Վացման (նկար)
Վացման | |
---|---|
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Կասպար Դավիդ Ֆրիդրիխ |
տարի | 1820[1] |
բարձրություն | 135 սանտիմետր |
լայնություն | 170 սանտիմետր |
ուղղություն | ռոմանտիզմ |
ժանր | բնանկար |
նյութ | յուղաներկ և կտավ |
գտնվում է | Ազգային հին պատկերասրահ |
հավաքածու | Ազգային հին պատկերասրահ |
սեփականատեր | Martin Brunn?[2] |
պատկերված են
| |
https://www.wga.hu/html/f/friedric/4/403fried.html կայք | |
Ծանոթագրություններ | |
Der Watzmann (Friedrich) Վիքիպահեստում |
«Վացման» (գերմ.՝ Der Watzmann), գերմանացի գեղանկարիչ, գրաֆիկ և գծանկարիչ, գերմանական վաղ ռոմանտիզմի կարկառուն ներկայացուցիչ Կասպար Դավիդ Ֆրիդրիխի նկարներից, որը ստեղծվել է ռոմանտիզմի ժանրում[3]։ Նկարում հեղինակը պատկերել է Վացմանի լեռները, որոնք գտնվում են Բավարիայում։ Կտավը հեղինակը վրձնել է 1824-1825 թվականներին։ Յուղաներկով կտավի չափերն են 133 × 170 սմ։ Այսօր «Վացման» ստեղծագործությունը պահպանվում և ցուցադրվում է Ազգային հին պատկերասրահում (Բեռլինի Թանգարանային կղզի, Գերմանիա)։
Ստեղծման պատմություն և նկարագիր
[խմբագրել | խմբագրել կոդը]«Վացման» ստեղծագործության համար որպես հիմք է ծառայել Կասպար Դավիդ Ֆրիդրիխի աշակերտ Ավգուստ Հենրիխի էտյուդը, որը արվել էր դեպի բավարական Վացման ճանապարհորդության ժամանակ՝ 1822 թվականին։ Էտյուդի հետ եթե համեմատել այս նկարը, ապա կարելի է նկատել, որ հեղինակը սխեմատիկ կերպով է վրձնել կոմպոզիցիան, մասնավորապես երկրաչափական ընդհանրացումով, ինչպես նաև զգալիորեն մեծացրել է ստեղծագործությունը բնօրինակ նկարից։
«Վացման» կտավում, հետին պլանում, վեր է խոյանում Հարցի լեռնազանգվածի Էրդբերքոփֆ գագաթը, որի էտյուդը անձամբ Կասպար Դավիդ Ֆրիդրիխն է արել 1811 թվականին։
Նկարի սիմվոլիզմ
[խմբագրել | խմբագրել կոդը]«Վացման» ստեղծագործությունը նկարելու ժամանակ Կասպար Դավիդ Ֆրիդրիխը հաճախակի էր անդրադառնում էսքիզներին, որոնք ստեղծվել էին նախկինում։ Ֆրիդրիխը նաև երևակայությամբ էր նկարում ու որոշ դետալներ ավելացնում։ Այդպիսի մոտեցումը բացատրվում է այն փաստով, որ գեղանկարներում երբեմն հանդիպում են այնպիսի տեսարաններ ու օբյեկտներ, որոնք երբեք չեն եղել իրականում. այդպես է նաև «Վացման» կտավում։ Ժայռերի հետին մասում երևում են դաշտավայրեր, որոնք պատված են հարուստ բուսածածկույթով. այս տեսարանը իրական չէ։ Նկարում վառ արտահայտված են դեպի վերև ձգվող անկյունագծերը, որոնք հանդիսատեսին թույլ են տալիս, որպեսզի վերջինս տեսնի «բարձրացումը» ծառերից ու ծաղիկներից, որոնք ապրում և մահանում են, մինչև ձյունապատ բարձունքները, որոնք խորհրդանշում են հավերժությունը։ Լուսաստվերային խաղը առաջին պլանում այլաբանորեն խորհրդանշում է աշխարհիկ ունայնությունը, ծործորները, քերծերն ու զառիթափերը խորհրդանշում են կյանքի ուղիի վտանգներն ու խարդավանքները։ Կենտրոնում պատկերպած եղևնին խորհրդանշում է երբևիցե չսպառվող մարդկային հավատը։ «Վացման» կտավի կառուցվածքը այնպիսին է, որ դիտողի հայացքը հիմնականում կենտրոնանում է հետին պլանում վեր խոյացող լեռնագագաթին, որը խորհրդանշում է հանգիստն ու հոգևորությունը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Internetseite Cicero Online vom 29. Juli 200
- Artikel in der Berliner Morgenpost vom 10. Juni 2008(չաշխատող հղում)
- Internetseite Bildindex
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վացման (նկար)» հոդվածին։ |