Սուրբ Խաչ եկեղեցի (Դրեզդեն)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սուրբ Խաչ եկեղեցի
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի
ԵրկիրԳերմանիա Գերմանիա
ՏեղագրությունԴրեզդեն[1]
ԴավանանքԳերմանիայի ավետարանչական եկեղեցի
ԹեմEvangelical-Lutheran Church of Saxony?
Հիմնական ամսաթվերը1170
Ժառանգության կարգավիճակմշակութային հուշարձան
ՆվիրվածԿենարար Խաչ
ԱնվանվածԿենարար Խաչ
ՃարտարապետՅոհան Ջորջ Շմիդտ
Ճարտարապետական ոճբարոկկո ճարտարապետություն
Հիմնադրված1170
Փակված էփետրվարի 15, 1945
Բարձրություն94 մետր
Քարտեզ
Քարտեզ
 Kreuzkirche (Dresden) Վիքիպահեստում
kreuzkirche-dresden.de/start.html

Կրոյցկիրխե (գերմ.՝ Kreuzkirche, Սուրբ Խաչ եկեղեցի), Դրեզդենի գլխավոր լյութերական եկեղեցին և Սաքսոնիայի ամենամեծապարփակ եկեղեցին։ Եկեղեցու զանգակատունն իշխող դիրք է գրավում Հին շուկայի համայնապատկերում (չնայած այն տեղակայված է հրապարակից որոշ հեռավորության վրա)։ Կրոյցկիրխեն Սաքսոնիայի հոգևոր երաժշտության կենտրոնն է, որը հայտնի է իր երգեհոնային համերգներով, ինչպես նաև տղաների և պատանիների երգչախմբով։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոմանական բազիլիկա (12-րդ դարի վերջ - 1447)[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներկայիս Կրոյցկիրխեի տեղում գտնվող առաջին պաշտամունքային շինությունը եղել է ռոմանական ոճի բազիլիկ, որը գոյություն է ունեցել շուկայի հրապարակի հարավարևելյան անկյունում, ամենայն հավանականությամբ, նույնիսկ Դրեզդենի պաշտոնական հիմնադրումից առաջ։ Սուրբ Նիկողայոսի եկեղեցին, ինչպես շատ այլ եկեղեցիներ կառուցվել են առևտրականների և ձկնորսների հովանավոր սրբի պատվին, դեպի արևելք գնացող աշխույժ առևտրային ուղիներից մեկի վրա[2]։

1234 թվականին Հենրի III-ի հարսնացուն` Պայծառափայլ Կոնստանցիա Ավստրիացին, որպես օժիտ[3] իր հետ Դրեզդեն է բերում Սուրբ Խաչի մի մասնիկ, որը 1319 թվականին տեղադրվում է հատուկ այդ նպատակով կառուցված մատուռում (լատ.՝ Capella sanctae crucis): Այդ ժամանակներից ի վեր, Սուրբ Նիկողայոսի եկեղեցին դառնում է ուխտագնացության կարևոր վայր, որը 1371 թվականից սկսած աղբյուրներում հիշատակվում է որպես Սուրբ Խաչ եկեղեցի։ 1388 թվականին Մեյսենի եպիսկոպոսը պաշտոնապես օծում է այն, որպես Zum Heiligen Kreuz եկեղեցի։ Ավելի ուշ այդ անունը կրճատվում է դառնալով Kreuzkirche:

Ուշ գոթական Կրոյցկիրխե (1447-1760)[խմբագրել | խմբագրել կոդը]

1447 թվականից բազիլիկան վերակառուցվում է ճարտարապետ Հանս Կումոլլերի ղեկավարությամբ, ուշ գոթական ոճով, որպես եռանավ սրահով եկեղեցի։ Դեռևս նոր վերակառուցված եկեղեցին 1491 թվականի հունիսի 15-ին ավերվում է հրդեհի պատճառով։ Ամենայն հավանականությամբ, Կրոյցկիրխեի վերականգնման նախագիծը հրդեհած եկեղեցու հիմքի վրա մշակվում է զառամյալ Կումոլլերի կողմից[2]։ Վերակառուցված եկեղեցին օծվում է 1499 թվականի աշնանը։

Կրոյցկիրխեում առաջին անգամ անցկացվում է լյութերական արարողություն, որով ներդրվում է Ալբերտինյան Սաքսոնիայի բարեփոխումները[4]։ Այնուհետև փոփոխություններ են կատարվում եկեղեցու ներքին հարդարանքում, 1544 թվականին ծխականների համար տեղադրվում են քարե նստարաններ։

Հանս Վալտեր II-ի զոհասեղանը հին Կրոյցկիրխեում[խմբագրել | խմբագրել կոդը]

Բադ Շանդաու քաղաքում գտնվող Հանս Վալտեր II-ի ստեղծած քարե խորանը, որը 1579-1760 թվականներին գտնվել է Կրոյցկիրխեում

1574-1579 թվականներին Հանս Վալտեր II-ը ստեղծում է երկհարկանի խորան՝ Խորհրդավոր ընթրիքի թեմաներով, որը պետք է փոխարիներ Կրոյցկիրխեում գտնվող բոլոր խորաններին, նախ և առաջ, Մարիամ Աստվածածնի զոհասեղանին։ Դրա վերևի մասում պատկերված են խաչված Հիսուսը և երկու հրեշտակներ, նրանց վրա երկարած Հայր Աստծո օրհնության աջ ձեռքը։ I-ից մինչև X հռոմեական թվանշանները խորհրդանշում են Տասը պատվիրանները։ Հայր Աստծո շուրջը պատկերված են չորս ավետարանիչները։ Խորանի ձախ և աջ կողմում տեղադրված են Հովհաննես Մկրտչի և Պողոս առաքյալի քանդակները։

Հանս Վալտեր II-ի ստեղծագործությունը համարվում է 16-րդ դարի քանդակագործության Դրեզդենի դպրոցի վերջին գլուխգործոցը։ Յոթնամյա պատերազմի ընթացքում ավերված զոհասեղանը Կրոյցկիրխեից տեղափոխվել էր Դրեզդենի Աննենկիրխե եկեղեցի և ավելի քան մեկ դար գտնվում էր այնտեղ, որից հետո 1906 թվականից այն գտնվում է Սաքսոնական Շվեյցարիայի Բադ Շանդաու քաղաքի եկեղեցում։

Զանգակատան շինարարություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1579–1584 թվականներին կառուցվում է արտասովոր քառակուսի զանգակատուն 91,81 մ բարձրությամբ, որը պսակավորված էր եռակողմ ճակտոնապատով։ Ավելի քան մեկուկես դար այն համարվում էր Դրեզդենի գլխավոր խորհրդանիշներից մեկը։ Կրոյցկիրխեի եկեղեցու և տպավորիչ զանգակատան տեսարանն իր կտավների վրա անմահացրել է Բերնարդո Բելլոտտոն։

Կրոյցկիրխեն 1750 թվականին։ Կանալետտո (դետալ)

Յոթնամյա պատերազմի ընթացքում (1760 թվականի ապրիլի 14-ին Պրուսական հրետանու գնդակոծման հետևանքով) Կրոյցկիրխեն լուրջ վնասներ կրեց[3], իսկ 5 տարի անց, երբ Հանս Գեորգ Շմիդտի (Գեորգ Բերի աներձագը) ղեկավարությամբ ամբողջ թափով վերականգնման աշխատանքները սկսվեցին, այդ ընթացքում երկարատև տեղատարափ անձրևների հետևանքով զանգակատան մի հատվածը փլուզվեց[2], որից հետո քանդվեցին նրա մնացորդները։ Դա մեծապես խարխլեց Շմիդտի նկատմամբ քաղաքային իշխանությունների վստահությունը և ուժեղացավ դասականության դպրոցի ազդեցությունը, որը ղեկավարում էր Ֆրիդրիխ Ավգուստ Կրուբզացիուսը։

Երկարատև սակարկությունների արդյունքում Կրոյցկիրխեի զանգակատան կառուցման համար մրցույթում հաղթեց դասականության ներկայացուցիչ Քրիստիան Ֆրիդրիխ Էկսները, ով բարոկկո ոճով կազմեց եկեղեցու ներքին հարդարման աշխատանքների պլանները։ 1769 թվականին կուրֆյուրստ և ապագա թագավոր Ֆրեդերիկ Ավգուստը շինարարությունը և Կրոյցկիրխեի կառուցումը վերահանձնարարեց Կրուբզացիուսի աշակերտ Կ. Գ. Այգենվիլլիգին, ընդ որում Շմիդտի կազմած ներքին հարդարման պլանները թողնելով անփոփոխ։

Եկեղեցու կառուցումը նորից դժվարությունների հանդիպեց, հատկապես զանգակատան նախագծման և կառուցման ընթացքում, որը վերջապես, կառուցվեց մի քանի տասնամյակից հետո, 94 մետր բարձրությամբ բարոկկո ոճով զանգակատան կերտմամբ։ Միայն 1792 թվականին փլուզումից գրեթե 30 տարի անց, օծվեց նոր Կրոյցկիրխեն (որի շինարարությունը գանձարանին արժեցավ ընդհանուր գումարով 415,527 թալեր)[3]։

Նորագույն ժամանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Bernardo Bellotto, il Canaletto — Le rovine del vecchio Kreuzkirche, 1765 (դետալ)

1892 թվականի հրդեհի հետևանքով ամբողջովին այրվեց եկեղեցու նավը։ Դրեզդենում գործող «Շիլլինգ & Գրեբներ» ճարտարապետների ընկերությունը, որը, ի թիվս այլ բաների, մշակում էր Ցիոնկիրհի (Zionkirche) նախագիծը, նախապատրաստեց Կրոյցկիրխեի մոդեռն ոճով վերականգնման, արդիականացման և ներքին հարդարման պլանը։ Քանդակագործների և ճարտարապետների կատարած աշխատանքներն անդառնալիորեն կորան 1945 թվականի փետրվարին, երբ Կրոյցկիրխեն նորից հրդեհվեց հրկիզվող ռումբերից։ Արդեն 1955 թվականին, Կրոյցկիրխեն օծվեց իր պատմության մեջ 4-րդ անգամ։ Վերականգնողական աշխատանքների ընթացքում նախապատվությունը տրվեց Կրոյցկիրխեի արտաքին տեսքի պատմականորեն ճշգրիտ վերականգնմանը։ Հիմնականում այդ պատճառով ներքին հարդարման աշխատանքների ընթացքում ընտրվեց խիստ ճգնավորական ոճը։ Կոշտ սվաղով ծածկված պատերը ամբողջովին զուրկ էին դեկորատիվ տարրերից[5]։

1980-ականների «խաղաղ հեղափոխության» իրադարձությունների ժամանակ Կրոյցկիրխեն դարձավ Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետությունում քաղաքացիական իրավունքների համար պայքարի կարևոր կենտրոն։ Հենց այստեղ էր, որ 1982 թվականից ի վեր «Խաղաղության ֆորում»-ն անցկացվում է փետրվարի 13-ին (հարմարեցվել է Դրեզդենի ռմբակոծման ամսաթվին), իսկ 1989 թվականին Կրոյցկիրխեն իր պատերի ներսում ցուցարարներին և ակտիվիստներին պաշտպանեց իշխանություններից[6]։ Գերմանիայի պատմության մեջ Կրոյցկիրխենի դերի մասին հիշեցնում է մուտքի մոտ գտնվող պատկերաքանդակային հուշարձանը։ Իրար հավասարակշռող երկու խորանարդ պատկերաքանդակները հիշեցնում են այն մասին, որ նույնիսկ թվացյալ անսասան իրերը կարող են շարժվել մեկ գիշերվա ընթացքում[7]։

Հրդեհ եկեղեցում 1897 թվականին

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կրոյցկիրխենի ճարտարապետական լուծումն առանձնանում է խստությամբ։ Նրա ճարտարապետության մեջ չկա ոչ Ֆրաուենկիրխեի վիթխարակերտությունը, ոչ էլ Հոֆկիրհեի ուշ-բարոկկոյական հմայքը, բայց ֆրանսիական բարոկկոյի ազդեցությունը, որն ավելի շատ կենտրոնացած էր դասականության ձևերի վրա, նկատելի է[4]։ Հատկապես առանձնանում է զանգվածային ատտիկան, որը թաքնվում է տանիքի ստորին մասում։

Ներքին հարդարանքն առաջին հերթին առանձնանում է հրաշքով 1945 թվականի փետրվար ամսվա հրդեհից փրկված, նկարիչ Անտոն Դիտրիխի «Քրիստոսի խաչելությունը» (1900) Խորանի նկարը, ինչպես նաև միաժամանակ ստեղծված բարձրաքանդակը, որտեղ պատկերված է առաջին լյութերական արարողությունը Դրեզդենում (Հեյնրիխ Էպլերի աշխատանքը)։

Կրոյցկիրխեի հինգ զանգերը ձուլվել են 1899 թվականին «Ֆրանց Շիլինգ և որդիներ» արհեստավորների ընտանիքի կողմից, իսկ ամենամեծ բրոնզե զանգը կշռում է 11,5 տոննա։

Կրոյցկիրխեի երգչախումբ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կրոյցկիրխեն հայտնի է տղաների և պատանիների երգչախմբով, որը շրջագայել է աշխարհով մեկ։ Երգչախմբի պատմությունը հասնում է դարերի խորքը, այն ստեղծվել է ավելի քան 700 տարի առաջ։ Երգչախումբը բաղկացած է 9-ից 19 տարեկան 140 տղաներից և պատանիներից։ Եկեղեցու դիմաց կանգնեցված է երգչախմբի 22-րդ երգչի Յուլիուս Օտտոյի հուշարձանը, աշակերտներով շրջապատված։ Վերջերս եկեղեցու մոտակայքում բացվեց մեր օրերի տղաների երգչախմբի խմբերգչի նրբագեղ քանդակը[6]։

Այլ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կրոյցկիրխեն հանրության համար բաց է երկուշաբթիից շաբաթ, ժամը 10:00-18:00–ը, կիրակի՝ ժամը 12:00-ից: Փոքր վարձավճարով հնարավոր է բարձրանալ զանգակատան դիտակետային հրապարակ, որը գտնվում է 54 մետր բարձրության վրա։ Եկեղեցու կողային նավերում հաճախ անցկացվում են ցուցահանդեսներ։ Հետաքրքիր են նաև երեքշաբթի և հինգշաբթի ժամը 15:00-ին անցկացվող «Երգեհոն ուղիղ երեքին» (գերմ.՝ Orgel punkt drei) երգեհոնային համերգները։ Այդ համերգների ժամանակ հնարավորություն է ստեղծված լսելու Jehmlich ընկերության Դրեզդենի ամենամեծ երգեհոնից հնչող երաժշտությունը։ Համերգները տևում են տասնհինգ րոպե և անցկացվում են ապրիլից մինչև նոյեմբերի վերջը[6]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. archINFORM (գերմ.) — 1994.
  2. 2,0 2,1 2,2 Fritz Löffler: «Das alte Dresden. Geschichte seiner Bauten» E. A. Seemann Verlag, Leipzig, 17 изд. 2012. — С. 22 — ISBN 978-3-86502-000-0
  3. 3,0 3,1 3,2 Jürgen Helfricht: «Dresden und seine Kirchen» Evangelische Verlagsanstalt, Leipzig, 2005. — С. 33-34 — ISBN 3-374-02261-8
  4. 4,0 4,1 Matthias Donath, Jörg Blobelt. Altes&neues Dresden. 100 Bauwerke erzählen Geschichte einer Stadt. — 1-ое издание. — Dresden: edition Sächsische Zeitung SAXO’Phon GmbH, 2007. — С. 56 — ISBN 978-3-938325-41-4.
  5. Claudia Gründig: «Dresden. Früher und Heute» KOMET Verlag, Köln, 2012. — С. 15 — ISBN 978-3-86941-597-0
  6. 6,0 6,1 6,2 Peter Hirth, Ulricke Striebeck: «Highlights Dresden» Bruckmann Verlag, München, 2014. — С. 67 — ISBN 978-3-7654-6776-9
  7. Daniel Jacob. Skulpturenführer Dresden. Von Aphrodite bis Zwillingsbrunnen. — 2-ое издание. — Dresden: Verlag Daniel Jacob, 2011. — С. 49. — ISBN 978-3-942095-05-2.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սուրբ Խաչ եկեղեցի (Դրեզդեն)» հոդվածին։