Jump to content

Սոցիալականացում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Սոցիալականացում, անհատի վրա սոցիալական միջավայրի ներգործության գործընթաց, որի ընթացքում մշակվում են սոցիալական գործողության սուբյեկտ լինելու որակներ։ Լայն իմաստով սոցիալականացումն ըմբռնվում է որպես սոցիալական ներգործության բոլոր կողմերի և սոցիալական բոլոր որակների ձևավորման արդյունք, նեղ իմաստով՝ այն ամենը, ինչ կապված է անհատի հիմնական որակների ձեռքբերման և անձնավորության վերածվելու հետ։ Ըստ մի այլ տեսակետի, սոցիալականացումը սոցիալական նպատակների յուրացման պրոցեսն է, իսկ այդ նպատակներին հետևելու աստիճանը որոշում է սոցիալականացվածության մակարդակը։ Սոցիալականացումը դիտվում է ֆիլոգենետիկական տեսանկյունով՝ որպես մարդու սեռային հատկանիշների ձևավորում, որը համընկնում է համաշխարհային-պատմական պրոցեսի հետ, և օնտոգենետիկական տեսանկյունով՝ որպես կոնկրետ տիպի անձնավորության ձևավորում։ Որոշ հեղինակներ գտնում են, որ սոցիալականացումը կատարվում է ողջ կյանքի ընթացքում՝ փուլ առ փուլ, մյուսները՝ միայն սոցիալապես անհրաժեշտի ներանձնացման շրջանում, երբ սոցիալականը վերնաշենք է դառնում վարքի ժառանգական մեխանիզմների վրա և վերափոխում դրանք, իսկ անհատը հետագայում, որպես անձնավորություն, սկսում է սոցիալական հարմարման ընթացքը։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 26