Մեծոփավանքի դպրոց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Մեծոփավանքի դպրոց, գործել է 12-րդ դարի վերջերից, Մեծոփավանքում։ 13-րդ դարի սկզբներին դպրոցը ղեկավարել է «յոյժ իմաստուն և գիտնական» Թովման, իսկ դարավերջին՝ Գլաձորի համալսարանի առաջին սաներից մեկը՝ Մխիթար Սասնեցին (մինչև 1337 թվականը)։ Նրան գործակցել է իր ուսումնակից Հովհաննես Ոսպնակեր Արճիշեցին։ Այստեղ սովորելու էին գալիս Վանա լճի շրջակա գյուղերից և հեռավոր վայրերից։ Մեծավանքի դպրոցում ստեղծվել են մատենագրական երկեր, ընդօրինակվել ձեռագրեր։ Մխիթար Սասնեցու րաբունապետության ժամանակ Մեծոփավանքի դպրոցը, Գլաձորի համալսարանի ղեկավարությամբ, պայքարել է Հռոմի միարարների (ունիթոռների) դեմ, և այդ պայքարն այնուհետև դարձել է դպրոցի հիմնական նպատակներից մեկը։ 14-րդ դարի վերջերին դպրոցի վարդապետը եղել է Տաթևի համալսարանի սան, Հովհաննես Որոտնեցու աշակերտ Հովհաննես Մեծոփեցին, որը վերակառուցել է վանքը և օժանդակ շինություններ կառուցել։ 1408 թվականին Գրիգոր Տաթևացին Մեծոփավանքում հիմնադրել է բարձր տիպի դպրոց (160 աշակերտով և 8 վարդապետով), որտեղ ավելի ուշ րաբունապետ են եղել Գրիգոր Խչաթեցին ու Թովմա Մեծոփեցին։ Մեծոփավանքի դպրոցը փաստորեն Խառաբաստավանքի և Տաթևի բարձր տիպի դպրոցների շարունակությունն էր։ Մեծոփավանքի դպրոցում ծաղկել է հատկապես գրչության և մանրանկարչության արվեստը։ Սաներից հայտնի են 22 ընտիր գրիչներ՝ Հովհաննես Մանկասարենցը, Հունանը, Հակոբը, Հովհաննես Բաղիշեցին, Պետրոսը, Թովման, Ղազարը, Մկրտիչը, Զաքարիան, Հակոբ Բերկրեցին, Կարապետ Վանեցին, Ստեփանոսը, Հայրապետը, Ներսեսը, Հովհաննես Արծկեցին, Կիրակոս Բանասերը և ուրիշներ, որոնցից մեզ է հասել շուրջ 200 ձեռագիր։ Մանրանկարչության ներկայացուցիչն է դպրոցի սան Մինաս ծաղկողը, որին աշակերտել են նշանավոր ծաղկողներ Կարապետ Բերկրեցին, Կարապետ Աղթամարցին։ Հայտնի է նաև Հայրապետ կազմողը։ Մեծոփավանքում խմբագրվել, սրբագրվել, մեկնվել են բազմաթիվ երկեր, շարադրվել պատմություններ, տոմարագիտական, գրչության արվեստի, երաժշտության վերաբերյալ երկեր, նկարազարդվել, կազմվել, նորոգվել են բազմաթիվ գրքեր։ Անապահով է եղել դպրոցի վիճակը․ մի քանի անգամ տեղափոխվել է մերթ Բաղեշ, մերթ Մշո Առաքելոց վանք։ Թովմա Մեծոփեցուն փոխարինել է իր դասընկեր Սարգիս վարդապետը։ 16-րդ դարում Մեծոփավանքը այրվել է։ 17-րդ դարից հիշվում է միայն Մեծոփվանքի դպրոցի մատենադարանը, որը կողոպտվել է 1895 թվականին։ Պահպանված 100 ձեռագրերը 1915 թվականին անցել են քրդերի ձեռքը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 441