Միմի Բալկանսկայա
Միմի Բալկանսկայա | |
---|---|
Բնօրինակ անուն | բուլղար․՝ Мими Балканска |
Ծնվել է | հուլիսի 22, 1902 Ռուսե, Բուլղարիա |
Երկիր | Բուլղարիա |
Մահացել է | մայիսի 22, 1984 (81 տարեկան) Սոֆիա, Բուլղարիա |
Ժանրեր | օպերետ |
Մասնագիտություն | օպերային երգչուհի և երգչուհի |
Գործիքներ | վոկալ |
Պարգևներ | |
Mimi Balkanska Վիքիպահեստում |
Միմի Բալկանսկայա (բուլղար․՝ Мими Михайлова Балканска, հուլիսի 22, 1902, Ռուսե, Բուլղարիա - մայիսի 22, 1984, Սոֆիա, Բուլղարիա[1]), բուլղար երգչուհի, օպերետի դերասանուհի։ Բուլղարիայի ժողովրդական հանրապետության ժողովրդական դերասանուհի (1950), ԲԺՀ սոցիալիստական աշխատանքի հերոս (1975)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Միմի Բալկանսկայան ծնվել է 1902 թվականի հունիսի 23-ին Ռուսեում՝ Միխայիլ Բալկանսկիի ընտանիքում։ Նրա պապը՝ առևտրական, գործարանատեր և բարերար Նիկոլայ Բալկանսկին, եղել է Բուլղարիայում ընդդեմ թուրքական տիրապետության ազգային-ազատագրական շարժման կազմակերպիչներից մեկի՝ Գեորգի Ռակովսկու զարմիկն ու զինակիցը։ Ծնվելուց հետո աղջկան տվել են Ռուսկա անունը, սակայն հայրը նրան գրանցել է տնային «Միմի» մականվամբ։ Աղջիկը յոթ տարեկան է եղել, երբ հայրը մահացել է, որից հետո մայրը երեք երեխաների հետ տեղափոխվել է Սոֆիա։ Սովորելով գիմնազիայում՝ 1914-1917 թվականներին դաշնամուր նվագել է սովորել Հենրիկ Վիզների և Պենկա Տորոմանովայի մոտ։ Ավելի ուշ վոկալը կատարելագործել է Բեռլինում և Վիեննայում[2][3]։
1916 թվականին դասերի վարձն աշխատելու համար փորձել է մրցույթով ընդունվել վերստեղծված օպերետի բուլղարական թատրոնի երգչախումբ, բայց ձախողվել է։ Դերասան Պետկո Ատանասովի խորհրդով ավելի ուշ առավել հարմար արիայով կրկին փորձել է մեներգչուհու տեղը և ընդունվել է։ 17 տարեկանում նորամուտը նշել է «Ռենեսանս» թատրոնում՝ Կալմանի «Կառնավալի փերի» օպերետում Լորիի դերով։ Արտիստական, փոքրամարմին գեղեցկուհուն, որը նվազ, բայց հաճելի սոպրանո ուներ, բարեհաճ են ընդունել քննադատներն ու հանդիսատեսը։ Սուբրետուհու, ապա նաև հերոսուհու դերում բեմական կարիերան արագ զարգացել է և 30-40-ական թվականներին ծաղկման շրջանում Բալկանսկայան համարվել է Բուլղարիայի գլխավոր օպերետային երգչուհին։ Բեմը թողել է 1968 թվականին։
Բալկանսկայան թատրոնում հանդիպել է իր առաջին ամուսնուն՝ հայտնի տենոր Իվան Ցաչևին։ Այս ամուսնությունը նպաստել է Բալկանսկայայի կարիերային, բայց կարճ է եղել. երգիչը որոշել է օպերային կարիերա սկսել Գերմանիայում։ Ցաչևը տեղ է ստացել Դրեզդենի օպերային թատրոնում, իսկ Միմին, թեև դուր է եկել գերմանական հանրությանը, երեք ամիս անց նախընտրել է վերադառնալ Բուլղարիա։ Երկրորդ ամուսին բժիշկ Կիրիլ Մարկովի հետ Բալկանսկայան բաժանվել է նրա դավաճանության պատճառով։ Երգչուհուն բազմաթիվ սիրային կապեր են վերագրել հայտնի մարդկանց հետ, սակայն նրանց մեծ մասը, այդ թվում՝ Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքը, Ալեքսանդր Ստամբոլիյսկին և Գեորգի Դիմիտրովը, իսկ իրականում չեն եղել։ 51 տարեկանում երգչուհին հանդիպել է դերասան Տոդոր Մլադենովի հետ, որը 24 տարով փոքր էր նրանից։ Բալկանսկայան և Մլադենովը քաղաքացիական ամուսնությամբ ապրել են 16 տարի՝ մինչև 1967 թվականին ստամոքսի քաղցկեղից Մլադենովի մահը[4][5]։
Միմի Բալկանսկայան մահացել է 1984 թվականի հունիսի 22-ին Սոֆիայի կառավարական հիվանդանոցում, 81 տարեկանում, ստամոքսի քաղցկեղի պատճառով[6]։
Ստեղծագործական գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]45 տարվա բեմական կարիերայի ընթացքում Բալկանսկայան խաղացել է ավելի քան երեք հարյուր դեր, այդ թվում՝ կանանց բոլոր դերերը «Չարդաշ թագուհին» (Սիլվա, Ստասի, Ցեցիլիա), Մարիցան և Լիզան «Մարիցայում», Գաննա Գլավարին և Վալանսյեննան (Ֆրանց Լեհարի «Ուրախ այրի»), Ֆլորիմոն Էրվեի «Մադեմաուզել Նիտուշ», Պալ Աբրահամի «Բալ Սավոյայում», Ֆրանց Լեգարի «Ժպիտների երկիրը», Ժակ Օֆենբախի «Պերիկոլա» օպերետների գլխավոր դերերը և այլն։
Օպերետի այլ գործիչների հետ համագործակցությամբ 1922 թվականին մասնակցել է Օպերետի կոոպերատիվ թատրոնի հիմնադրմանը, որտեղ ծառայել է մինչև 1938 թվականը և բազմիցս շրջել եվրոպական երկրներում։ 1938-թվականներին եղել է «Օդեոն» թատրոնի առաջատար դերասանուհին։ 1942 թվականին դարձել է Սոֆիայի օպերետի գեղարվեստական թատրոնի հիմնադիրներից մեկը և դրա ռեժիսորն ու տնօրենը մինչև 1946 թվականին փոխակերպումը։ Թատրոնի խաղացանկում եղել են Վիեննայի դասական օպերետներ, խորհրդային և բուլղարական ստեղծագործություններ։ Բալկանսկայան խաղացել է իր բեմադրած բոլոր ներկայացումներում։ 1946 թվականին Սոֆիայի օպերետի թատրոնը վերածվել է Օպերետի ազգային թատրոնի, իսկ 1948 թվականին պետականացվել է և ստացել նոր անուն՝ «Ստեֆան Մակեդոնացու անվան պետական երաժշտական թատրոն»։ Այս թատրոնում դերասանուհին աշխատել է մինչև կարիերայի ավարտը[7]։
Միմի Բալկանսկայան նկարահանվել է կինոյում՝ կարճամետրաժ «Vesela Bulgaria» ֆիլմում երիտասարդ կնոջ դերում (1928) և «Անհավանական պատմություն» (1964) ֆիլմի դրվագում։
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Բուլղարիայի Ժողովրդական Հանրապետության սոցիալիստական աշխատանքնի հերոս (1975)[8]
- «Աշխատանքի կարմիր դրոշի» շքանշան (1959)
- «Կյուրեղ և Մեթոդիուս» I աստիճանի շքանշան
- Դիմիտրովյան մրցանակ (1950)
- Բուլղարիայի Ժողովրդական Հանրապետության ժողովրդական դերասանուհի (1950)
- Բուլղարիայի Ժողովրդական Հանրապետության վաստակավոր դերասանուհի (1949)
Հիշատակ
[խմբագրել | խմբագրել կոդը]Միմի Բալկանսկայայի անունը կրում է Սոֆիայի երիտասարդ կատարողների օպերետի և մյուզիքլի մրցույթը, որը հիմնվել է 1998 թվականին և 2016 թվականին դարձել միջազգային[9][10]։ Երգչուհու անունով փողոցներ են անվանակոչվել Սոֆիայում և Ռուսեում։
2018 թվականի դեկտեմբերի 19-ին բուլղարական օպերետի 100-ամյա հոբելյանի և ազգային երաժշտական թատրոնի 70-ամյակի առիթով թողարկվել է հիշատակի փոստային բացիկ։ Հավաքածուի բացիկի տպաքանակը եղել է 613 օրինակ, դրանց վրա պատկերված է եղել թատրոնի նշանն ու երեք արտիստների դիմանկարներ, որոնք դարձել են բուլղարական օպերետի խորհրդանիշներ՝ Միմի Բալկասկայան, Անգել Սլադկարովան և Ստեֆան Մակեդոնացին (Մայ Ստայկովի նկարիչ)[11][12]։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Нечева Р. Мими Балканска. — София: Наука и изкуство, 1972. — 120 с.
- Митова Е. Мими Балканска, царицата на оперетата. — София: Вулкан 4, 2002. — 153 с.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Commire A. Balkanska, Mimi // Women in World History: A Biographical Encyclopedia. — Gale, 1999. — Т. 1—2. — С. 108. — 936 с. — ISBN 9780787640613
- ↑ «Мими Балканска е родена на 22 юли 1902 г. в Русе». Е-здравей. Վերցված է 2019 թ․ ապրիլի 2-ին.
- ↑ «112 години от рождението на „оперетната царица" Мими Балканска». infoPleven. 22.07.2014. Վերցված է 2019 թ․ ապրիլի 2-ին.
- ↑ «Музиковедът Панайот Стойчев: Любовникът на Мими Балканска бил 25 години по- млад от нея». БЛИЦ (բուլղարերեն). blitz.bg. 2011 թ․ նոյեմբերի 1.
- ↑ Гигова М. (2013 թ․ նոյեմբերի 18). «На 51 Мими Балканска залюбва два пъти по-млад». Епицентър (բուլղարերեն).
- ↑ «Възкресяват легендата Мими Балканска». Impressio (բուլղարերեն). /dir.bg. 2018 թ․ հունիսի 14.
- ↑ Bix R. Bulgaria. Music Theatre // World Encyclopedia of Contemporary Theatre: Volume 1: Europe. — NY: Routledge, 2014. — ISBN 9781136118128
- ↑ Указ № 970 от 23 мая 1975 года
- ↑ Стателова Р. (1998 թ․ հունվարի 9). «Мими Балканска е името на Първия конкурс за млади оперетни артисти». Култура (բուլղարերեն). Фондация Комунитас.
- ↑ «Ще се проведе петият национален и първият международен конкурс „Мими Балканска"». Животът днес (բուլղարերեն). Health Media. 2016 թ․ հոկտեմբերի 17.
- ↑ «Царицата на оперетата Мими Балканска е лице на пощенска картичка». Impressio (բուլղարերեն). /dig.bg. 2018 թ․ դեկտեմբերի 20.
- ↑ «Мими Балканска е лице на пощенска картичка за юбилея на оперетата». Музикален театър (բուլղարերեն). Държавен музикален и балетен център. 2018 թ․ դեկտեմբերի 19. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 14-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 1-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Шумналиев Д. (2017 թ․ օգոստոսի 19). «Мими Балканска, царицата на Евиния плаж». Жената днес (բուլղարերեն).
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միմի Բալկանսկայա» հոդվածին։ |
|