Հոգևոր երաժշտություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Հոգևոր երաժշտություն, չափազանց բազմաժանր և բազմաձև է։ Հաճախ անմիջական կապ չունենալով եկեղեցական արարողության հետ՝ կատարվում է նաև եկեղեցում, երբեմն նույնացվում բուն եկեղեցական երաժշտությանը (քրիստոնեական ժամասացությանն ուղեկցող երաժշտություն)։ Արտաեկեղեցական հոգևոր երգերը հատկանշական են բազմաթիվ ազգերի ժողովրդական արվեստին. հայտնի են իտալական լաուդաները, իսպանական կանտիգասները, չեխական հուսյան երգերը, ռուսական և ուկրաինական կանտերը, ամերիկյան սևամորթների սպիրիչուելները, մերձավորարևելյան հոգևոր բայաթիները և այլն։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պրոֆեսիոնալ հոգևոր երաժշտության մեջ դեռևս Վաղ Վերածննդի դարաշրջանից կարևոր նշանակություն են ունեցել մեծակտավ ժանրերը՝ մեսսան, ռեքվիեմը, պասսիոնը, խորալը, օրատորիան, մոտետը, կանտատը և այլն։ Աստվածաշնչյան-ավետարանական տեքստերը դարձել են մարդկային խոր ապրումների դրսևորման, կյանքի ու մահվան և հավիտենական այլ խնդիրների արծարծման հիմքը։ Այդպիսի երկեր են ստեղծել Յոհան Բախը, Գեորգ Հենդելը, Յոզեֆ Հայդնը, Լյուդվիգ վան Բեթհովենը, Ջուզեպպե Վերդին, Յոհաննես Բրամսը, Շառլ Գունոն, Միխայիլ Գլինկան, Սերգեյ Ռախմանինովը և ուրիշներ։ Հայ իրականության մեջ հոգևոր երաժշտությունը ձևավորվել է IV–V դարերում։ Քրիստոնեության ընդունումը որպես պետական կրոն (301) և գրերի գյուտը (405) խթանել են հոգևոր երգարվեստի զարգացումը։ Առաջին ինքնուրույն հոգևոր երգերը կցուրդներն են (V դար), որոնցով սկզբնավորվել է հայ ազգային շարականերգությունը։ Կցուրդներն ավանդաբար վերագրվել են Մեսրոպ Մաշտոցին, Սահակ Ա Պարթևին, Մովսես Խորենացուն և Հովհաննես Ա Մանդակունուն։ Հնագույն շարականներն ստեղծվել են հունական նմանատիպ երգերի օրինակով և շարադրվել ազատ։ Չափածո շարականների զարգացմանը նպաստել է հատկապես Ներսես Շնորհալին։ Նախապես շարականներն ազատ երգել են եկեղեցում։ Սակայն VIII դարում սահմանվել է ժամերգության պաշտոնական երգացանկ՝ կանոն, որից դուրս մնացած շարականները համարվել են անվավեր կամ պարականոն։ Այդ կանոնի վավերացումը կապվում է Ստեփանոս Սյունեցու անվան հետ։ Նշանավոր շարականագիրներից են Անանիա Շիրակացին, Սահակդուխտը, Գրիգոր Մագիստրոս Պահլավունին, Ներսես Լամբրոնացին, Գրիգոր Սկևռացին, Կիրակոս Երզնկացին և ուրիշներ։

Սաղմոսների գիրքը կամ Սաղմոսարանը կոչվում է «Գիրք սաղմոսաց Դավթի», որտեղ 151 սաղմոսներից 73-ի խորագրերում հիշատակված է հրեաների Դավիթ թագավորի անունը։ Նա է հիմնական հեղինակն ու կազմողը. հիշատակված են նաև մյուս հեղինակները (Մովսես, Սողոմոն, Ասափ և ուրիշներ)։ Միջնադարում Սաղմոսարանը եղել է դասագիրք։