Jump to content

Մրտավարդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մրտավարդ
Մրտավարդ կովկասյան
Մրտավարդ կովկասյան
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Վերնադաս Ծածկասերմեր
Դաս Eudicots
Կարգ Հավամրգեր
Ընտանիք Հավամրգազգիներ
Ցեղ Մրտավարդ
Լատիներեն անվանում
Rhododendron


Մրտավարդ[1] (ֆրոմ մուրտ +‎ ա +‎ վարդ) կամ վարդածառ լատին․՝ Rhododendron, հին հունարեն ῥόδον rhódon «վարդ» և δένδρον déndron «ծառ» բառերից))[2][3], լեռնվարդ, լաշի, հավամրգազգիների ընտանիքի մշտադալար կամ տերևաթափ թփերի կամ փոքր ծառերի ցեղ։ Տերևները հերթադիր են, ամբողջական։ Ծաղիկները երկսեռ են, 5-անդամ, վահանաձև, հովանոցավոր ծաղկաբույլերով, հազվադեպ՝ մեկական։ Պտուղը տուփիկ է՝ բազմաթիվ դարչնագույն սերմերով։ Հայտնի է մրտավարդի շուրջ 1000 տեսակ՝ տարածված գլխավորապես Հյուսիսային կիսագնդի բարեխառն գոտում։

Հայաստանում աճում է կովկասյան մրտավարդը (լատին․՝ Rhododendron caucasicum), որն ընդգրկված է Հայաստանի կարմիր գրքում, տարածված է Փամբակի և Ծաղկունյաց լեռնաշղթաների հյուսիսային լանջերին։ Կովկասյան մրտավարդը բարձրլեռնային գոտում առաջացնում է մացառուտներ, իսկ մերձալպյան գոտում հանդես է գալիս որպես ենթանտառ։ Դեկորատիվ է, շատ տեսակներ աճեցվում են պուրակներում, ջերմոցներում, տնային պայմաններում։ Այս ցեղին են պատկանում նաև ծաղկաբուծության մեջ հայտնի ազալիաները, որոնք սենյակային կամ ջերմոցային ծաղիկներ են։ Նրանց համար ցեղում առանձնացվում է առանձին ենթացեղ կամ սեկցիա[4]։

Մրտավարդը Ճապոնիայում
Այգի բարձրահասակ մրտավարդերով
Մրտավարդերի անտառ Նեպալում

Ցեղում ընդգրկված տեսակները թփեր են, թփուտներ կամ փոքր ծառեր (հազվադեպ նաև մեծ ծառեր), երկարությունը հասնում է 10-100 սմ-ի, ամենամեծ տեսակը՝ ''R. protistum var. giganteum'' ունի 30 մ երկարություն[5][6]։ Տերևները ունեն 1-2 սմ-ից մինչև 50 սմ երկարություն (''R. sinogrande''), բազմաձև, ունեն տերևների օղակադիր դասավորություն։ Բույսերը կամ մշտադալար են, կամ տերևաթափ։ Ծաղիկը երկսեռ է, ծաղկեպսակը մի փոքր անկանոն է՝ դեղին, վարդագույն կամ մանուշակագույն գունավորմամբ, հաճախ առաջացնում են վահանաձև, հովանոցավոր ծաղկաբույլերով, հազվադեպ՝ միայնակ դասավորված։ Պտուղը բազմակորիզ տուփիկ է, որը բացվում է վերևից ներքև։ Սերմերը ցուպիկաձև են՝ 0,5-2 մմ երկարությամբ։

Կարգաբանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Rhododendron L.
  • Hymenanthes (Blume) K.Koch
  • Pentanthera G.Don
  • Tsutsusi
  • Azaleastrum Planch.
  • Candidastrum (Sleumer) Philipson & Philipson
  • Therorhodion

Ակտիվ միացություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Թունաբանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրտավարդի ամբողջ վերգետնյա մասը խիստ թունավոր է մարդու համար, իսկ որոշ տեսակները թունավոր են արածող կենդանիների համար, փոշում և նեկտարում պարունակվող գրայանոտոքսինի պատճառով։ Բույսը պարունակում է թունավոր եթերային յուղ, որի կազմի մեջ մտնում են անդրոմեդոտոքին, արբուտին, լեդոլ, ցիմոլ, պոլյուստրոլ քիմիական միացությունները։ Որոշ դեպքերում մրտավարդը օգտագործվել է ինքնասպանություն գործելու նպատակով։ Այս թույները խախտում են բջիջների ռեցեպտորների նորմալ գործունեությունը, դրդում և ապա արգելակում կենտրոնական նյարդային համակարգը։

Մարդիկ, ուտելով մրտավարդի ծաղիկներից պատրաստված մեղրը, իրենց վատ են զգում։ Քսենոֆոնը նկարագրել է մ.թ.ա. 401 թվականի արշավանքի ընթացքում հունական զինվորների տարօրինակ վարքը՝ Rhododendron ponticum-ով շրջապատված գյուղից մեղր ուտելուց հետո։ Նմանապես մ.թ.ա. 67 թվականին Միհրդատյան երրորդ պատերազմի ընթացքում Պոմպեոսի զինվորները, սնվելով մրտավարդի մեղրով, թունավորվում են, իսկ որոշները՝ մահանում։ Հետագայում ապացուցվեց, որ մրտավարդից պատրաստված մեղրը ունի հալյուցինոգեն և հանգստացնող ազդեցություն[7]։ Մրտավարդը խիստ թունավոր է նաև ձիերի համար. այս բույսով սնվելուց հետո ձիերը մի քանի ժամվա ընթացքում մահանում են։

Դեղաբանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բույսի in vivo ազդեցության ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այն ունի հակավարակային և լեղախթանիչ հատկություն, որի պատճառը ֆլավոնոիդների և սապոնինների հակաօքսիդանտ հատկությունն է։

Rhododendron arboreum–ը Նեպալի ազգային ծաղիկն է։ R. ponticum-ը Քաշմի նահանգի ծաղիկն է։ Այն նաև մի շարք այլ նահանգների պաշտոնական խորհրդանիշն է։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջեյմս Ջոյսի «Ուլիս»-ում մրտավարդը ունի կարևոր դեր Լեոպոլդի և Մոլիի հարաբերություններում։

Իտալիայի Parco della Burcina այգում ծաղկող մրտավարդերը
Իտալիայի Parco della Burcina այգում ծաղկող մրտավարդերը


Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիցեղերը պարունակում է տեղեկություններ՝ մասին։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 8.djvu/68 — Վիքիդարան». hy.wikisource.org. Վերցված է 2022 թ․ փետրվարի 17-ին.
  2. Harper, Douglas. "rhododendron". Online Etymology Dictionary
  3. ῥόδον, δένδρον. Liddell, Henry George; Scott, Robert; A Greek–English Lexicon at the Perseus Project
  4. Հայկական սովետական հանրագիտարան, 8-րդ հատոր
  5. [1] Արխիվացված 2024-01-06 Wayback Machine, Big Tree Rhododendron
  6. [2] Rhododendron protistum var. giganteum
  7. U S Food & Drug Administration Center for Food Safety & Applied Nutrition Food borne Pathogenic Microorganisms and Natural Toxins 1992 (Bad Bug Book)
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մրտավարդ» հոդվածին։
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մրտավարդ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մրտավարդ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 68