Վերնիգերոդե
Բնակավայր | |||
---|---|---|---|
Վերնիգերոդե | |||
գերմ.՝ Wernigerode | |||
| |||
Երկիր | Գերմանիա | ||
Համայնք | Հարց | ||
Մակերես | 170,18 կմ² | ||
ԲԾՄ | 240 մետր | ||
Բնակչություն | ▼31 943 մարդ (դեկտեմբերի 31, 2023)[1] | ||
Ժամային գոտի | UTC+1 և UTC+2 | ||
Հեռախոսային կոդ | 03943 և 039455 | ||
Փոստային դասիչ | 38855, 38875 և 38879 | ||
Պաշտոնական կայք | wernigerode.de(գերմ.) | ||
| |||
Վերնիգերոդե (գերմ.՝ Wernigerode), քաղաք Գերմանիայում` Սաքսոնիա-Անհալթ երկրամասում։ Մինչև 2007 թվականը եղել է Վերնիգերոդե շրջանի մայրաքաղաքը[2]։
Ընդհանուր տեղեկություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքի բնակչությունը 2001 թվականին կազմել է 34.863 մարդ, 2004 թվականին՝ 34.521 մարդ։
Ընդհանուր մակերեսը 125.17 կմ² է։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վերնիգերոդեի տեղանքը առաջին անգամ բնակեցվել է անտառների հատման ժամանակաշրջանում` 9-12-րդ դարերում։ Ըստ 1566 թվականի ժամանակագրության` «Վարինգերոդեն» հիմնադրվել է 938 թվականին։ Քաղաքի մասին գրավոր առաջին հիշատակումները հանդիպում են 1121 թվականի փաստաթղթերում, երբ իշխան Ադալբերտը իր նստավայրը Հայմարից տեղափոխել է Վերնիգերոդե` միաժամանակ սկսելով ներկայիս ամրոցի շինարարությունը։
1229 թվականին Վերնիգերոդեի «Կոնրադ, Բերթոլդ, Գեպհարդ և Բուրհարդ իշխանները աստծո ողորմածությամբ» բնակավայրը քաղաք են հռչակում։
1277 թվականին առաջին հիշատակումն է թողնվել խաղատան (հետագայում` քաղաքապետարան) մասին, որտեղ կազմակերպվել են զվարճանքներ և դատավարություններ։ Երկու տարի անց քաղաքացիները իշխաններից 70 ֆունտով գնել են քաղաքային ամրությունները։
1343 - Վերնիգերոդեի իշխաններին հաջողվում է հարևան իշխաններից խլել 23 գյուղ։
1326 - քաղաքացիներից մեկը դառնում է քաղաքի դատավորը։
1427 - խաղատունը (ներկայումս` քաղաքապետարան) նվիրվում է քաղաքին։
1429 - մահանում է Վերնիգերոդեի իշխանական տան վերջին ներկայացուցիչը. իշխանությունը անցնում է Շտոլբերգ կոմսերին։ Բնակչությունը այդ ժամանակ ապրում է մեղրի, արծաթի, կոբալտի վաճառքի եկամուտով, ինչպես նաև զբաղվում է որսորդությամբ և անտառապահությամբ։
1528 թվականի օգոստոսի 5-6 - 554 տներից 470-ը այրվում են հրդեհից։
Երեսնամյա պատերազմի ընթացքում (1618-1648) քաղաքը բազմիցս ենթարկվում է ասպատակությունների և թալանի։
1714 - Վերնիգերոդեի իշխանությունը ընդգրկվում է Բրանդենբուրգ-Պրուսիայի կազմում։ 17-18-րդ դարերում արտադրությունը սահմանափակվում է գյուղմթերքների վերամշակմամբ, իսկ 18-րդ դարի վերջին անցում է կատարվում մանուֆակտուրաներին։
1847 - հրդեհից այրվում են քաղաքային Հինտերշտրասե, Միտելշտրասե, Հայդեշտրասե թաղամասերը։ Հրդեհից փրկվում է միայն 10 տուն, այդ թվում` քաղաքի ամենահին տունը` Հինտերշտրասե 48, որը կառուցվել էր 1400 թվականին։ Հրդեհից վնասը կազմում է 100.000 թալեր։
1872 - անցկացվում է Վերնիգերոդե - Հալբերշտադտ երկաթուղին։
1899 - ավարտվում է Վերնիգերոդե - Նորդհաուզեն նեղգիծ երկաթուղին։ Քաղաքը դառնում է հանգստի վայր։
1918 - քարոզիչ Յակով Կրեկերը բացել է Ավետարանական դպրոց Ռուսաստանի գերի զինվորների համար։ Այդտեղից էլ իր սկիզբն է առել «Լույս արևելքին» միսիոներական ընկերությունը[3]։
Տեսարժան վայրեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամրոց
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամրոցի շինարարությունը սկսվել է 12-րդ դարում իշխան Ադալբերտի նախաձեռնությամբ։
Երեք դար անց` 1429 թվականին՝ Վերնիգերոդե իշխանական տոհմի վերջին ներկայացուցչի մահից հետո, իշխանությունն ու ամրոցը անցնում են Շտոլբերգ իշխաններին։
15-րդ դարում ամրոցը անուշադրության է մատնվում, իսկ 1674-1676 թվականներին վերակառուցվում է բարոկկո ոճով։ 1710 թվականին նոր իշխանները նստավայրը տեղափոխում են ամրոց։
Մինչև 1929 թվականը ամրոցը եղել է իշխանական նստավայր, որից հետո նրա մի մասը բացվում է հասարակության համար։
1949 թվականի ապրիլի 16-ին ամրոցում բացվում է թանգարան` բաղկացած 40 սրահներից։
Պատմական քաղաքապետարան
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքապետարանը` Գերմանիայի ճարտարապետության նշանավոր հուշարձանը, Վերնիգերոդեի խորհրդանիշն է։ Շենքն ի սկզբանե կառուցվել է որպես խաղատուն` դառնալով իշխանական տան զվարճանքի վայր։ Նրա մասին առաջին վկայությունները վերաբերում են 1277 թվականին։ Երկրորդ հարկում գտնվել է բեմը, որում թափառական դերասանները ազնվական իշխաններին ներկայացրել են իրենց արվեստը։
1427-1450 թվականների միջակայքում խաղատունը քանդել են` տեղում քարե շենք կառուցելով։ 1494-1498 թվականներին Անդրեաս Շպրենգելի ղեկավարությամբ քարե հիմքի վրա փայտե կոնստրուկցիաներ են կառուցվել։ Աչքի են ընկնում շենքի ճակատային և կողային հատվածների փայտե 33 քանդակները, որոնք պատկերում են սրբերի, կույսերի, ծաղրածուների, ծառաների։ Հանգստյան օրերին և զբոսաշրջային սեզոնին քաղաքապետարանում էքսկուրսիաներ են կազմակերպվում։
Wohltaeterbrunnen
[խմբագրել | խմբագրել կոդը]Առևտրական հրապարակում գտնվում է Wohltaeterbrunnen շատրվանը, որը կառուցվել է 1848 թվականին։ Այն կանգնեցվել է այն մարդկանց հիշատակին, ովքեր ծառայություններ են մատուցել քաղաքին։ Վերին մասում ազնվականական խավի մարդկանց անուններ են և իշխանական խորհրդանշաններ, ներքևում` հասարակ մարդկանց։ Շատրվանը կառուցվել է նեոգոթիկայի ոճով հարևան Իլզենբուրգ քաղաքում։ 1989-1991 թվականներին շատրվանը վերանորոգվել է` գրավելով լուսանկարվել սիրող զբոսաշրջիկներին։
Վեստերնտոր
[խմբագրել | խմբագրել կոդը]Վեստերնտոր խաչմերուկում է գտնվում Վեստերնտորտուրմ աշտարակը` քաղաքային պատից պահպանված միակ հատվածը։ Հին ժամանակներում այն քաղաքի արևմտյան մասի մուտքն է եղել։ Աշտարակի բարձրությունը 38 մ է։
Ամենափոքր տունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Վերնիգերոդեի ամենափոքր տունը կառուցվել է 1800 թվականին. երկու տների արանքում եղած հատվածը բավարարել է երկու նեղ պատուհանների լայնությամբ տուն կառուցելու համար։ Տունն ունի միայն միջանցք, պահարան և ննջասենյակ տանիքի տակ։ Սկզբում տանն ապրել է մի կոշկակարի ընտանիք։ Մինչև 1976 թվականը այնտեղ բնակություն էր հաստատել մի կին։ 1992 թվականին տունը վերանորոգվել է և բացվել զբոսաշրջիկների համար։
Ծուռ տուն
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքապետարանից ոչ հեռու գտնվում է «ծուռ տունը»։ Այն նախկինում եղել է ջրաղաց, որի մասին առաջին հիշատակումները հանդիպում են 1356 թվականին։ 1680 թվականին այն դարձրել են տուն. փոքրիկ առվակը վնասել է նրա հիմքը այնքան, մինչև որ տունը թեքվել է ժայռին։ Առվակից արդեն հետք չի մնացել, սակայն տունը կանգուն է մինչ օրս։
Կրումելի տուն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տունը 1674 թվականին կառուցել է Հայնրիխ Կրումելը։ Տան ճակատային մասը զարդարված է փայտե բազմաթիվ քանդակներով։
Գոթական տուն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կառուցվել է 15-րդ դարի կեսին։ Մինչև 1538 թվականը տանն ապրել են Ադենբյուտելները, որից հետո այն ձեռք էբերել Վիլհելմ Ռայֆենշտայնը, ով վերակառուցել ու ներկել է այն։ Տունն իր անունը ստացել է 19-րդ դարում, երբ բոլոր տներն այդպես կոչվեցին։ Տունը հյուրանոցի է վերածվել 1848 թվականին։
Բրոկենբան
[խմբագրել | խմբագրել կոդը]«Բրոկենբան» նեղգիծ գնացքը, որ կառավարվում է հին շոգեքարշով, հասարակական տրանսպորտի միակ տեսակն է, որով կարող են բարձրանալ Բրոքեն լեռը։ Երկաթգծի լայնությունը 1 մ է, երկարությունը` 60 կմ։ Իր տեսակով առանձնահատուկ երկաթուղին Վերնիգերոդեն կապում է Նորդհաուզեն քաղաքին` անցնելով Հարցի գողտրիկ բնության միջով։
Կինոյում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Վերնիգերոդեի որոշ վայրեր նախկին ԽՍՀՄ-ի բնակիչներին կարող են ծանոթ լինել «Այդ նույն Մյունհաուզենը» ֆիլմից։ Ֆիլմում երևում են մասնավորապես քաղաքապետարանը, ամրոցը։
- Վերնիգերոդեում են նկարահանվել «Միխայիլ Լոմոնոսով» ֆիլմի որոշ դրվագներ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Alle politisch selbständigen Gemeinden mit ausgewählten Merkmalen am 31.12.2023 (գերմ.) — DESTATIS, 2024.
- ↑ «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 23-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 20-ին.
- ↑ http://www.lio.ru/history.html Արխիվացված 2016-03-04 Wayback Machine «Լույս արևելքում» միսիոներական ընկերության պատմություն