Պահեստավորված արյան կարմիր բջիջներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պահեստավորված արյան կարմիր բջիջներ
ՏեսակՀիմնական դեղամիջոցներ և բջջի տեսակ
ՀոմանիշներԱԿԲ, պԱԿԲ
ԿիրառումԱրյան փոխներարկում
Գործածության եղանակՆերերակային (ն/ե)

Պահեստավորված արյան կարմիր բջիջներ (ԱԿԲ), հայտնի նաև որպես «պահեստավորված բջիջներ», արյան կարմիր բջիջներ, որոնք անջատվել են արյան փոխներարկման համար[1]։ Դրանք սովորաբար օգտագործվում են սակավարյունության ժամանակ, որը կամ դրսևորվում է ախտանշաններով կամ հեմոգլոբինի սովորականից ցածր խտությամբ՝ 70-80 գ/լ (7-8 գ/դլ)[1][2][3]։ Մեծահասակների մոտ մեկ միավորը բարձրացնում է հեմոգլոբինի մակարդակը մոտավորապես 10 գ/լ-ով (1 գ/դլ)[4][5]։ Հեմոգլոբինի խանգարումներով կամ հակաքաղցկեղային քիմիոթերապիա ստացողների դեպքում կարող է կրկնակի փոխներարկման անհրաժեշտություն լինել[1]։ Որպես կանոն, փոխներարկումից առաջ համատեղելիության ստուգման անհրաժեշտություն է լինում[1]։ Այն տրվում է ներերակային ներարկման եղանակով[6]։

Կողմնակի ազդեցությունների թվում են ալերգիկ երևույթները (անաֆիլաքսիա, հեմոլիզ, վարակներ, հիպերվոլեմիա, թոքերի վնասում)[1]։ Ներկայիս պատրաստման մեթոդների պայմաններում հեպատիտ C-ի և ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի փոխանցման հավանականությունը չի գերազանցում միլիոնից մեկը[1]։ Այնուամենայնիվ, ցածր եկամտով երկրներում վարակների փոխանցման հավանականությունը մեծ է[7]։ Պահեստավորված արյան կարմիր բջիջները ստացվում են ամբողջական արյունից կամ աֆերեզի միջոցով[8]։ Սովորաբար պահպանվում են երեքից մինչև վեց շաբաթ[8]։

ԱԿԲ-ի լայն կիրառումն սկսվել է դեռևս 1960-ականներին[9]։ Այն ընդգրկված է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) հիմնական դեղերի ցանկում՝ որպես կենսական հարևոր, անվտանգ և արդյունավետ միջոց[10]։ Մեծ Բրիտանիայում վերջինիս մեկ միավորի արժեքն է մոտավորապես 120 ֆունտ[11]։ Կիրառվում են նաև արյան այլ պատրաստուկներ՝ ամբողջական արյուն, լեյկոցիտներից զտված արյան կարմիր բջիջներ, լվացված արյան կարմիր բջիջներ[1]։

Կիրառում բժշկության մեջ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կայուն կենսական նշանների պահպանման դեպքում արյան փոխներարկման անհրաժեշտություն սովորաբար ծագում է, երբ հեմոգլոբինի մակարդակն իջնում է 70 գ/լ (7 գ/դլ), ի շեմից[12]։ Սիրտանոթային հիվանդությունների դեպքում այս շեմը կազմում է 80 գ/լ[3][12]։

ԱԿԲ-ն կիրառվում է տարբեր տրավմաների կամ այլ խնդիրների արդյունքում առաջացած սակավարյունության ժամանակ արյան՝ թթվածին տեղափոխելու ունակությունը վերականգնելու նպատակով։ Այն տրանսֆուզիոն բժշկության մեջ ամենահաճախ կիրառվող արյան պատրաստուկն է։ Նախկինում այս նպատակով հիմնականում կիրառվում էր ամբողջական արյուն, մինչդեռ ներկայումս պլազմայի բաղադրիչներն ու կարմիր բջիջներն առանձին են կիրառվում։

Կողմնակի ազդեցություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կողմնակի ազդեցությունների թվում են ալերգային դրսևորումները (այդ թվում՝ անաֆիլաքսիան), հիպերվոլեմիան, կարմիր բջիջների քայքայումը (հեմոլիզ), սուր թոքային տրանսֆուզիոն ախտահարումը[1]։ Անհամապատասխան արյան փոխներարկումը կարող է մահացու լինել[13]։

Ներկայիս հետազոտության մեթոդների առկայության պայմաններում բարձր եկամտով երկրներում արյան բաղադրիչների փոխներարկումով պայմանավորված վարակների հաճախականությունը բավականին ցածր է[7][14][15]։ Նույնը չի կարելի ասել ցածր եկամտով երկրների մասին, որտեղ դոնորային արյամբ ՄԻԱՎ-ի, հեպատիտ C-ի, սիֆիլիսի փոխանցման հաճախականությունը մոտ 1 % է, իսկ հեպատիտ B-ինը՝ 4 %[7]: Չնայած ԱՀԿ-ի պահանջին՝ դոնորային արյունը միշտ ստուգել նշված վարակների առկայության համար, առնվազն 13 ցածր եկամտով երկրներում այս վարակներից առնվազն մեկը չի ստուգվում[7]։

Համատեղելիության ստուգում[խմբագրել | խմբագրել կոդը]

Տրանսֆուզիոն ռեակցիաներից խուսափելու նպատակով ինչպես դոնորի, այնպես էլ ռեցիպիենտի արյունը պետք է ստուգվի համատեղելիության գործոնների հանդեպ։ Մասնավորապես հաշվի են առնվում արյան խմբերն ըստ ABO և ռեզուս տիպերի, դրանից բխող ֆենոտիպերը և այլ հակամարմիններ։ Արյան խումբը պայմանավորված է էրիթրոցիտների մակերեսին տեղակայված հակամարմիններով, որոնք կարող են փոխազդել ռեցիպիենտի արյան հակածինների հետ։

ABO համակարգը ներառում է արյան խմբերի 4 հիմնական ֆենոտիպեր՝ O, A, B և AB։ ԽՍՀՄ-ում վերջիններս կոչվում էին համապատասխանաբար I, II, III և IV խումբ։ Տարբերում են երկու կարևոր հակածիններ՝ A և B: Էրիթրոցիտները, որոնք պարունակում են երկուսն էլ, համարվում են AB իսկ եթե հակածիններից ոչ մեկը՝ O: Բացառությամբ մի քանի առանձնահատուկ դեպքերի (նորածիններ, խիստ ընկճված իմուն համակարգ), բոլոր մարդկանց մոտ կդիտվի հեմոլիզ եթե նրանց փոխներարկվի արյուն, որի հակածիններն իր էրիթրոցիտների մակերեսին առկա չեն։ Ավելին, նշված A և B հակածիններից բացի առանձին դեպքերում հնարավոր են այլ ֆենոտիպեր (օրինակ՝ Բոմբեի ֆենոտիպը), որոնք ավելի են բարդացնում արյան փոխներարկումը։

Արյան ռեզուս խումբը պայմանավորվում է շուրջ 50 տարբեր հակածիններով, սակայն առավել մեծ կլինիկական նշանակություն ունի D հակածինը, ուստի վերջինիս առկայությամբ կամ բացակայությամբ պայմանավորված՝ տարբերում են ռեզուս-դրական և ռեզուս-բացասական խմբեր։ Ի տարբերություն ABO խմբերի, ռեզուս գործոնի անհամատեղելիության դեպքում ռեցիպիենտի իմուն համակարգն անմիջապես չի ճանաչում հակածինը հետևաբար օրգանիզմն անմիջապես չի արձագանքում անհամատեղելիությանը։ Այս դեպքում առաջին փոխներարկման ժամանակ զարգանում է համապատասխան հակամարմինը, որն էլ պայամանավորում է օրգանիզմի իմուն պատասխանը հետագա ներարկումների ժամանակ։ Այս հակամարմինն առավել կարևոր դեր է խաղում նորածինների հեմոլիտիկ հիվանդության զարգացման գործընթացում։ Հաշվի առնելով, որ ռեզուս անհամատեղելիության ռիսկը հիմնականում դրսևորվում է առկա կամ հետագա հղիությունների ժամանակ, տղամարդկանց և հետմենոպաուզալ տարիքի կանանց պարագայում ռեզուս գործոնը հաճախ հաշվի չի առնվում[16]։

Արյան փոխներարկման տեսանկյունից O-բացասական արյունը համարվում է «ունիվերսալ դոնոր», քանի որ որպես կանոն A, B և AB արյուն ունեցող ռեցիպիենտները կարող են անվտանգ ստանալ O-բացասական արյուն։ AB-դրական արյուն ունեցողները համարվում են «ունիվերսալ ռեցիպիենտներ», քանի որ կարող են արյուն ստանալ բոլոր մյուս ֆենոտիպերի դոնորներից։ Այնուամենայնիվ այս ունիվերսալությունը հարաբերական է, քանի որ արյան այլ հնարավոր հակածինները կարող են լրացուցիչ անհամատեղելիության պատճառ դառնալ։

Հայտնի են արյան այլ խմբային դասակարգումներ, սակայն դրանց մեծ մասը շատ հազվադեպ է փոխներարկման խնդիրների պատճառ հանդիսանում։ Նման խմբերի նկատմամբ ռեցիպիենտի մոտ հակամարմիններ հայտնաբերելու նպատակով կատարվում է սկրինինգ։ Վերջինիս դրական արդյունքի դեպքում կատարվում են լրացուցիչ կոմպլեքս հետազոտություններ՝ բացառման սկզբունքով համապատասխան հակամարմինը հայտնաբերելու նպատակով։ Երբ ռեցիպիենտն ունի բազմաթիվ հակամարմիններ կամ հակամարմիններ չափազանց հաճախակի հանդիպող հակածինների նկատմամբ, համատեղելի արյուն գտնելու գործընթացը դառնում է էլ ավելի բարդ և ժամանակատար։

Հաշվի առնելով առանձին դեպքերում համապատասխան արյուն գտնելու ժամանակատարությունը ինչպես նաև պացիենտի ծայրահեղ ծանր վիճակը, երբեմն մինչև համատեղելիության լիարժեք ստուգումը կատարվում է արյան փոքր քանակների նախնական փոխներարկում։ Սովորաբար նման դեպքերում կիրառվում է 2-4 միավոր O-բացասական արյուն՝ հաշվի առնելով այս խմբի առավել ցածր ռիսկայնությունը[17]։ Այդուհանդերձ, ծայրահեղ անհույս իրավիճակներում կարող են կիրառվել նույնիսկ արյան այլ խմբեր, քանի որ O-բացասական արյունը համեմատաբար քիչ է տարածված։

Հավաքում, մշակում և կիրառում[խմբագրել | խմբագրել կոդը]

Սովորաբար դոնորից վերցվում է ամբողջական արյուն, որն այնուհետև ցենտրիֆուգում են։ Լինելով ավելի ծանր՝ արյան կարմիր բջիջները նստում են անոթի հատակին, իսկ պլազմայի մեծ մասը մնում է մակրեսին։ Այնուհետև պլազման անջատվում է, և էրիթրոցիտները մնում են նվազագույն քանակությամբ հեղուկի հետ։ Սովորաբար բջիջների կենսունակությունը պահպանելու նպատակով դրանց ավելացվում է ցիտրատ, դեքստրոզ կամ ադենին։ Երբեմն այս գործընթացը ավտոմատ կերպով կատարվում է դոնորից արյուն վերցնելուն զուգընթաց՝ խառնելով ցենտրիֆուգման ժամանակ (աֆերեզ)[18]։

Կախված պացիենտի յուրահատուկ կարիքներից՝ արյան կարմիր բջիջները երբեմն կարող են լրացուցիչ մոդիֆիկացիաների ենթարկվել։ Նմանատիպ մոդիֆիկցիաներից հաճախ է հանդիպում լեյկոռեդուկցիան, երբ դոնորի արյունից ֆիլտրվում են սպիտակ բջիջները։ Արյունը կարող է նաև ճառագայթման ենթարկվել, որի արդյունքում քայքայվում է լեյկոցիտների ԴՆԹ-ն՝ «տրանսպլանտանտն ընդդեմ տիրոջ» տեսակի ռեակցիայից խուսափելու նպատակով։ Վերջինս կարևոր է, երբ դոնորը և ռեցիպիենտը մոտ ազգականներ են կամ երբ գործ ունենք ընկճված իմունիտետով պացիենտի հետ։ Մյուս տեսակի մոդիֆիկացիները, ինչպիսին է օրինակ պլազմայի ամբողջությամբ հեռացումը, հազվադեպ են կիրառվում։

Սովորաբար ԱԿԲ-ն պահվում է սառեցման պայմաններում մինչև 45 օր[19]։ Որոշ դեպքերում անհրաժեշտ է կիրառել առավել թարմ ԱԿԲ, ինչպիսին օրինակ նորածինների մոտ կիրառումն է՝ բջիջների օպտիմալ կենսունակություն ապահովելու նպատակով։ Այնուամենայնիվ, ԱԿԲ-ի պահպանման պայմանների խախտումները և դրանով պայմանավորված տրանսֆուզիոն խնդիրներն ավելի բարդ են և հակասական (տես արյան բանկ և արյան փոխներարկում հոդվածները)։

Հազվադեպ ԱԿԲ-ն կարող է պահվել առավել երկար՝ գերսառեցման պայմաններում։ Այս դեպքում դրան ավելացվում են գլիցերին կամ այլ կրիոպրոտեկտորներ։ Այդպիսի գերսառեցված բջիջները կարող են պահվել մինչև տասը տարի, երբեմն էլ ավելի երկար։ Գերսառեցման գործընթացը թանկարժեք է և ժամանակատար և հիմնականում կիրառվում է հազվադեպ հանդիպող՝ անսովոր հակամարմիններով խմբերի դեպքում։ Գերսառեցված նմուշներն օգտագործելուց առաջ պետք է հատուկ սարքի (IBM 2991) կիրառմամբ գլիցերինը մաքրել, ինչպես դա արվում ԱԿԲ-ի լվացման ժամանակ։

ԱԿԲ-ի նմուշների մշակումը (հաճախ անվանում են նաև «արտադրություն», քանի որ վերջնական արդյունքն իրենից ներկայացնում է պատրաստի կենսաբանական՝ կենսադեղագործական արտադրանք) և պահպանումը կարող է կատարվել հավաքման վայրում կամ արյան բանկերում։ Բջիջներին ավելացվում են հակամակարդիչ և սննդանյութերով հարուստ պահպանման լուծույթ, որն ապահովում է բջիջների կենսունակությունն ու ֆունկցիոնալությունը։

Անվանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատրաստուկի անվան հաճախակի հանդիպող հապավումներն են՝ ԱԿԲ, պԱԿԲ, ՊԱԿԲ կամ ԼԶԱԿԲ (վերաբերում է լեյկոցիտներից զտված պատրաստուկին, ինչը ներկայումս կիրառելի է գրեթե բոլոր ԱԿԲ պատրաստուկների համար)։ Մեծատառերով «Արյան Կարմիր Բջիջներ» անվանումը ԱՄՆ-ում վերաբերում է ստանդարտացված արտադրանքին[20], մինչդեռ առանց մեծատառերի նույն տերմինը կիրառվում է համընդհանուր իմաստով՝ առանց մասնավորացնելու, թե խոսքը վերաբերում է արյան պատրաստուկի, պացիենտի արյան թե մեկ այլ պրոդուկտի։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Connell, NT (December 2016). «Transfusion Medicine». Primary care. 43 (4): 651–659. doi:10.1016/j.pop.2016.07.004. PMID 27866583.
  2. Carson, JL; Guyatt, G; Heddle, NM; Grossman, BJ; Cohn, CS; Fung, MK; Gernsheimer, T; Holcomb, JB; Kaplan, LJ; Katz, LM; Peterson, N; Ramsey, G; Rao, SV; Roback, JD; Shander, A; Tobian, AA (2016 թ․ նոյեմբերի 15). «Clinical Practice Guidelines From the AABB: Red Blood Cell Transfusion Thresholds and Storage». JAMA. 316 (19): 2025–2035. doi:10.1001/jama.2016.9185. PMID 27732721.
  3. 3,0 3,1 «Blood transfusion Guidance and guidelines». NICE (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 7-ին.
  4. Plumer, Ada Lawrence (2007). Plumer's Principles and Practice of Intravenous Therapy (անգլերեն). Lippincott Williams & Wilkins. էջ 423. ISBN 9780781759441. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 14-ին.
  5. Robinson, S.; Harris, A.; Atkinson, S.; Atterbury, C.; Bolton-Maggs, P.; Elliott, C.; Hawkins, T.; Hazra, E.; Howell, C. (2017 թ․ նոյեմբերի 6). «The administration of blood components: a British Society for Haematology Guideline». Transfusion Medicine (անգլերեն). 28 (1): 3–21. doi:10.1111/tme.12481. ISSN 0958-7578. PMID 29110357.
  6. Linton, Adrianne Dill (2015). Introduction to Medical-Surgical Nursing (անգլերեն). Elsevier Health Sciences. էջ 287. ISBN 9781455776412. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 14-ին.
  7. 7,0 7,1 7,2 7,3 «Blood safety and availability». World Health Organization (ամերիկյան անգլերեն). 2017 թ․ հունիսի 22. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 7-ին.
  8. 8,0 8,1 Parsons, Polly E.; Wiener-Kronish, Jeanine P. (2012). Critical Care Secrets5: Critical Care Secrets (անգլերեն). Elsevier Health Sciences. էջ 385. ISBN 0323085008. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 14-ին.
  9. Das, P. C.; Smit-Sibinga, C. T. h; Halie, M. R. (2012). Supportive therapy in haematology (անգլերեն). Springer Science & Business Media. էջ 190. ISBN 9781461325772. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հունվարի 10-ին.
  10. «WHO Model List of Essential Medicines (19th List)» (PDF). World Health Organization. April 2015. Արխիվացված (PDF) օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 13-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 8-ին.
  11. Yentis, Steven M.; Hirsch, Nicholas P.; Ip, James (2013). Anaesthesia and Intensive Care A-Z: An Encyclopedia of Principles and Practice (անգլերեն). Elsevier Health Sciences. էջ 147. ISBN 9780702053757. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հունվարի 12-ին.
  12. 12,0 12,1 Carson, Jeffrey L.; Guyatt, Gordon; Heddle, Nancy M.; Grossman, Brenda J.; Cohn, Claudia S.; Fung, Mark K.; Gernsheimer, Terry; Holcomb, John B.; Kaplan, Lewis J.; Katz, Louis M.; Peterson, Nikki; Ramsey, Glenn; Rao, Sunil V.; Roback, John D.; Shander, Aryeh; Tobian, Aaron A. R. (2016 թ․ հոկտեմբերի 12). «Clinical Practice Guidelines From the AABB». JAMA. doi:10.1001/jama.2016.9185.
  13. «Complications of Transfusion: Transfusion Medicine: Merck Manual Professional». Արխիվացված օրիգինալից 2010 թ․ հոկտեմբերի 23-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 3-ին.
  14. PHB Bolton-Maggs (Ed) D Poles et al. on behalf of the Serious Hazards of Transfusion (SHOT) Steering Group. The 2017 Annual SHOT Report (2018).https://www.shotuk.org/wp-content/uploads/myimages/SHOT-Report-2017-WEB-Final-v3-02-8-18.pdf
  15. «Diseases and Organisms | Blood Safety | CDC». www.cdc.gov (ամերիկյան անգլերեն). 2017 թ․ հուլիսի 18. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 7-ին.
  16. «Guidelines for Blood Component Substitution in Adults» (PDF). Provincial Blood Coordinating Program, Newfoundland and Labrador. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2012 թ․ ապրիլի 14-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 3-ին.
  17. «The appropriate use of group O RhD negative red cells» (PDF). National Health Service. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2012 թ․ ապրիլի 29-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 3-ին.
  18. «Circular of information for the use of human blood and blood components» (PDF). AABB. էջ 11. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2011 թ․ հոկտեմբերի 30-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 3-ին.
  19. «Circular of information for the use of human blood and blood components» (PDF). AABB. էջ 8. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2011 թ․ հոկտեմբերի 30-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 3-ին.
  20. «21 CFR 640.10». GPO. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 26-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 3-ին.