Սուրբ Խաչ եկեղեցի (Դրեզդեն)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սուրբ Խաչ եկեղեցի
Dresden Kreuzkirche 2008.jpg
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի[1]
ԵրկիրԳերմանիա Գերմանիա
ՏեղագրությունԴրեզդեն[1]
Ժառանգության կարգավիճակմշակութային հուշարձան
ԱնվանվածԿենարար Խաչ
Ճարտարապետական նկարագրություն
ՃարտարապետՅոհան Ջորջ Շմիդտ
Ճարտարապետական ոճբարոկկո ճարտարապետություն
Հիմնադրված1170
Բարձրություն94 մետր
Կոորդինատներ: 51°2′55.6800001″ հս․ լ. 13°44′21.840000099999″ ավ. ե. / 51.048800000028° հս․. լ. 13.73940000002777673° ավ. ե. / 51.048800000028; 13.73940000002777673
kreuzkirche-dresden.de/start.html

Կրոյցկիրխե (գերմ.՝ Kreuzkirche, Սուրբ Խաչ եկեղեցի), Դրեզդենի գլխավոր լյութերական եկեղեցին և Սաքսոնիայի ամենամեծապարփակ եկեղեցին: Եկեղեցու զանգակատունն իշխող դիրք է գրավում Հին շուկայի համայնապատկերում (չնայած այն տեղակայված է հրապարակից որոշ հեռավորության վրա): Կրոյցկիրխեն Սաքսոնիայի հոգևոր երաժշտության կենտրոնն է, որը հայտնի է իր երգեհոնային համերգներով, ինչպես նաև տղաների և պատանիների երգչախմբով:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոմանական բազիլիկա (12-րդ դարի վերջ - 1447)[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներկայիս Կրոյցկիրխեի տեղում գտնվող առաջին պաշտամունքային շինությունը եղել է ռոմանական ոճի բազիլիկ, որը գոյություն է ունեցել շուկայի հրապարակի հարավարևելյան անկյունում, ամենայն հավանականությամբ, նույնիսկ Դրեզդենի պաշտոնական հիմնադրումից առաջ: Սուրբ Նիկողայոսի եկեղեցին, ինչպես շատ այլ եկեղեցիներ կառուցվել են առևտրականների և ձկնորսների հովանավոր սրբի պատվին, դեպի արևելք գնացող աշխույժ առևտրային ուղիներից մեկի վրա[2]:

1234 թվականին Հենրի III-ի հարսնացուն` Պայծառափայլ Կոնստանցիա Ավստրիացին, որպես օժիտ[3] իր հետ Դրեզդեն է բերում Սուրբ Խաչի մի մասնիկ, որը 1319 թվականին տեղադրվում է հատուկ այդ նպատակով կառուցված մատուռում (լատ.՝ Capella sanctae crucis): Այդ ժամանակներից ի վեր, Սուրբ Նիկողայոսի եկեղեցին դառնում է ուխտագնացության կարևոր վայր, որը 1371 թվականից սկսած աղբյուրներում հիշատակվում է որպես Սուրբ Խաչ եկեղեցի: 1388 թվականին Մեյսենի եպիսկոպոսը պաշտոնապես օծում է այն, որպես Zum Heiligen Kreuz եկեղեցի: Ավելի ուշ այդ անունը կրճատվում է դառնալով Kreuzkirche:

Ուշ գոթական Կրոյցկիրխե (1447-1760)[խմբագրել | խմբագրել կոդը]

1447 թվականից բազիլիկան վերակառուցվում է ճարտարապետ Հանս Կումոլլերի ղեկավարությամբ, ուշ գոթական ոճով, որպես եռանավ սրահով եկեղեցի: Դեռևս նոր վերակառուցված եկեղեցին 1491 թվականի հունիսի 15-ին ավերվում է հրդեհի պատճառով: Ամենայն հավանականությամբ, Կրոյցկիրխեի վերականգնման նախագիծը հրդեհած եկեղեցու հիմքի վրա մշակվում է զառամյալ Կումոլլերի կողմից[2]: Վերակառուցված եկեղեցին օծվում է 1499 թվականի աշնանը:

Կրոյցկիրխեում առաջին անգամ անցկացվում է լյութերական արարողություն, որով ներդրվում է Ալբերտինյան Սաքսոնիայի բարեփոխումները[4]: Այնուհետև փոփոխություններ են կատարվում եկեղեցու ներքին հարդարանքում, 1544 թվականին ծխականների համար տեղադրվում են քարե նստարաններ:

Հանս Վալտեր II-ի զոհասեղանը հին Կրոյցկիրխեում[խմբագրել | խմբագրել կոդը]

Բադ Շանդաու քաղաքում գտնվող Հանս Վալտեր II-ի ստեղծած քարե խորանը, որը 1579-1760 թվականներին գտնվել է Կրոյցկիրխեում

1574-1579 թվականներին Հանս Վալտեր II-ը ստեղծում է երկհարկանի խորան՝ Խորհրդավոր ընթրիքի թեմաներով, որը պետք է փոխարիներ Կրոյցկիրխեում գտնվող բոլոր խորաններին, նախ և առաջ, Մարիամ Աստվածածնի զոհասեղանին: Դրա վերևի մասում պատկերված են խաչված Հիսուսը և երկու հրեշտակներ, նրանց վրա երկարած Հայր Աստծո օրհնության աջ ձեռքը: I-ից մինչև X հռոմեական թվանշանները խորհրդանշում են Տասը պատվիրանները: Հայր Աստծո շուրջը պատկերված են չորս ավետարանիչները: Խորանի ձախ և աջ կողմում տեղադրված են Հովհաննես Մկրտչի և Պողոս առաքյալի քանդակները:

Հանս Վալտեր II-ի ստեղծագործությունը համարվում է 16-րդ դարի քանդակագործության Դրեզդենի դպրոցի վերջին գլուխգործոցը: Յոթնամյա պատերազմի ընթացքում ավերված զոհասեղանը Կրոյցկիրխեից տեղափոխվել էր Դրեզդենի Աննենկիրխե եկեղեցի և ավելի քան մեկ դար գտնվում էր այնտեղ, որից հետո 1906 թվականից այն գտնվում է Սաքսոնական Շվեյցարիայի Բադ Շանդաու քաղաքի եկեղեցում:

Զանգակատան շինարարություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1579–1584 թվականներին կառուցվում է արտասովոր քառակուսի զանգակատուն 91,81 մ բարձրությամբ, որը պսակավորված էր եռակողմ ճակտոնապատով: Ավելի քան մեկուկես դար այն համարվում էր Դրեզդենի գլխավոր խորհրդանիշներից մեկը: Կրոյցկիրխեի եկեղեցու և տպավորիչ զանգակատան տեսարանն իր կտավների վրա անմահացրել է Բերնարդո Բելլոտտոն:

Կրոյցկիրխեն 1750 թվականին: Կանալետտո (դետալ)

Յոթնամյա պատերազմի ընթացքում (1760 թվականի ապրիլի 14-ին Պրուսական հրետանու գնդակոծման հետևանքով) Կրոյցկիրխեն լուրջ վնասներ կրեց[3], իսկ 5 տարի անց, երբ Հանս Գեորգ Շմիդտի (Գեորգ Բերի աներձագը) ղեկավարությամբ ամբողջ թափով վերականգնման աշխատանքները սկսվեցին, այդ ընթացքում երկարատև տեղատարափ անձրևների հետևանքով զանգակատան մի հատվածը փլուզվեց[2], որից հետո քանդվեցին նրա մնացորդները: Դա մեծապես խարխլեց Շմիդտի նկատմամբ քաղաքային իշխանությունների վստահությունը և ուժեղացավ դասականության դպրոցի ազդեցությունը, որը ղեկավարում էր Ֆրիդրիխ Ավգուստ Կրուբզացիուսը:

Երկարատև սակարկությունների արդյունքում Կրոյցկիրխեի զանգակատան կառուցման համար մրցույթում հաղթեց դասականության ներկայացուցիչ Քրիստիան Ֆրիդրիխ Էկսները, ով բարոկկո ոճով կազմեց եկեղեցու ներքին հարդարման աշխատանքների պլանները: 1769 թվականին կուրֆյուրստ և ապագա թագավոր Ֆրեդերիկ Ավգուստը շինարարությունը և Կրոյցկիրխեի կառուցումը վերահանձնարարեց Կրուբզացիուսի աշակերտ Կ. Գ. Այգենվիլլիգին, ընդ որում Շմիդտի կազմած ներքին հարդարման պլանները թողնելով անփոփոխ:

Եկեղեցու կառուցումը նորից դժվարությունների հանդիպեց, հատկապես զանգակատան նախագծման և կառուցման ընթացքում, որը վերջապես, կառուցվեց մի քանի տասնամյակից հետո, 94 մետր բարձրությամբ բարոկկո ոճով զանգակատան կերտմամբ: Միայն 1792 թվականին փլուզումից գրեթե 30 տարի անց, օծվեց նոր Կրոյցկիրխեն (որի շինարարությունը գանձարանին արժեցավ ընդհանուր գումարով 415,527 թալեր)[3]:

Նորագույն ժամանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Bernardo Bellotto, il Canaletto — Le rovine del vecchio Kreuzkirche, 1765 (դետալ)

1892 թվականի հրդեհի հետևանքով ամբողջովին այրվեց եկեղեցու նավը: Դրեզդենում գործող «Շիլլինգ & Գրեբներ» ճարտարապետների ընկերությունը, որը, ի թիվս այլ բաների, մշակում էր Ցիոնկիրհի (Zionkirche) նախագիծը, նախապատրաստեց Կրոյցկիրխեի մոդեռն ոճով վերականգնման, արդիականացման և ներքին հարդարման պլանը: Քանդակագործների և ճարտարապետների կատարած աշխատանքներն անդառնալիորեն կորան 1945 թվականի փետրվարին, երբ Կրոյցկիրխեն նորից հրդեհվեց հրկիզվող ռումբերից: Արդեն 1955 թվականին, Կրոյցկիրխեն օծվեց իր պատմության մեջ 4-րդ անգամ: Վերականգնողական աշխատանքների ընթացքում նախապատվությունը տրվեց Կրոյցկիրխեի արտաքին տեսքի պատմականորեն ճշգրիտ վերականգնմանը: Հիմնականում այդ պատճառով ներքին հարդարման աշխատանքների ընթացքում ընտրվեց խիստ ճգնավորական ոճը: Կոշտ սվաղով ծածկված պատերը ամբողջովին զուրկ էին դեկորատիվ տարրերից[5]:

1980-ականների «խաղաղ հեղափոխության» իրադարձությունների ժամանակ Կրոյցկիրխեն դարձավ Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետությունում քաղաքացիական իրավունքների համար պայքարի կարևոր կենտրոն: Հենց այստեղ էր, որ 1982 թվականից ի վեր «Խաղաղության ֆորում»-ն անցկացվում է փետրվարի 13-ին (հարմարեցվել է Դրեզդենի ռմբակոծման ամսաթվին), իսկ 1989 թվականին Կրոյցկիրխեն իր պատերի ներսում ցուցարարներին և ակտիվիստներին պաշտպանեց իշխանություններից[6]: Գերմանիայի պատմության մեջ Կրոյցկիրխենի դերի մասին հիշեցնում է մուտքի մոտ գտնվող պատկերաքանդակային հուշարձանը: Իրար հավասարակշռող երկու խորանարդ պատկերաքանդակները հիշեցնում են այն մասին, որ նույնիսկ թվացյալ անսասան իրերը կարող են շարժվել մեկ գիշերվա ընթացքում[7]:

Հրդեհ եկեղեցում 1897 թվականին

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կրոյցկիրխենի ճարտարապետական լուծումն առանձնանում է խստությամբ: Նրա ճարտարապետության մեջ չկա ոչ Ֆրաուենկիրխեի վիթխարակերտությունը, ոչ էլ Հոֆկիրհեի ուշ-բարոկկոյական հմայքը, բայց ֆրանսիական բարոկկոյի ազդեցությունը, որն ավելի շատ կենտրոնացած էր դասականության ձևերի վրա, նկատելի է[4]: Հատկապես առանձնանում է զանգվածային ատտիկան, որը թաքնվում է տանիքի ստորին մասում:

Ներքին հարդարանքն առաջին հերթին առանձնանում է հրաշքով 1945 թվականի փետրվար ամսվա հրդեհից փրկված, նկարիչ Անտոն Դիտրիխի «Քրիստոսի խաչելությունը» (1900) Խորանի նկարը, ինչպես նաև միաժամանակ ստեղծված բարձրաքանդակը, որտեղ պատկերված է առաջին լյութերական արարողությունը Դրեզդենում (Հեյնրիխ Էպլերի աշխատանքը):

Կրոյցկիրխեի հինգ զանգերը ձուլվել են 1899 թվականին «Ֆրանց Շիլինգ և որդիներ» արհեստավորների ընտանիքի կողմից, իսկ ամենամեծ բրոնզե զանգը կշռում է 11,5 տոննա:

Kreuzkirche Dresden Altar 2.JPG

Կրոյցկիրխեի երգչախումբ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կրոյցկիրխեն հայտնի է տղաների և պատանիների երգչախմբով, որը շրջագայել է աշխարհով մեկ: Երգչախմբի պատմությունը հասնում է դարերի խորքը, այն ստեղծվել է ավելի քան 700 տարի առաջ: Երգչախումբը բաղկացած է 9-ից 19 տարեկան 140 տղաներից և պատանիներից: Եկեղեցու դիմաց կանգնեցված է երգչախմբի 22-րդ երգչի Յուլիուս Օտտոյի հուշարձանը, աշակերտներով շրջապատված: Վերջերս եկեղեցու մոտակայքում բացվեց մեր օրերի տղաների երգչախմբի խմբերգչի նրբագեղ քանդակը[6]:

Այլ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կրոյցկիրխեն հանրության համար բաց է երկուշաբթիից շաբաթ, ժամը 10:00-18:00–ը, կիրակի՝ ժամը 12:00-ից: Փոքր վարձավճարով հնարավոր է բարձրանալ զանգակատան դիտակետային հրապարակ, որը գտնվում է 54 մետր բարձրության վրա: Եկեղեցու կողային նավերում հաճախ անցկացվում են ցուցահանդեսներ: Հետաքրքիր են նաև երեքշաբթի և հինգշաբթի ժամը 15:00-ին անցկացվող «Երգեհոն ուղիղ երեքին» (գերմ.՝ Orgel punkt drei) երգեհոնային համերգները: Այդ համերգների ժամանակ հնարավորություն է ստեղծված լսելու Jehmlich ընկերության Դրեզդենի ամենամեծ երգեհոնից հնչող երաժշտությունը: Համերգները տևում են տասնհինգ րոպե և անցկացվում են ապրիլից մինչև նոյեմբերի վերջը[6]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 archINFORM — 1994.
  2. 2,0 2,1 2,2 Fritz Löffler: «Das alte Dresden. Geschichte seiner Bauten» E. A. Seemann Verlag, Leipzig, 17 изд. 2012. — С. 22 — ISBN 978-3-86502-000-0
  3. 3,0 3,1 3,2 Jürgen Helfricht: «Dresden und seine Kirchen» Evangelische Verlagsanstalt, Leipzig, 2005. — С. 33-34 — ISBN 3-374-02261-8
  4. 4,0 4,1 Matthias Donath, Jörg Blobelt. Altes&neues Dresden. 100 Bauwerke erzählen Geschichte einer Stadt. — 1-ое издание. — Dresden: edition Sächsische Zeitung SAXO’Phon GmbH, 2007. — С. 56 — ISBN 978-3-938325-41-4.
  5. Claudia Gründig: «Dresden. Früher und Heute» KOMET Verlag, Köln, 2012. — С. 15 — ISBN 978-3-86941-597-0
  6. 6,0 6,1 6,2 Peter Hirth, Ulricke Striebeck: «Highlights Dresden» Bruckmann Verlag, München, 2014. — С. 67 — ISBN 978-3-7654-6776-9
  7. Daniel Jacob. Skulpturenführer Dresden. Von Aphrodite bis Zwillingsbrunnen. — 2-ое издание. — Dresden: Verlag Daniel Jacob, 2011. — С. 49. — ISBN 978-3-942095-05-2.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]