Jump to content

Վացման

Վացման
Տեսակalpine group?
Երկիր Գերմանիա
ՎարչատարածքՌամզաու և Շյոնաո ամ Կյոնիգսզե
ԲԾՄ2713 մետր
Հարաբերական բարձրություն939 մետր և 953 մետր[1]
Նյութկրաքար
ԼեռնաշղթաQ3612988?
Տեղագրական մեկուսացում15,9 կմ
47°33′16″N 12°55′19″E / 47.554444444444°N 12.921944444444°E / 47.554444444444; 12.921944444444
Քարտեզ
Քարտեզ

Վացման (գերմ.՝ Watzmann, բավ․՝ Watzmo), կենտրոնական լեռնազանգված Բերխտեսգադենյան Ալպերում։ Այն տեղակայված է Բերխտեսգադեն համայնքում՝ Վերին Բավարիայի (Գերմանիա) համանուն ազգային պարկի տարածքում՝ Քյոնիգսզեե լճից արևմուտք և Ավստրիայի սահմանից ոչ հեռու[2]։ Լեռնազանգվածի ամենաբարձր կետը Միտելշպիցե գագաթն է (ծովի մակարդակից 2713 մ բարձրության վրա), որը միաժամանակ Բերխտեսգադենյան Ալպերի գերմանական ողջ հատվածի ամենաբարձր կետն է և Գերմանիայի երրորդ ամենաբարձր լեռը՝ Ցուգշպիցեից (2968 մ) և Հոխվաներից (2746 մ) հետո։ Ընդ որում, ի տարբերություն վերջիններիս, Վացմանն ամբողջությամբ գտնվում է Գերմանիայի տարածքում[3]։

Լեռը հայտնի է իր մոնումենտալ Արևելյան պատով (մոտ 1800 մ բարձրությամբ), ինչն այն դարձնում է Արևելյան Ալպերի ամենաբարձր ժայռային պատը։ Դրա ստորոտին է գտնվում եզակի Սառցե մատուռը՝ Ալպերում ամենացածր դիրք ունեցող շուրջտարյա ձնադաշտը։ Այս ամբողջ բնական համալիրը պաշտոնապես ներառված է Բավարիայի ամենագեղեցիկ գեոտոպների ցանկում։

Հոհեկում առաջին վերելքը գրանցվել է 1784 թվականին, Միտելշպիցում՝ 1799 թվականին (այլ տվյալներով՝ 1800 թվականին), Զյուդշպիցում՝ միայն 1832 թվականին։ Առաջին ձմեռային վերելքը գրանցվել է 1871 թվականի փետրվարի 1-ին[4]։

Վերելքների համար լավագույն ժամանակաշրջանը համարվում է հունիսից սեպտեմբերն ընկած ժամանակահատվածը, որոշ տարիներին՝ հոկտեմբերը։ Ամենահեշտ երթուղին հանդիսանում է Բերխտեսգադեն փոքրիկ քաղաքի մոտ գտնվող Ռամզաու գյուղից սկսվող արշավային արահետը։ Այդ երթուղով անցնելը սովորաբար տևում է 4 ժամ, չանայած փորձառու արշավականը այդ ճանապարհը կարող է անցնել 3-ից պակաս ժամանակում։ Սովորաբար լեռան մոտ արշավականները գիշերում են, իսկ հաջորդ առավոտ բարձրանում գագաթ։

Երկրաբանություն և գեոմորֆոլոգիա

[խմբագրել | խմբագրել կոդը]
Դախշտայնյան կրաքարն արևելյան պատի վրա, տեսարան 3-րդ Երեխայից։ Շատ լավ նկատվում է կրաքարի շերտավորությունը և դրա չափավոր զառիթափ թեքվածությունը դեպի հյուսիս։

Մեծ և Փոքր Վացման լեռների գագաթնային շրջանները կազմված են հողմահարման նկատմամբ համեմատաբար կայուն շերտավոր դախշտայնյան կրաքարից և բարակաշերտ կրաքարից։ Այս նստվածքային ապարները պատկանում են ուշ տրիասին (նորիական հարկ, մոտ 215 մլն տարի առաջ)։ Դախշտայնյան կրաքարի շերտավորությունը հատկապես լավ է նկատվում արևելյան պատի վրա։ Նախկինում հորիզոնական շերտերն այժմ այնտեղ 30–40° անկյան տակ թեքված են դեպի հյուսիս, քանի որ Ալպերի կազմավորման ընթացքում դրանք ծալքավորվել են։ Այս կրաքարային գոյացությունների բնորոշ առանձնահատկությունը բրածոների սակավությունն է։ Միայն տեղ-տեղ են հանդիպում Megalodontidae ընտանիքի անհետացած երկփեղկանի փափկամարմինների զանգվածային կուտակումներ։

Լեռան հիմքը կազմված է համեմատաբար փխրուն դոլոմիտից, այսպես կոչված՝ կառնիական-նորիական դոլոմիտից, ինչպես նաև ռամզաույան դոլոմիտից՝ վետերշտայնյան կրաքարի լատերալ համարժեքից։ Այս լեռնային ապարները երկրաբանական առումով ավելի հին են և թվագրվում են ուշ տրիասի վաղ շրջանով կամ միջին տրիասով (լադինյան և նորիական հարկեր, մոտ 235–220 մլն տարի առաջ): Վացման լեռնազանգվածի բոլոր ապարները ձևավորվել են հնագույն Թետիս օվկիանոսի արևմտյան հատվածի շելֆում և ալպյան լեռնակազմության ընթացքում որպես տեկտոնական ծածկույթ տեղաշարժվել են դեպի հյուսիս՝ զբաղեցնելով իրենց ներկայիս դիրքը։ Դոլոմիտային ապարները մակերևույթ են դուրս գալիս գլխավորապես Մեծ Վացմանի արևմտյան և հարավարևմտյան կողմերում՝ քարակարկառներով լցված Վիմբախտալ հովտում, ինչպես նաև Այսբախտալ (Eisbachtal) հովտի լանջերին։

Քյոնիգսզեե լճի արևմտյան ափին Այսբախ (Eisbach կամ Այսգրաբեն՝ Eisgraben) գետը ձևավորել է արտաբերման կոն, որն էլ ավելի է նեղացրել լճի՝ առանց այդ էլ բավականին նեղ հատվածը։ Այսբախտալ հովտից դեպի արևելք բեկորային նյութի անընդհատ տեղափոխման արդյունքում այս արտաբերման կոնը երկրաբանական մոտ ապագայում, ի վերջո, Քյոնիգսզեե լիճը կբաժանի երկու մասի։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. ↑ https://www.peakbagger.com/peak.aspx?pid=10017
  2. ↑ «Ватцманн». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  3. ↑ «Peakware. Watzmann» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ փետրվարի 7-ին. Վերցված է 2009 թ․ սեպտեմբերի 21-ին.
  4. ↑ ««SummitPost — Watzmann — Climbing, Hiking & Mountaineering»». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հուլիսի 23-ին. {{cite web}}: no-break space character in |title= at position 12 (օգնություն), summitpost.org
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վացման» հոդվածին։