Շանթարգել

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Շանթարգել

Շանթարգելը, բնակավայրերը, բնակելի, տնտեսական, սպասարկման և այլ տեսակի շենքերն ու շինությունները, ինչպես նաև մշակովի հողատարածքները, ճանապարհները կայծակի ուղիղ հարվածի հետևանքներից պաշտպանող մետաղական կոնստրուկցիա է։ Այն մետաղե սրածայր ձող է, որը տեղակայվում է տվյալ պաշտպանվող շինության տանիքից որքան հնարավոր է բարձր։ Ձողը ամուր միացվում է մետաղաճոպանին, որն անցկացվում է շինության պատերի երկայնքով՝ վերից վար։ Ճոպանի մյուս ծայրին զոդվում է որևէ մետաղական առարկա (ձող, թիթեղ), որը խոր թաղվում է հողի մեջ։ Շանթարգելի ծայրին ամպի էլեկտրական դաշտի ազդեցությամբ ամենաշատ լիցքն է կուտակվում, քանի որ շանթարգելի սուր ծայրի հեռավորությունը ամենափոքրն է ամպից։ Օդում առկա ազատ էլեկտրոնները՝ ձգվելով դեպի շանթարգելը, չեզոքացնում են նրա դրական լիցքը։ Ստեղծվում է տպավորություն, որ շինության և շանթարգելի դրական լիցքը շանթարգելի սուր ծայրից «հոսում է» դեպի մթնոլորտ՝ շինությունը պահելով կայծակի հարվածից։ Պաշտպանական գոտու չափերը կախված են շանթարգելների բարձրությունից, փոխադարձ դիրքից, մթնոլորտային պայմաններից և տեղանքի ռելիեֆից:

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png