Ռոյ Սալիվան
Ծնվել է | փետրվարի 7, 1912 |
---|---|
Ծննդավայր | Greene County, Վիրջինիա, ԱՄՆ |
Մահացել է | սեպտեմբերի 28, 1983 (71 տարեկան) |
Մահվան վայր | Dooms, Augusta County, Վիրջինիա, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | park ranger |
Ռոյ Քլիվլենդ Սալիվան (անգլ.՝ Roy Cleveland Sullivan, փետրվարի 7, 1912, Greene County, Վիրջինիա, ԱՄՆ - սեպտեմբերի 28, 1983, Dooms, Augusta County, Վիրջինիա, ԱՄՆ), զբոսայգիների ամերիկացի պահակ, որն աշխատել է Վիրջինիա նահանգի Շենանդոա ազգային զբոսայգում։ 1942-1977 թվականների ընթացքում Սալիվանը յոթ անգամ կայծակի հարված է ստացել և ողջ մնացել։ Այդ պատճառով նա ձեռք է բերել «Մարդկային կայծակնային հաղորդիչ» և «Շանթարգել մարդ» մականունները։ Սալիվանը Գինեսի ռեկորդների գրքում գրանցվել է որպես ամենաշատ կայծակնահարված մարդ[1]։
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Ռոյը ծնվել է Վիրջինիա նահանգի Գրին քաղաքում 1912 թվականի փետրվարի 7-ին։ Շենանդուա ազգային զբոսայգում սկսել է աշխատել որպես անտառապահ 1936 թվականին[2]։ Սալիվանին նկարագրել են որպես լայն, կոպիտ դեմքով կռվարար մարդու, որը նման էր դերասան Ջին Հեքմենին։ Հետագայում մարդիկ խուսափել են նրանից, որովհետև վախեցել են կայծակնահարվելուց, և դա տխրեցրել է նրան։ Նա մի անգամ պատմել է, որ «ես մի օր գլխավոր անտառապահի հետ քայլում էի, երբ հեռում կայծակ խփեց։ Գլխավոր անտառապահն ասաց. «Կտեսնվենք ավելի ուշ»»[3]։
1983 թվականի սեպտեմբերի 28-ի առավոտյան Սալիվանը 71 տարեկան հասակում ինքնասպան է եղել։ Անտառապահի նրա գլխարկներից երկուսը ցուցադրված են Նյու Յորքի և Հարավային Կարոլինայի Գինեսի ռեկորդների գրքերի համաշխարհային ցուցահանդեսների երկու սրահներում[4]։
Յոթ հարվածներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Սալիվանն առաջին անգամ կայծակնահարվել է 1942 թվականի ապրիլին։ Նա ամպրոպից թաքնվել էր կրակակետային աշտարակում։ Աշտարակը նոր էր կառուցվել և այդ ժամանակ շանթարգել չուներ. կայծակը հարվածվել է յոթ-ութ անգամ։ Աշտարակի ներսում «կրակը տարածվում էր ամբողջ տարածքով»։ Սալիվանը դուրս է վազել և ընդամենը մի քանի մետր հեռավորության վրա կայծակնահարվել․ վնասվել է աջ ոտքն ամբողջությամբ, հարված է կրել ոտնամատը, պատռվել կոշիկը։
- Երկրորդ անգամ կայծակնահարվել է 1969 թվականի հուլիսին։ Անսովոր կերպով կայծակը նրան հարվածել է մեքենայի մեջ, երբ նա ընթանում էր լեռնային ճանապարհով. մեքենայի մետաղական մասը սովորաբար պաշտպանում է մարդկանց կայծակի հարվածներից՝ գործելով որպես Ֆարադեյի վանդակ։ Կայծակը նախ հարվածել է մոտակա ծառերին, այնուհետև՝ բեռնատարի բաց պատուհանին։ Հարվածի պատճառով Սալիվանը կորցրել է գիտակցությունը, այրվել են հոնքերն ու թարթիչները, իսկ մազերում կրակ է բռնկվել։ Չկառավարվող բեռնատարը շարունակել է շարժվել, մինչև որ կանգ է առել ժայռի եզրին մոտ։
- 1970 թվականի հուլիսին Սալիվանը կայծակնահարվել է իր բակում։ Կայծակը հարվածել է մոտակա հոսանքի տրանսֆորմատորին, որից հետո՝ նրա ձախ ուսին՝ վառելով այն։
- 1972 թվականի գարնանը Սալիվանն աշխատում էր Շենանդոա ազգային զբոսայգու պահակատանը, երբ կրկին կայծակնահարվեց։ Կայծակից վառվել են նրա մազերը․ նա փորփել է բաճկոնով հանգցնել կրակը։ Դրանից հետո նա շտապել է զուգարան, բայց չկարողնալով գլուխը մտցնել ջրի ծորակի տակ, ստիպված թաց սրբիչ է օգտագործել[2]։ Չնայած նա վախկոտ մարդ չէր, չորրորդ հարվածից հետո սկսել է հավատալ, որ ինչ-որ ուժ փորձում է ոչնչացնել իրեն, և նա սկսել է վախենալ մահից։ Ամիսներ շարունակ, երբ իր բեռնատարը վարելիս փոթորկի մեջ է ընկել, նա պառկել է առջևի նստարանին, մինչև փոթորիկն անցի։ Նա նաև սկսել է հավատալ, որ ինչ-որ կերպ իր վրա կհրավիրի կայծակը, եթե նույնիսկ կանգնած լինի մարդկանց բազմության մեջ, որի պատճառով իր հետ ջրի շիշ էր կրում, որ հանգցնի մազերի կրակը[4][5]։
- 1973 թվականի օգոստոսի 7-ին այգում հսկողություն իրականացնելիս տեսել է, որ փոթորկաբեր ամպ է առաջանում և արագ հեռացել է։ Բայց ամպը, ինչպես հետո նա պատմել է, կարծես հետևել է իրեն։ Երբ նա վերջապես մտածել է, որ ամպից առաջ է անցել ու որոշել, որ կարող է դուրս գալ մեքենայից, կայծակն անմիջապես հարվածել է նրան։ Սալիվանը նշել է, որ իրականում տեսել է իրեն հարվածող կայծակը․ այն հարվածել է ձախ թևին ու ոտքին ու հանել կոշիկը, որից հետո հարվածել է նրա աջ ծնկին։ Դեռ գիտակից վիճակում Սալիվանը սողալով մոտեցել է իր մեքենային ու այնտեղ մշտապես պահվող ջրի շիշը լցրել իր վառվող գլխի վրա[4][5]։
- Հաջորդ հարվածը եղել է 1976 թվականի հունիսի 5-ին, որից վնասվել է ոտքի կոճը։ Պատմել է, որ ամպ է տեսել, կարծել է, թե այն իրեն հետևում է, փորձել է փախչել, բայց այնուամենայնիվ կայծակնահարվել է։ Նրա մազերը նույնպես այրվել են։
- 1977 թվականի հունիսի 25-ի շաբաթ առավոտյան Սալիվանը կայծակնհհարվել է ջրամբարում ձուկ որսալիս։ Կայծակը հարվածել է նրա գլխին, վառել մազերը, կրծքավանդակը և ստամոքսը։ Սալիվանը շրջվել է դեպի իր մեքենան, երբ անսպասելի մի բան է տեղի ունեցել. մի արջ մոտեցել է ջրամբարին ու փորձել գողանալ իր բռնած իշխան փուկը։ Սալիվանը ուժ ու քաջություն է գտել արջին ծառի ճյուղով հարվածելու։ Նա պնդել է, որ իր կյանքի ընթացքում դա քսաներկուերորդ անգամն էր, երբ փայտով հարվածել է արջին[4]։
Բոլոր յոթ հարվածները փաստագրվել են Շենանդուա ազգային զբոսայգու տեսուչ Ռ. Թեյլոր Հոսկինսի կողմից։ Հոսկինսը, սակայն, երբեք ներկա չի եղել հարվածներից որևէ մեկին[6][7] Ինքը՝ Սալիվանը, հիշում է, որ կայծակն իրեն առաջին անգամ հարվածել է ոչ թե 1942 թվականին, այլ շատ ավելի վաղ։ Երբ նա երեխա էր, նա օգնում էր հորը դաշտում ցորեն հնձելիս, երբ կայծակը հարվածել է նրա գերանդիին՝ առանց նրան վնասելու։ Բայց քանի որ հետագայում նա չի կարողացել դա ապացուցել, նա այլևս այդ մասին չի խոսել[2]։
Սալիվանի կինը նույնպես մեկ անգամ կայծակնահարվել է, երբ փոթորիկի ժամանակ դուրս էր եկել իրենց հետևի բակում լվացք կախելու։ Ամուսինն այդ ժամանակ օգնում էր կնոջը, բայց հասցրել է անվնաս հեռանալ։
Վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]


80 տարիների ընթացքում կայծակնահարվելու հավանականությունը մոտավորապես գնահատվել է 1։ 10000[8]։ Եթե կայծակի հարվածները լինեին անկախ իրադարձություններ, յոթ անգամ հարվածելու հավանականությունը կլիներ (1:10000)7 = 1:1028: Այս թվերն այնքան էլ չեն վերաբերում Սալիվանին, որն իր աշխատանքի բնույթի պատճառով ավելի շատ է ենթարկվել փոթորիկների, քան սովորական մարդը։ Վիրջինիան, որտեղ նա ապրել է, տարվա մեջ 35-45 ամպրոպաբեր օրեր է ունեցել, որոնց մեծ մասը բաժին է հասել հունիս, հուլիս և օգոստոս ամիսներին։ 1959-2000 թվականների ընթացքում Վիրջինիա նահանգում կայծակից մահացել է 58 և վնասվել առնվազն 238 մարդ։ ԱՄՆ-ում կայծակից նույն ժամանակահատվածում զոհվել է 3239 մարդ, վիրավորվել՝ 13057-ը։ Նրանց մեծ մասը 20-ից 40 տարեկան արական սեռի ներկայացուցիչներ էին, որոնք այդ ժամանակ գտնվել են դրսում[9]։
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
- Կայծակի վնասվածք
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Campbell Ken (2000)։ Guinness World Records 2001։ Guinness World Record Ltd։ էջեր 36։ ISBN 978-0-85112-102-4
- ↑ 2,0 2,1 2,2 Hank Burchard (May 2, 1972)։ «Lightning strikes four times»։ The Ledger։ Վերցված է 2009-08-18(չաշխատող հղում)
- ↑ McCaslin John (July 14, 2019)։ «Shenandoah recalls park ranger struck seven times by lightning»։ Inside NOVA։ Վերցված է August 23, 2020
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 John Friedman (2008)։ Out of the Blue: A History of Lightning: Science, Superstition, and Amazing Stories of Survival։ Delacorte Press։ ISBN 978-0-385-34115-8
- ↑ 5,0 5,1 «Lightning, Nature's striking force»։ St. Petersburg Times։ July 23, 1989։ Վերցված է 2009-08-08(չաշխատող հղում)
- ↑ «Official Register of the United States»։ 1943
- ↑ Lambert Darwin (1989-01-01)։ The Undying Past of Shenandoah National Park։ ISBN 9781461663980
- ↑ «Medical Aspects of Lightning»։ National Weather Service։ 2011։ Արխիվացված է օրիգինալից 2015-03-05-ին։ Վերցված է 2011-05-26
- ↑ Barbara Watson։ «Virginia Thunderstorms and Lightning»։ Վերցված է 2009-08-18
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- National Weather Service Lightning Safety Information Archived 2010-11-11 at the Wayback Machine.
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Ռոյ Սալիվան կատեգորիայում։ |
|