Jump to content

Մուրճ (ամսագիր, Թիֆլիս)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մուրճ (այլ կիրառումներ)
Մուրճ
Տեսակհանդես
Լեզուհայերեն
Հիմնադրվել էհունվար 1889
Երկիր Ռուսական կայսրություն
Հրատարակման վայրԹբիլիսի
Լուծարվել էապրիլ 1907

«Մուրճ», գրական, հասարակական-քաղաքական ամսագիր։ Հրատարակվել է 1889-1907 թթ. Թիֆլիսում։ Խմբագիրներ՝ Ա. Արասխանյան, Լ. Սարգսյան։

1888 թ. Ավետիք Արասխանյանը, նպատակ ունենալով հայերեն լեզվով ամսագիր հրատարակել Թիֆլիսում, ցարական կառավարությանն է դիմում խնդրագրով, որտեղ գրված է՝ «Լինենք թարգման հայ ազգի կարիքների, աշխատենք մեր ազգը ուսումնասիրելով նորա շահերը պաշտպանել։ Յորդորենք նորան մտածել ուղիղ, զգալ ազնիւ զգացումներ, հարթել ջանանք նորա առաջանալու ճանապարհները․․․»։ Կառավարությունը թույլ է տալիս «Մուրճ» ամսագրի տպագրությունը։

«Մուրճը» հրատարակվել է 1889 թ. հունվարից մինչև 1907 թ. ապրիլը՝ անձնական ունեցվածքի զոհաբերությունների, մեծ դժվարությունների գնով։

Գործունեությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]

«Մուրճը» եղել է ժամանակի արևելահայ ամենաժողովրդական հանդեսը։ Ամսագիրը կողմնակիցն էր մասնավոր սեփականության, և իր շուրջը համախմբելով ժամանակի ձեռնհաս գործիչներին, առաջ էր քաշում ազգային կյանքի բոլոր բնագավառներում հեղաշրջում առաջացնող հարցեր ու տալիս նրանց պատասխանները։ Այդ հարցերը վերաբերվում էին տնտեսական ու մտավոր կյանքին, հասարակական ու քաղաքական իրադարձություններին, քննարկվում էին խնդիրներ՝ կապված լուսավորությանն ու մշակույթին, գրականությանը, մամուլին ու գիտությանը և այլն։ Ամսագիրը հաճախ էր անդրադառնում հայ համայնքների կյանքին, լուսաբանում նրանց առօրյան, դրվատանքի ու քննադատական խոսք ասում նրանց մասին։ Մերկացվում էր հայկական գյուղերում տիրող անիշխանությունն ու կաշառակերությունը, գյուղական ցեցերի վայրագությունները, թալանն ու օրինազանցությունները։ «Մուրճն» իր շուրջն էր համախմբել հայ գրողներին (Լ. Շանթ, Դ. Դեմիրճյան և այլն), անդրադարձել հայ հին ու նոր գրականության նշանավոր դեմքերին՝ Փավստոս Բյուզանդ, Սայաթ-Նովա, Րաֆֆի և ուրիշներ։ Դեռ նոր գրական ասպարեզ իջած Հովհաննես Թումանյանից 1891-93 թ. «Մուրճը» տպագրել է ավելի քան 35 ստեղծագործություն։ Ավ. Արասխանյանը գրականությունը դիտում էր մի կողմից իբրև ժողովրդի կյանքն արտացոլելու, մյուս կողմից՝ նրան ծառայելու միջոց։

Արասխանյանը «Մուրճը» խմբագրել է տասներկու տարի անընդմեջ։ Նրանից հետո այն խմբագրել են մի քանի այլ անձինք, որոնք հաճախ սեփական գումարներով են փակել ամսագրի ծախսերն ու պարտքերը։ Այդ անուններից են Կոնստանդին Կրասիլնիկյանը, Վարդուհի Քանանյանը, Լևոն Սարգսյանը։

«Մուրճը» փակվեց 1907 թվականի ապրիլին։ Փակման պատճառը ոչ միայն նյութական դժվարություններն ու «Հերմես» տպարանի գործունեության դադարեցումն էր, այլ նաև՝ ռուսական հեղափոխությունից հետո կյանքում ստեղծված նոր պայմանները, հասարակական ուժերի նոր հարաբերությունները։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Գառնիկ Անանյան, Հայ գրականությունը «Մուրճ» ամսագրում (90-ական թվականներ), Երևան, Երևանի համալսարանի հրատարակչություն, 1972, 80 էջ։
  • Արասխանյան Ավետիք, Հայկական համառոտ հանրագիտարան, հտ. 1, Երեւան, 1990, էջ 334։
  • Արասխանյան Ավետիք, Հայ Նոր գրականության պատմություն, հտ. 4, Երեւան, 1972, էջ 114։
  • Մատենագիտություն «Մուրճ» ամսագրի, կազմ.՝ Կ. Քացախյան, խմբ. Հր. Կոստիկյան, Երեւան, Ալ. Մյասնիկյանի անվան գրադարան, 1977, 776 էջ։
  • Սարինյան Ռ., Ավ. Արասխանյան, Երեւան, «Հայաստան» հրատարակչություն, 1980, 148 էջ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 99