Նիկոլայ Տարասով
Նիկոլայ Տարասով | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 18, 1882 |
Մահացել է | հոկտեմբերի 31, 1910 (28 տարեկան) |
Մահվան վայր | Մոսկվա, Ռուսական կայսրություն |
Գերեզման | Հայկական գերեզմանատուն |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն |
Մայրենի լեզու | ռուսերեն |
Մասնագիտություն | մեկենաս և գործարանատեր |
Նիկոլայ Լազարևիչ Տարասով (ռուս.՝ Николай Лазаревич Тарасов, իրական անունը` Նիկողայոս Ղազարոսի Թորոսյան, հուլիսի 18, 1882 - հոկտեմբերի 31, 1910, Մոսկվա, Ռուսական կայսրություն), հայազգի ռուսական մեծահարուստ, մեկենաս, նավթարդյունահանող։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նիկոլայ Տարասովը սերում էր արմավիրցի հայ առևտրականների ընտանիքից[1]։ Հիմնականում նա իր եկամուտն ստանում էր բազմաթիվ բաժնետիրական ընկերություններից ստացվող կապիտալներից։ Ունեցվածքն ստացել էր հոր թողած ժառանգությունից։ Չնայած երիտասարդ տարիքին, Նիկոլայ Տարասովն ուներ բարերարի համբավ, իսկ նեղ շրջանակներում ուներ նաև պճնամոլի և կնամոլի անուն։
1906 թվականին, ժառանգությունն ստանալուն պես, գումար է տրամադրել Վլադիմիր Նեմիրովիչ-Դանչենկոյին, երբ Մոսկվայի գեղարվեստական թատրոնի խումբը Գերմանիայում հյուրախաղերով հանդես գալու ընթացքում հայտնվել էր ծանր կացության մեջ։ Այդպես Տարասովը դարձավ նշված թատրոնի բաժնետերն ու տնօրինության անդամը։ Նա հովանավորում էր շատ դերասանուհիների` այդ թվում Ալիսա Կոոնենին։ 1908 թվականին իր ընկերոջ` Նիկիտա Բալիևի հետ միասին, Նիկոլայ Տարասովն հիմնադրել է «Չղջիկ» («Летучая мышь») կաբարե-թատրոնը։
Մահը
[խմբագրել | խմբագրել կոդը]Նիկոլայ Տարասովի կյանքն իր ողբերգական ավարտին է հասել «սիրային եռանկյունու» պատճառով[2]։ Նրա նախկին սիրուհին` դերասանուհի Օլգա Գրիբովան (մագնատ Նիկոլայ Գրիբովի կինն էր), Նիկոլայ Տարասովից գումար է խնդրել իր սիրեկանի` ռուսական բանակի յունկեր Նիկոլայ Ժուրավլյովի համար, ով տանուլ էր տվել թղթախաղում։ Նիկոլայ Տարասովը մերժել է Օլգային, որի պատճառով յունկերը ինքնասպան էր եղել։ Հաջորդ օրը Օլգան նույնպես ինքնասպանության փորձ էր կատարել և մահացել էր հիվանդանոցում։ Այդ դեպքի երրորդ օրը, Տարասովը թերթերից իմանալով կատարվածի մասին, նույնպես ինքնասպան է եղել[3][4]։ Լուրեր էին պտտվում, թե իբր Օլգա Գրիբովայի ընկերուհին դագաղ էր պատվիրել և ծաղկեպսակի հետ միասին ուղարկել Տարասովի հասցեով, երբ վերջինս դեռևս տեղյակ չէր Օլգայի մահվան մասին։ Իբր ծառան հայտնաբերել էր Տարասովի դին, իսկ հետո նաև ուղարկված դագաղը[5]։
Նիկոլայ Տարասովի մահվան օրը Մոսկվայի գեղարվեստական թատրոնում դադարեցվել են ներկայացումները։ Նա թաղված է Մոսկվայի հայկական գերեզմանոցում[6]։ Շիրմաքարը, որը ներկայացնում է Տարասովի ինքնասպանության պահը, ստեղծել է քանդակագործ Նիկոլայ Անդրեևը[7]։ Տարասովի շիրիմը համարվում է Անդրեևի կողմից ստեղծված բոլոր գերեզմանաքարերից լավագույնը[8]։ Ներկայումս այն պահպանվում է պետության կողմից` որպես պատմության և մշակույթի հուշարձան[9]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Владимир Седов Особняк Тарасова в Москве
- ↑ Театр для своих, или История с тремя самоубийцами — Труд, № 36, 02.03.2006
- ↑ «Тарасов Николай Лазаревич (1882—1910)». Արխիվացված է օրիգինալից 2005 թ․ մայիսի 17-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 13-ին.
- ↑ «Почитай отца и мать твоих», глава из книги Тарасов А. Миллионер: Исповедь первого капиталиста новой России, М., Вагриус, 2004, ISBN 5-475-00046-8
- ↑ Рустам Рахматуллин Облюбование Москвы: Кузнецкий Мост и выше — Новый Мир, 2002, № 11
- ↑ «Армянское кладбище». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 12-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 13-ին.
- ↑ Ваганьковское (Армянское) кладбище. Надгробие Н. Л. Тарасова
- ↑ «Андреев Н. А. … создал надгробие в 1911—1912 гг. Н. Л. Тарасову на Армянском кладбище. Этот памятник выразителен и не имеет аналогий в русском надгробии». — Цит по: «Русская мемориальная скульптура», М., 1978.
- ↑ Перечень охраняемых художественных надгробий и семейных захоронений(չաշխատող հղում)