Ուզբեկստանի ակադեմիական ռուսական դրամատիկական թատրոն, Ուզբեկստանի հնագույն թատրոններից մեկը, հիմնադրվել է 1934 թվականին, 1967 թվականին թատրոնին տրվել է ակադեմիականի կոչում։ Թատրոնի նոր շենքը, որը գտնվում է Տաշքենդի կենտրոնում, հանդիսավոր բացվել է 2001 թվականին։
Տաշքենդի ռուսական դրամատիկական թատրոնը բացվել է 1934 թվականի հոկտեմբերի 21-ին։ Դրա հիմնադիրներն են եղել թատրոնի առաջին գեղարվեստական ղեկավար Վասիլի Ալեքսանդրովիչ Չիրկինը և Միխայիլ Կարլովիչ Վուլկոնսկին։ 1936 թվականին թատրոնն անվանակոչվել է ի պատիվ ռուս գրող Մաքսիմ Գորկու։
1967 թվականին թատրոնին տրվել է «Ակադեմիական թատրոն» կոչումը։
Տարբեր տարիներին թատրոնում բեմադրվել են հայտնի ռուս (Ալեքսանդր Պուշկին, Նիկոլայ Գոգոլ, Ալեքսեյ Տոլստոյ, Միխայիլ Լերմոնտով, Անտոն Չեխով, Ալեքսանդր Գրիբոյեդով, Ալեքսանդր Օստրովսկի, Մաքսիմ Գորկի) և արտասահմանցի (Բեռնարդ Շոու, Ուիլյամ Շեքսպիր) դրամատուրգների պիեսներ, ներկայացվել են նաև ուզբեկ դրամատուրգների (Համզա Հակիմզադե, Ն. Սաֆարով, Ա. Կահար, Ս. Ազիմով, Մ. Շեյհզադե, Ս. Ահմադ) գործեր[1]։
2001 թվականի փետրվարի 7-ին Տաշքենդի կենտրոնում կայացել է թատրոնի նոր շենքի բացման արարողությունը[2]։
2014 թվականի դեկտեմբերի 26-ին հանդիսավոր կերպով նշվել է թատրոնի 80-ամյակը` Ուզբեկստանում Ռուսաստանի դեսպանատան ակտիվ մասնակցությամբ[3][4]։
Ուզբեկստանի ռուսական դրամատիկական թատրոնը կարևոր դեր է խաղում շրջանում ռուսական մշակույթի պահպանման ու տարածման գործում, թատրոնի բեմում անց են կացվում տոնական միջոցառումներ, որոնք նվիրված են ռուսական պատմության և Ուզբեկստանում ռուսական սփյուռքի կարևոր իրադարձություններին` ռուս և ուզբեկ կատարողների մասնակցությամբ[5][6]։
Թատրոնի տնօրենը Ուզբեկստանի վաստակավոր արտիստ Օլեգ Անատոլևիչ Վասիլևն է, գլխավոր ռեժիսորը` Բախտիար Մուհսինովիչ Համիդովը[7]։ Թատրոնի ռեժիսորների թվում են եղել Ուզբեկստանի արվեստի վաստակավոր գործիչ Վլադիմիր Միխայլովիչ Շապիրոն, Ուզբեկստանի արվեստի վաստակավոր գործիչ Վյաչեսլավ Մարկովիչ Բրոդյանսկին, Ուզբեկստանի վաստակավոր գործիչ Օվլյակուլի Խոջակուլին, Ուզբեկստանի վաստակավոր գործիչ Օլիմժոն Սալիմովը[8]։
Թատրոնի հիմնական դերասաններն են Ուզբեկստանի ժողովրդական արտիստ Աբզալ Ազիմովիչ Ռաֆիկովը, Ուզբեկստանի վաստակավոր արտիստ Օլեգ Անատոլևիչ Վասիլևը, Ուզբեկստանի վաստակավոր արտիստ Ֆիրուզ Սաադևիչ Մակսուդովը, Ուզբեկստանի վաստակավոր արտիստ Օլեգ Վիկտորովիչ Գալախովը[9]։
Թատրոնի հիմնական դերասանուհիներն են Ուզբեկստանի վաստակավոր արտիստ Լյուդմիլա Իվանովնա Ստոցկայան, Ուզբեկստանի վաստակավոր արտիստ Էլեոնորա Դմիտրևնա Իվանովնա, Ուզբեկստանի վաստակավոր արտիստ Օլգա Դանիլովնա Օվչիննիկովան, Ուզբեկստանի վաստակավոր արտիստ Գավհար Զաքիրովան[10]։