Հունան, նահանգ Չինաստանում, Յանցզի գետի միջին հոսանքների և Դունտինհու լճի ավազանում։ Տարածությունը 210 հզ. կմ² է, բնակչությունը՝ 37,18 մլն (1973), վարչական կենտրոնը՝ Չանշա։ Նահանգի արևմուտքում և հարավում տիրապետում են լեռներն ու բլուրները, կենտրոնական մասում և հյուսիսում՝ հարթավայրերը։ Կլիման մերձարևադարձային է, մուսսոնային։ Տնտեսության հիմքը գյուղատնտեսությունն է։ Մշակվում է նահանգի տարածքի 1/5%-ը։ Մշակում են բրինձ, եգիպտացորեն, ցորեն, գարի, ճենականեփ, բամբակ, թեյ, կանճրակ, գետնընկույզ, ջուտ, ծխախոտ։ Զբաղվում են նաև այգեգործությամբ, ձկնորսությամբ, ձկնաբուծությամբ, անասնապահությամբ, փայտանյութի մթերմամբ և տունգի յուղի ստացմամբ։ Զարգանում է լեռնահանքային արդյունաբերությունը, գունավոր մետալուրգիան, մեքենաշինությունը։ Արդյունահանվում է ծարիր, կապար, ցինկ, վոլֆրամ, մանգան։ Կան սննդի, թղթի և տեքստիլ արդյունաբերության ձեռնարկություններ, արհեստագործություն։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 645)։