայբախն ինքն աստիճանաբար հեռանում է աշխատանքից` իր տեղը զիջելով որդուն, ով իր տաղանդով չէր զիջում հորը և երազում էր սեփական ավտոարտադրության մասին։ Վերջապես 1919 թվականին Կարլը հասնում է նրան, որ "Maybach" անունը դրվում է իր ստեղծած շարժիչի վրա, իսկ արդեն 1921 թվականին ստեղծում է սեփական "Maybach W2" բարձր դասի ավտոմեքենան։ Սա էլ որոշում է "Maybach"-ների ապագա կոնցեպցիան որպես թանկարժեք ավտոմեքենա մեծահարուստների և արիստոկրատիայի համար։ 1929 թվականին Վիլհելմ Մայբախը հանկարծամահ է լինում։ Հանճարեղ կոնստրուկտորի անունն անմահացվել է Դեթրոյթ ի «Ավտոմոբիլային փառքի սրահում» ("Automotive Hall Of Fame"): Նրա անունով են կոչվում Գերմանիայում գտնվող մի քանի դպրոցներ և ուսումնարաններ։ Շարունակելով հոր սկսած պատվավոր գործը` 1929 թվականին Կարլն ստեղծում է իր նոր գլուխգործոցը` "Maybach Zeppelin"-ը, որը կարծես օդապարիկ լիներ անիվների վրա։ 1921-1941 թվականներին թողարկվում է ընդհանուր առմամբ մոտ 1800 տարբեր մոդել։ Նրանցից 152-ն են պահպանվել մինչև մեր օրերը և յուրաքանչյուրն իրենից ներկայացնում է կենդանի լեգենդ։ Դա չափազանցություն չէ, քանի որ այս ավտոմեքենաները վարել են հարուստ և ճանաչված քաղաքական գործիչներ, արիստոկրատներ և գործարարներ։ Հենց "Maybach" 42-ում են գաղտնի հանդիպել Շտիրլիցը և Բորմանը հայտնի «Գարնան 17 ակնթարթ» հեռուստաֆիլմում։ 1960 թվականին Կարլ Մայբախը վախճանվում է։ Ճակատագրի հեգնանքով "Maybach" ընկերությունն անցնում է վաղեմի «բարեկամ» "Daimler-Benz" ընկերությանը, որն իր ծնունդով և փառքով պարտական էր Վիլհելմ Մայբախին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 Brozović D., Ladan T. Hrvatska enciklopedija (хорв.)LZMK, 1999. — 9272 p. — ISBN 978-953-6036-31-8
  4. 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #118579517 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  5. https://www.invent.org/inductees/wilhelm-maybach

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիլհելմ Մայբախ» հոդվածին։