Նախնական կրթությունն ստացել է Շուշիի ռեալական ուսումնարանում։ 1913 թվականին ավարտել է Մոնպելիեի (Ֆրանսիա) համալսարանի բժշկական ֆակուլտետը։ Վերադառնում է հայրենիք, աշխատում Բաքվի նավթահանքերի հիվանդանոցի ներքին հիվանդությունների բաժանմունքում, ապա՝ հակախոլերային լազարեթում։ Այնուհետև նշանակվում է Անդրկովկասի երկաթգծի հարավային տեղամասի առողջապահության բաժանմունքի վարիչ։ Նրա անմիջական մասնակցությամբ հիմնադրվում է Ալեքսանդրապոլի երկաթգծի հիվանդանոցը։ Գյանջեցյանը գլխավորում է նրա ներքին հիվանդությունների բաժանմունքը։ Հետագայում տեղափոխվելով Թիֆլիս՝ աշխատել է երկաթգծի հիվանդանոցի թոքախտային բաժանմունքում և դիսպանսերում՝ վարիչի պաշտոնով։ Մասնագիտական խոր պատրաստություն է ստանում Լենինգրադի հակաթոքախտային ինստիտուտում ու դիսպանսերում (1923-1924): Կրկին աշխատել է Բաքվի երկաթգծի հիվանդանոցում։ Այնուհետև նշանակվել է ԼՂԻՄ առողջապահության բաժնի վարիչ։ 1933-1935 եղել է Երևանի բժշկական ինստիտուտի սանիտարական ֆակուլտետի թերապիայի, 1935-1954՝ հոսպիտալային թերապիայի ամբիոնների վարիչ։ 1938-1941 եղել է այդ ինստիտուտի գիտական և ուսումնական գծով տնօրենի տեղակալ, 1944-1945՝ տնօրեն։
Նրա գիտական աշխատությունները վերաբերվում են տուբերկուլոզի, մալարիայի, ստամոքս-աղիքային համակարգի հիվանդություններին։
Ընտրվել է ՀԽՍՀ գերագույն խորհրդի 1-ին, 2-րդ, 3-րդ գումարման պատգամավոր, պարգևատևվել է Կարմիր աստղի շքանշանով ու շատ մեդալներով։ Նրա անունով է կոչվել Դիլիջանի առաջին առողջարանը[3]։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 110)։