Jump to content

Ռոյ Սալիվան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

անգլ.՝ Roy Sullivan
Ծնվել էփետրվարի 7, 1912(1912-02-07)
ԾննդավայրGreene County, Վիրջինիա, ԱՄՆ
Մահացել էսեպտեմբերի 28, 1983(1983-09-28) (71 տարեկան)
Մահվան վայրDooms, Augusta County, Վիրջինիա, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունpark ranger

Ռոյ Քլիվլենդ Սալիվան (անգլ.՝ Roy Cleveland Sullivan, փետրվարի 7, 1912(1912-02-07), Greene County, Վիրջինիա, ԱՄՆ - սեպտեմբերի 28, 1983(1983-09-28), Dooms, Augusta County, Վիրջինիա, ԱՄՆ), զբոսայգիների ամերիկացի պահակ, որն աշխատել է Վիրջինիա նահանգի Շենանդոա ազգային զբոսայգում։ 1942-1977 թվականների ընթացքում Սալիվանը յոթ անգամ կայծակի հարված է ստացել և ողջ մնացել։ Այդ պատճառով նա ձեռք է բերել «Մարդկային կայծակնային հաղորդիչ» և «Շանթարգել մարդ» մականունները։ Սալիվանը Գինեսի ռեկորդների գրքում գրանցվել է որպես ամենաշատ կայծակնահարված մարդ[1]։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոյը ծնվել է Վիրջինիա նահանգի Գրին քաղաքում 1912 թվականի փետրվարի 7-ին։ Շենանդուա ազգային զբոսայգում սկսել է աշխատել որպես անտառապահ 1936 թվականին[2]։ Սալիվանին նկարագրել են որպես լայն, կոպիտ դեմքով կռվարար մարդու, որը նման էր դերասան Ջին Հեքմենին։ Հետագայում մարդիկ խուսափել են նրանից, որովհետև վախեցել են կայծակնահարվելուց, և դա տխրեցրել է նրան։ Նա մի անգամ պատմել է, որ «ես մի օր գլխավոր անտառապահի հետ քայլում էի, երբ հեռում կայծակ խփեց։ Գլխավոր անտառապահն ասաց. «Կտեսնվենք ավելի ուշ»»[3]։

1983 թվականի սեպտեմբերի 28-ի առավոտյան Սալիվանը 71 տարեկան հասակում ինքնասպան է եղել։ Անտառապահի նրա գլխարկներից երկուսը ցուցադրված են Նյու Յորքի և Հարավային Կարոլինայի Գինեսի ռեկորդների գրքերի համաշխարհային ցուցահանդեսների երկու սրահներում[4]։

Յոթ հարվածներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Սալիվանն առաջին անգամ կայծակնահարվել է 1942 թվականի ապրիլին։ Նա ամպրոպից թաքնվել էր կրակակետային աշտարակում։ Աշտարակը նոր էր կառուցվել և այդ ժամանակ շանթարգել չուներ. կայծակը հարվածվել է յոթ-ութ անգամ։ Աշտարակի ներսում «կրակը տարածվում էր ամբողջ տարածքով»։ Սալիվանը դուրս է վազել և ընդամենը մի քանի մետր հեռավորության վրա կայծակնահարվել․ վնասվել է աջ ոտքն ամբողջությամբ, հարված է կրել ոտնամատը, պատռվել կոշիկը։
  2. Երկրորդ անգամ կայծակնահարվել է 1969 թվականի հուլիսին։ Անսովոր կերպով կայծակը նրան հարվածել է մեքենայի մեջ, երբ նա ընթանում էր լեռնային ճանապարհով. մեքենայի մետաղական մասը սովորաբար պաշտպանում է մարդկանց կայծակի հարվածներից՝ գործելով որպես Ֆարադեյի վանդակ։ Կայծակը նախ հարվածել է մոտակա ծառերին, այնուհետև՝ բեռնատարի բաց պատուհանին։ Հարվածի պատճառով Սալիվանը կորցրել է գիտակցությունը, այրվել են հոնքերն ու թարթիչները, իսկ մազերում կրակ է բռնկվել։ Չկառավարվող բեռնատարը շարունակել է շարժվել, մինչև որ կանգ է առել ժայռի եզրին մոտ։
  3. 1970 թվականի հուլիսին Սալիվանը կայծակնահարվել է իր բակում։ Կայծակը հարվածել է մոտակա հոսանքի տրանսֆորմատորին, որից հետո՝ նրա ձախ ուսին՝ վառելով այն։
  4. 1972 թվականի գարնանը Սալիվանն աշխատում էր Շենանդոա ազգային զբոսայգու պահակատանը, երբ կրկին կայծակնահարվեց։ Կայծակից վառվել են նրա մազերը․ նա փորփել է բաճկոնով հանգցնել կրակը։ Դրանից հետո նա շտապել է զուգարան, բայց չկարողնալով գլուխը մտցնել ջրի ծորակի տակ, ստիպված թաց սրբիչ է օգտագործել[2]։ Չնայած նա վախկոտ մարդ չէր, չորրորդ հարվածից հետո սկսել է հավատալ, որ ինչ-որ ուժ փորձում է ոչնչացնել իրեն, և նա սկսել է վախենալ մահից։ Ամիսներ շարունակ, երբ իր բեռնատարը վարելիս փոթորկի մեջ է ընկել, նա պառկել է առջևի նստարանին, մինչև փոթորիկն անցի։ Նա նաև սկսել է հավատալ, որ ինչ-որ կերպ իր վրա կհրավիրի կայծակը, եթե նույնիսկ կանգնած լինի մարդկանց բազմության մեջ, որի պատճառով իր հետ ջրի շիշ էր կրում, որ հանգցնի մազերի կրակը[4][5]։
  5. 1973 թվականի օգոստոսի 7-ին այգում հսկողություն իրականացնելիս տեսել է, որ փոթորկաբեր ամպ է առաջանում և արագ հեռացել է։ Բայց ամպը, ինչպես հետո նա պատմել է, կարծես հետևել է իրեն։ Երբ նա վերջապես մտածել է, որ ամպից առաջ է անցել ու որոշել, որ կարող է դուրս գալ մեքենայից, կայծակն անմիջապես հարվածել է նրան։ Սալիվանը նշել է, որ իրականում տեսել է իրեն հարվածող կայծակը․ այն հարվածել է ձախ թևին ու ոտքին ու հանել կոշիկը, որից հետո հարվածել է նրա աջ ծնկին։ Դեռ գիտակից վիճակում Սալիվանը սողալով մոտեցել է իր մեքենային ու այնտեղ մշտապես պահվող ջրի շիշը լցրել իր վառվող գլխի վրա[4][5]։
  6. Հաջորդ հարվածը եղել է 1976 թվականի հունիսի 5-ին, որից վնասվել է ոտքի կոճը։ Պատմել է, որ ամպ է տեսել, կարծել է, թե այն իրեն հետևում է, փորձել է փախչել, բայց այնուամենայնիվ կայծակնահարվել է։ Նրա մազերը նույնպես այրվել են։
  7. 1977 թվականի հունիսի 25-ի շաբաթ առավոտյան Սալիվանը կայծակնհհարվել է ջրամբարում ձուկ որսալիս։ Կայծակը հարվածել է նրա գլխին, վառել մազերը, կրծքավանդակը և ստամոքսը։ Սալիվանը շրջվել է դեպի իր մեքենան, երբ անսպասելի մի բան է տեղի ունեցել. մի արջ մոտեցել է ջրամբարին ու փորձել գողանալ իր բռնած իշխան փուկը։ Սալիվանը ուժ ու քաջություն է գտել արջին ծառի ճյուղով հարվածելու։ Նա պնդել է, որ իր կյանքի ընթացքում դա քսաներկուերորդ անգամն էր, երբ փայտով հարվածել է արջին[4]։

Բոլոր յոթ հարվածները փաստագրվել են Շենանդուա ազգային զբոսայգու տեսուչ Ռ. Թեյլոր Հոսկինսի կողմից։ Հոսկինսը, սակայն, երբեք ներկա չի եղել հարվածներից որևէ մեկին[6][7] Ինքը՝ Սալիվանը, հիշում է, որ կայծակն իրեն առաջին անգամ հարվածել է ոչ թե 1942 թվականին, այլ շատ ավելի վաղ։ Երբ նա երեխա էր, նա օգնում էր հորը դաշտում ցորեն հնձելիս, երբ կայծակը հարվածել է նրա գերանդիին՝ առանց նրան վնասելու։ Բայց քանի որ հետագայում նա չի կարողացել դա ապացուցել, նա այլևս այդ մասին չի խոսել[2]։

Սալիվանի կինը նույնպես մեկ անգամ կայծակնահարվել է, երբ փոթորիկի ժամանակ դուրս էր եկել իրենց հետևի բակում լվացք կախելու։ Ամուսինն այդ ժամանակ օգնում էր կնոջը, բայց հասցրել է անվնաս հեռանալ։

Վիճակագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Աշխարհի քարտեզ, որտեղ ցույց է տրված կայծակնահարվածների հարավերական հաճախությունը
ԱՄՆ-ի քարտեզ, որտեղ պատկերված է համեմատաբար մեծ թվով կայծակնահարվածներ գրանցած Վիրջինիան

80 տարիների ընթացքում կայծակնահարվելու հավանականությունը մոտավորապես գնահատվել է 1։ 10000[8]։ Եթե կայծակի հարվածները լինեին անկախ իրադարձություններ, յոթ անգամ հարվածելու հավանականությունը կլիներ (1:10000)7 = 1:1028: Այս թվերն այնքան էլ չեն վերաբերում Սալիվանին, որն իր աշխատանքի բնույթի պատճառով ավելի շատ է ենթարկվել փոթորիկների, քան սովորական մարդը։ Վիրջինիան, որտեղ նա ապրել է, տարվա մեջ 35-45 ամպրոպաբեր օրեր է ունեցել, որոնց մեծ մասը բաժին է հասել հունիս, հուլիս և օգոստոս ամիսներին։ 1959-2000 թվականների ընթացքում Վիրջինիա նահանգում կայծակից մահացել է 58 և վնասվել առնվազն 238 մարդ։ ԱՄՆ-ում կայծակից նույն ժամանակահատվածում զոհվել է 3239 մարդ, վիրավորվել՝ 13057-ը։ Նրանց մեծ մասը 20-ից 40 տարեկան արական սեռի ներկայացուցիչներ էին, որոնք այդ ժամանակ գտնվել են դրսում[9]։

  • Կայծակի վնասվածք

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Campbell, Ken (2000). Guinness World Records 2001. Guinness World Record Ltd. էջեր 36. ISBN 978-0-85112-102-4.
  2. 2,0 2,1 2,2 Hank Burchard (1972 թ․ մայիսի 2). «Lightning strikes four times». The Ledger. Վերցված է 2009 թ․ օգոստոսի 18-ին.(չաշխատող հղում)
  3. McCaslin, John (2019 թ․ հուլիսի 14). «Shenandoah recalls park ranger struck seven times by lightning». Inside NOVA. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 23-ին.
  4. 4,0 4,1 4,2 4,3 John Friedman (2008). Out of the Blue: A History of Lightning: Science, Superstition, and Amazing Stories of Survival. Delacorte Press. ISBN 978-0-385-34115-8.
  5. 5,0 5,1 «Lightning, Nature's striking force». St. Petersburg Times. 1989 թ․ հուլիսի 23. Արխիվացված է օրիգինալից 2013-02-01-ին. Վերցված է 2009 թ․ օգոստոսի 8-ին.
  6. «Official Register of the United States». 1943.
  7. Lambert, Darwin (1989 թ․ հունվարի 1). The Undying Past of Shenandoah National Park. ISBN 9781461663980.
  8. «Medical Aspects of Lightning». National Weather Service. 2011. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 26-ին.
  9. Barbara Watson. «Virginia Thunderstorms and Lightning». Վերցված է 2009 թ․ օգոստոսի 18-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]