Վահագն Բարխուդարյան
Վահագն Բարխուդարյան | |
---|---|
Ծնվել է | 1919 |
Ծննդավայր | Լիճք, Հայաստան |
Մահացել է | անհայտ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ |
Մասնագիտություն | մանկավարժ |
Պարգևներ և մրցանակներ |
Վահագն Սարգսի Բարխուդարյան (1919, Լիճք, Հայաստան - անհայտ), հայ մանկավարժ, Երկրորդ համաշխարհային պատերազմի Արևելյան ռազմաճակատի («Հայրենական մեծ պատերազմ», 1941-1945) մասնակից։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վահագն Բարխուդարյանը ծնվել է 1919 թվականին Մեղրու շրջանի Լիճք գյուղում։ Ավարտել է շրջկենտրոնի միջնակարգ դպրոցը։ 1937-1941 թվականներին սովորել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտում։ Կարճ ժամանակ Գորիսի շրջանի Շինուհայրի դպրոցում աշխատելուց հետո մեկնել է ռազմաճակատ և ֆաշիստական զավթիչների դեմ կռվել մինչև պատերազմի հաղթական ավարտը։ Բարխուդարյանը մասնակցել է Հյուսիսային Կովկասի, Դոնբասի, Ուկրաինայի ազատագրմանը, կռվել է Հունգարիայում։ 1943 թվականին սովորել է հրամանատարական դասընթացներում և լեյտենանտի կոչումով նշանակվել ականանետային դասակի հրամանատար։ Ծառայել է առաջին գվարդիական բանակի 151-րդ հրաձգային դիվիզիայում։ 1944 թվականին Կարպատներում մղված մարտերից մեկում վիրավորվել է, բուժվելուց հետո վերադարձել իր զորամասը։ Բարխուդարյանը պարգևատրվել է Կարմիր աստղի շքանշանով, «Մարտական ծառայությունների համար», «Խիզախության համար» և ուրիշ մեդալներ։ Մեծ հաղթանակի օրը դիմավորել է Ավստրիայի Գուտենշտեյն քաղաքում[1]։
1946 թվականի հոկտեմբերին Բարխուդարյանը զորացրվել է բանակից։ Երկար տարիներ աշխատել է Ապարանի շրջանի Արագած գյուղի միջնակարգ դպրոցի ուսմասվար, դասավանդել հայոց լեզու և գրականություն։ 1954 թվականից, շուրջ քսանհինգ տարի, աշխատել է Երևանի № 30 երեկոյան միջնակարգ դպրոցում, արժանացել պատվոգրերի և խրախուսանքների։ 1979 թվականին Բարխուդարյանը անցել է կենսաթոշակի[1]։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Կարմիր աստղի շքանշան
- «Մարտական ծառայությունների համար» մեդալ
- «Խիզախության համար» մեդալ