Մարուսյա Վահրամյան
Մարուսյա Վահրամյան | |
---|---|
Ծնվել է | 1919 |
Ծննդավայր | Արմավիր, Կուբանի մարզ, ՌԽՖՍՀ |
Վախճանվել է | 2012 |
Մահվան վայր | Թավրիզ, Իրան |
Քաղաքացիություն | Իրան |
Մասնագիտություն | նկարչուհի և երաժիշտ |
Ամուսին | Գրիգոր Վահրամյան |
Զավակներ | Վարդան Վահրամյան |
Մարուսյա Վահրամյան (օրիորդական ազգանունը` Առաքելյան, 1919, Արմավիր, Կուբանի մարզ, ՌԽՖՍՀ - 2012, Թավրիզ, Իրան), հայ նկարիչ, երաժիշտ։
Գրիգոր Վահրամյանի կինը, Վարդան Վահրամյանի մայրը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարուսյա Առաքելյանը ծնվել է 1919 թվականին Ռուսաստանի Արմավիր քաղաքում։ Մանուկ հասակում ընտանիքի հետ տեղափոխվել է Իրան և բնակություն հաստատել Թավրիզում։ Սովորել է տեղի հայկական դպրոցում։ Նկարչություն է սովորել Մոսկվայից Թավրիզ ժամանած Գրիգոր Վահրամյանի մոտ։ Մարուսյայի կտավները ցուցադրվել են Թավրիզում կայացած տարբեր ցուցահանդեսներում։ 1958 թվականին Մարուսյան ամուսնացել է իր վարպետի` Գրիգոր Վահրամյանի հետ[1]։
Մարուսյայի ստեղծագործություններն ունեն դասական արմատներ և ուժեղ սիմվոլիկա։ Մարուսյան պատկերել է Ուրմիայի և Մարաղայի բնությունը, Թավրիզի գեղատեսիլ վայրերը։ Նա նաև փորագրել է փայտի և արծաթի վրա։
Մարուսյա Վահրամյանը զբաղվել է նաև երաժշտությամբ, դասավանդել է նկարչություն և երաժշտություն, երեխաներին ուսուցանել է դաշնամուր նվագել։ 1938-1939 թվականներին խաղացել է թատրոնում` Շուշանիկ Արամյանի խմբում։ Հանդես է եկել Գաբրիել Սունդուկյանի «Խաթաբալա», «Քանդած օջախ», Լևոն Շանթի «Ինկած բերդի իշխանուհին» բեմադրություններում։
Շուրջ երեսուն տարի Մարուսյան զբաղված է եղել թատերական գործունեությամբ, ղեկավարել է տասը հոգանոց մի խումբ։ 2008 թվականին Մարուսյան Թավրիզի հայ թատրոնում բեմադրել է «Կոմիտաս» ներկայացումը[1]։
Մարուսյան մահացել է 2012 թվականի հուլիսին` Թավրիզում։
2013 թվականին ռեժիսոր Նավիդ Միխաքը նկարահանել է «Մարուսյան» ֆիլմը[2], որը նույն թվականի հուլիսի 13-ին ցուցադրվել է Երևանում` Ոսկե ծիրան կինոփառատոնի արտամրցութային ծրագրում[1][3]։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Իրանահայոց հանրագիտարան։ Կազմող` Ժանետ Տ. Լազարյան։ Երևան, «ՎՄՎ-Պրինտ, 2012։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 Նորություններ » «Ոսկե ծիրանը» երիտասարդ, բայց և որակյալ փառատոն է»
- ↑ «Documentary MAROOSYA at 2014 Arpa Festival - Arpa International Film Festival». Arpa International Film Festival (ամերիկյան անգլերեն). 2014 թ․ սեպտեմբերի 11. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 22-ին.
- ↑ «Մարուսյան». www.gaiff.am. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 1-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 22-ին.