Յանուշ Կուսոչինսկի
Յանուշ Կուսոչինսկի | |
---|---|
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | արական |
Բնօրինակ անուն՝ | Janusz Tadeusz Kusociński |
Մասնագիտացում՝ | երկար հեռավորություն վազող, թեթևատլետ, runner, Մարզական լրագրող և մարզիչ |
Երկիր՝ | Լեհաստանի Երկրորդ Հանրապետություն |
Ծննդյան ամսաթիվ՝ | հունվարի 15, 1907[1] |
Ծննդավայր՝ | Վարշավա, Ռուսական կայսրություն |
Մահվան ամսաթիվ՝ | հունիսի 21, 1940[2][1] (33 տարեկան) |
Մահվան վայր՝ | Պալմիրի, Չոսնուվ գմինա, Նովի Դվոր Մազովեցկի շրջան, Մազովեցի վոյեվոդություն, Լեհաստան |
Ակումբ՝ | Վարշավյանկա |
Մարզիչ(ներ)՝ | Ալեքսանդր Կլումբերգ |
Հասակ՝ | 167 սմ |
Քաշ՝ | 72 կգ |
Յանուշ Կուսոչինսկի (լեհ.՝ Janusz Tadeusz Kusociński, հունվարի 15, 1907[1], Վարշավա, Ռուսական կայսրություն - հունիսի 21, 1940[2][1], Պալմիրի, Չոսնուվ գմինա, Նովի Դվոր Մազովեցկի շրջան, Մազովեցի վոյեվոդություն, Լեհաստան), լեհ մարզիկ, թեթև աթլետ[3], 1932 թվականին դարձել է Օլիմպիական խաղերի չեմպիոն 10000 մետր վազքատարածությունում, 1934 թվականին Եվրոպայի առաջին առաջնությունում արժանացել է արծաթե մեդալի (վազք 5000 մ), աշխարհի ռեկորդակիր 3000 մ (19 հունիսի, 1932, 8.18,8) և 4 մղոն (30 հունիսի, 1932, 19.02,6) վազքատարածություններում, Լեհաստանի տասնակի չեմպիոն։ Դիմադրության շարժման մասնակից է։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Յանուշ Կուսոչինսկին ծնվել է 1907 թվականի հունվարի 15-ին Վարշավայում։ Դպրոցում սովորելու տարիներին խաղացել է ֆուտբոլ Վարշավայի տարբեր ակումբներում։ Թեթև աթլետիկայով սկսել է զբաղվել 1928 թվականին, երբ միացել է «Սարմատա» մարզական ակումբին, որտեղ նրա մարզիչն էր լեհ հայտնի տասնամարտիկ Ալեքսանդր Կլումբերգը։
Առաջին անգամ մասնակցելով Լեհաստանի առաջնությանը՝ Յանուշ Կուսոչինսկին հաղթել է 5000 մ վազքատարածությունում։ Հաջորդ տարի նա չի մասնակցել մրցությունների բանակում ծառայելու պատճառով, սակայն զորացրվելուց հետո 1930 և 1931 թվականների Լեհաստանի առաջնություններում հաղթել է 1500 մ և 5000 մ մրցատարածություններում, իսկ 1932 թվականին՝ 800 մ վազքատարածությունում։
1932 թվականին Յանուշ Կուսոչինսկին՝ որպես այգեգործ, աշխատել է Վարշավայում[4]։ Լոս Անջելեսում անցկացվելիք Օլիմպիական խաղերից մեկ ամիս առաջ նա սահմանել է աշխարհի նոր ռեկորդ 3000 մ վազքատարածությունում (8:18.8), իսկ ավելի ուշ սահմանել է աշխարհի ոչ պաշտոնական նոր ռեկորդ՝ չորս մղոն վազքատարածությունն անցնելով 19:02.6 ժամանակում։ Օլիմպիական խաղերում Յանուշ Կուսոչինսկին առաջին տեղն է գրավել 10 000 մետր վազքատարածությունում (30:11.4)՝ արժանանալով ոսկե մեդալի։
1934 թվականին Թուրինում անցկացված Եվրոպայի առաջին առաջնությունում 5000 մ վազքատարածությունում երկրորդ տեղը գրավելուց հետո Յանուշ Կուսոչինսկին որոշում է ընդունել ավարտել իր մարզական կարիերան, սակայն 1939 թվականին մասնակցել է Լեհաստանի առաջնությանն ու հաղթել 10 000 մետր վազքատարածությունում։
Յանուշ Կուսոչինսկին ընդունվել է Վարշավայի ֆիզկուլտուրայի ինստիտուտ, որտեղ նրա հետ միասին սովորել է այնպիսի հայտնի մարզիկներ, ինչպիսիք են Յադվիգա Վայսը (լեհ.՝ Jadwiga Wajs), Ֆելիցիա Սխաբինսկան (լեհ.՝ Felicja Schabińska), Մարիա Կվասնևսկայան (լեհ.՝ Maria Kwaśniewska), Ստանիսլավա Վալասևիչը։
Որպես կամավոր՝ Յանուշ Կուսոչինսկին մասնակցել է սեպտեմբերյան շարժմանը, երկու անգամ վիրավորվել է։ Պարգևատրվել է «Krzyż Walecznych» շքանշանով։ Մասնակցել է դիմադրության շարժմանը որպես ընդհատակյա հետախուզության անդամ[4][5]։ Ձերբակալվել է 1940 թվականի մարտին, ոչ ոքի չի մատնել և գնդակահարվել է Պալմիրի գյուղի մոտակայքում այլ հայտնի լեհերի հետ միասին (Մացեյ Ռատայ, Դավիդ Պշեպյուրկա և այլ մարզիկներ, մտավորականներ ու քաղաքական գործիչներ)։
Ներկայում Յանուշ Կուսոչինսկու շիրիմը գտնվում է Պալմիրիի գերեզմանատանը։
Հիշատակ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1954 թվականից սկսած՝ ամեն տարի անցկացվում է Յանուշ Կուսոչինսկու հիշատակին նվիրված մրցություն (լեհ.՝ Janusz Kusociński Memorial)։
- Դոլսկում (Մեծ Լեհաստան վոևոդություն) տեղադրվել է Յանուշ Կուսոչինսկու հուշարձանը։
- 1977 թվականին ռեժիսոր Քշիշտոֆ Ռոգուլսկին նկարահանել է «Վերջին շրջան» (լեհ.՝ Ostatnie okrążenie) ֆիլմը՝ նվիրված Յանուշ Կուսոչինսկու կյանքին 1939-1940 թվականներին։
- 2009 թվականին Յանուշ Կոսուչինսկին հետմահու պարգևատրվել է Լեհաստանի Վերածննդի շքանշանի մեծ խաչով։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Առցանց լեհական կենսագրական բառարան (польск.)
- ↑ 2,0 2,1 2,2 https://pantheon.world/profile/person/Janusz_Kusociński
- ↑ БРЭ/Кусочиньский Януш
- ↑ 4,0 4,1 Wallechinsky, David (2004). The Complete Book of the Summer Olympics, Toronto: Sport Classic Books. ISBN 1-894963-34-2
- ↑ Karski, Jan (1944). The Story of a Secret State. Houghton Mifflin. ISBN 1931541396.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Լեհաստանի օլիմպիական կոմիտե Արխիվացված 2008-05-14 Wayback Machine
- Յանուշ Կուսոչինսկի Արխիվացված 2009-10-08 Wayback Machine - օլիմպիական վիճակագրությունը Sports-Reference.com կայքում (անգլ.)
- http://www.pkol.pl/pl/subpages/displayfid/294_1861.html Արխիվացված 2008-08-19 Wayback Machine
- Յանուշ Կուսոչինսկու լուսանկարները Վարշավայի Ազգային արխիվի ֆոնդերում Արխիվացված 2009-05-12 Wayback Machine (լեհ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յանուշ Կուսոչինսկի» հոդվածին։ |
|