Ձվարանի ոլորում
Ձվարանի ոլորում | |
---|---|
Կանանց վերարտադրողական համակարգի զարկերակներ․ արգանդային զարկերակ, ձվարանային զարկերակ և հեշտոցային զարկերակներ։ (Ձվարանը և ձվարանային զարկերակը պատկերված է աջ վերևի հատվածում) | |
Տեսակ | հիվանդություն |
Հիվանդության ախտանշաններ | Կոնքի ցավ[1] |
Բժշկական մասնագիտություն | Գինեկոլոգիա |
ՀՄԴ-9 | 620.5 |
ՀՄԴ-10 | N83.5 |
Հոմանիշներ | Հավելումի ոլորում[2] |
Ռիսկի գործոններ | Ձվարանի կիստա, ձվարանի մեծացում, ձվարանի ուռուցք, հղիություն, փողերի կապում[1][3] |
Ախտորոշում | Ախտանիշների հիման վրա, ուլտրաձայնային հետազոտություն, համակարգչային շերտագրություն[1][2] |
Տարբերակիչ ախտորոշում | Ապենդիցիտ, երիկամային ինֆեկցիա, երիկամի քարեր, արտարգանդային հղիություն[1] |
Բուժում | Վիրահատություն[2] |
Բարդություններ | Անպտղություն[1] |
Սկիզբը | Սովորաբար հանկարծակի[1] |
Հանդիպման հաճախականություն | Տարեկան 100000 կնոջ հաշվարկով 6 դեպք[1] |
Ovarian torsion Վիքիպահեստում |
Ձվարանի ոլորում (ՁՈ) կամ հավելումի ոլորում, ոչ նորմալ վիճակ է, երբ ձվարանը ոլորվում է այլ կառույցներին միացնող իր անոթային ոտիկի շուրջ այնպես, որ իր արյան հոսքը նվազում է[3][4]։ Ախտանիշները սովորաբար ներառում են միակողմանի կոնքի ցավ[1][5]։ Չնայած նրան, որ սովորաբար ցավը հանկարծակի է սկսվում՝ միշտ չէ, որ այդպես է[1]։ Այլ ախտանիշներից կարող է լինել սրտխառնոցը[1]։ Բարդությունները կարող են ներառել վարակ, արյունահոսություն կամ անպտղություն[1][5]։
Ռիսկի գործոններից են ձվարանի կիստան, ձվարանի մեծացումը, ձվարանի ուռուցքները, հղիությունը, անպտղության բուժումը և նախկինում իրականացված փողերի կապումը[1][3][5]։ Ախտորոշմանը կարող են օգնել հեշտոցային ուլտրաձայնային հետազոտությունը կամ համակարգչային շերտագրությունը, սակայն վերջիններս ամբողջությամբ չեն կարող բացառել ախտորոշումը[1]։ Վիրահատությունը ախտորոշման ամենաճշգրիտ եղանակն է[1]։
Բուժումը իրականացվում է վիրահատության միջոցով՝ ձվարանը կամ հետ է ոլորվում և ֆիքսվում, կամ էլ հեռացվում է[1][2]։ Ձվարանը շատ հաճախ վերականգնվում է, անգամ եթե այդ վիճակը առկա է եղել երկար ժամանակ[5]։ Այն մարդկանց մոտ, որոնք նախկինում ունեցել են ձվարանի ոլորում, առկա է 10% հավանականություն, որ մյուս ձվարանը նույնպես կոլորվի[4]։ Այս ախտորոշումը համեմատաբար հազվագյուտ է՝ տարեկան ախտահարելով 6 կնոջ՝ 100000 կանանց հաշվարկով[1]։ Չնայած այն առավել հաճախ հանդիպում է վերարտադրողական տարիքում՝ այն կարող է առաջանալ ցանկացած տարիքում[1]։
Նշաններ և ախտանիշներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ձվարանի ոլորումով բուժառուները հաճախ ունենում են հանկարծակի, սուր և սովորաբար միակողմանի ցավ որովայնի ստորին հատվածում, 70% դեպքերում այն ուղեկցվում է սրտխառնոցով և փսխումով[6]։
Պաթոֆիզիոլոգիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ձվարանի գոյացության զարգացումը կապված է ոլորման զարգացման հետ։ Վերարտադրողական տարիքում մեծ կորպուս լյուտեալ կիստաների կանոնավոր աճը ոլորման ռիսկի գործոն է։ Ձվարանների ուռուցքների զանգվածային ազդեցությունը նույնպես ոլորման տարածված պատճառ է։ Ձվարանների ոլորումը սովորաբար տեղի է ունենում արգանդափողի ոլորման հետ մեկտեղ՝ նրանց ընդհանուր անոթային ոտիկի վրա՝ լայն կապանի շուրջ, թեև հազվադեպ դեպքերում ձվարանը պտտվում է մեզոօվարիումի շուրջ, կամ արգանդափողը պտտվում է մեզոսալպինքսի շուրջ։ 80% դեպքերում ոլորումը տեղի է ունենում միակողմանի՝ աջ կողմի թեթև գերակշռությամբ։ Ձվարանների ոլորման ժամանակ ձվարանը պտտվում է և՛ ձագար-կոնքային կապանի (այսինքն՝ կախակալ կապան) և արգանդ-ձվարանային կապանի (այսինքն՝ ձվարանային կապանի) շուրջ՝ խանգարելով արյան հոսքը դեպի ձվարան[փա՞ստ]։
Ախտորոշում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ձվարանի ոլորումը դժվար է ճշգրիտ ախտորոշել, և վիրահատությունը հաճախ կատարվում է նախքան որոշակի ախտորոշում դնելը։ Մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքում կատարած ուսումնասիրությունը ցույց է տվել, որ ձվարանի ոլորման նախավիրահատական ախտորոշումը հաստատվել է մարդկանց միայն 46%-ի մոտ[7]։
Ուլտրաձայնային հետազոտություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գինեկոլոգիական ուլտրասոնոգրաֆիան ախտորոշման նախընտրելի տարբերակն է[8]։ Առաջարկվել է նաև որպես ախտորոշման միջոց օգտագործել դոպլեր ուլտրաձայն[9][10]։ Սակայն ոլորման դեպքում դոպլեր հոսքը ոչ միշտ է, որ բացակայում է՝ վերջնական ախտորոշումը հաճախ իրականացվում է վիրահատական սրահում[11]։
Դոպլեր սոնոգրաֆիայով ձվարանային արյան հոսքի բացակայությունը ձվարանի ոլորման լավ կանխատեսիչ է։ Պաթոլոգիկ ցածր հոսքով կանանց մոտ ձվարանի ոլորման հավանականությունը ավելի մեծ է[7]։ Ձվարանային ոչ նորմալ արյան հոսքի զգայունությունը և սպեցիֆիկությունը համապատասխանաբար կազմում են 44% և 92%, իսկ դրական և բացասական կանխատեսող արժեքները համապատասխանաբար 78% և 71% են[7]։ Դոպլեր սոնոգրաֆիայով հոսքի սպեցիֆիկ առանձնահատկություններն են[8]․
- Քիչ կամ բացակայող ներձվարանային երակային հոսք։ Սա հաճախ հանդիպում է ձվարանի ոլորման ժամանակ։
- Բացակայող զարկերակային հոսք։ Սա ձվարանի ոլորման ժամանակ ավելի հազվադեպ է հանդիպում։
- Բացակայող կամ հետադարձ դիաստոլիկ հոսք։
Նորմալ անոթավրումը չի բացառում ընդհատվող ոլորումը։ Երբեմն կարող է լինել նորմալ դոպլեր հոսք, քանի որ ձվարանը ունի կրկնակի արյան մատակարարում՝ ինչպես ձվարանային, այնպես էլ արգանդային զարկերակներից[փա՞ստ]։
Ուլտրաձայնային այլ առանձնահատկություններից են[8]՝
- Մեծացած հիպոէխոգեն կամ հիպերէխոգեն ձվարան
- Ծայրամասորեն տեղաշարժված ձվարանային ֆոլիկուլներ
- Ազատ հեղուկ կոնքի խոռոչում։ Սա կարող է առկա լինել դեպքերի ավելի քան 80%-ում։
- Հորձանուտի նշան, ինչը խոսում է ոլորված անոթային ոտիկի մասին
- Հաճախ կարելի է հայտնաբերել ոլորման հիմքում ընկած ձվարանի ախտահարումը։
- Արգանդը կարող է փոքր ինչ շեղված լինել դեպի ոլորված ձվարանը։
Բուժում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ձվարանի ոլորման վիրահատական բուժումը ներառում է լապարասկոպիա՝ ոլորված ձվարանը ետ ոլորելու համար և, հնարավոր է, օոֆորոպեքսիա՝ ձվարանն ամրացնելու համար, որը հավանական է, որ նորից ոլորվելու է[12]։ Ծանր դեպքերում, երբ արյան հոսքը դեպի ձվարան երկար ժամանակով ընդհատվում է, կարող է առաջանալ ձվարանների նեկրոզ։ Այս դեպքերում ձվարանն անհրաժեշտ է հեռացնել վիրահատական ճանապարհով[13][14]։
Համաճարակաբանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ձվարանի ոլորումը կազմում է գինեկոլոգիական շտապ դեպքերի մոտ 3%-ը։ Ձվարանի ոլորման հաճախականությունը բոլոր տարիքի կանանց մոտ 5,9 է 100000 կնոջ հաշվարկով, իսկ վերարտադրողական տարիքի (15-45 տարեկան) կանանց մոտ՝ 9,9՝ 100000 կնոջ հաշվարկով[15]։ Դեպքերի 70%-ում այն ախտորոշվում է 20-ից 39 տարեկան կանանց մոտ։ Ռիսկը մեծանում է հղիության և դաշտանադադարի ընթացքում։ Ռիսկի գործոնները ներառում են ձվարանային կապանների մեծացած երկարություն, պաթոլոգիկ մեծացած ձվարաններ (ավելի քան 6 սմ), ձվարանի գոյացություններ կամ կիստաներ և հղիության ընթացքում մեծացած դեղին մարմնիկ[փա՞ստ]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ամորձու ոլորում – համարժեք վիճակ տղամարդկանց մոտ
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 1,16 Robertson JJ, Long B, Koyfman A (April 2017). «Myths in the Evaluation and Management of Ovarian Torsion». The Journal of Emergency Medicine. 52 (4): 449–456. doi:10.1016/j.jemermed.2016.11.012. PMID 27988260.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 «Adnexal Torsion». Merck Manuals Professional Edition. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 12-ին.
- ↑ 3,0 3,1 3,2 Asfour V, Varma R, Menon P (2015). «Clinical risk factors for ovarian torsion». Journal of Obstetrics and Gynaecology. 35 (7): 721–5. doi:10.3109/01443615.2015.1004524 (inactive 2023 թ․ օգոստոսի 1). PMID 26212687.
{{cite journal}}
: CS1 սպաս․ DOI inactive as of 2023 (link) - ↑ 4,0 4,1 Ros PR, Mortele KJ (2007). CT and MRI of the Abdomen and Pelvis: A Teaching File (անգլերեն). Lippincott Williams & Wilkins. էջ 395. ISBN 9780781772372.
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 Wall R (2017). Rosen's Emergency Medicine: Concepts and Clinical Practice (9 ed.). Elsevier. էջ 1232. ISBN 978-0323354790.
- ↑ Torsion 795994, բաժին Ovarian Torsion(անգլ.) EMedicine կայքում
- ↑ 7,0 7,1 7,2 Bar-On S, Mashiach R, Stockheim D, Soriano D, Goldenberg M, Schiff E, Seidman DS (April 2010). «Emergency laparoscopy for suspected ovarian torsion: are we too hasty to operate?». Fertility and Sterility. 93 (6): 2012–5. doi:10.1016/j.fertnstert.2008.12.022. PMID 19159873.
- ↑ 8,0 8,1 8,2 Weerakkody Y, Dixon A. «Ovarian torsion». Radiopaedia.
- ↑ Peña JE, Ufberg D, Cooney N, Denis AL (May 2000). «Usefulness of Doppler sonography in the diagnosis of ovarian torsion». Fertility and Sterility. 73 (5): 1047–50. doi:10.1016/S0015-0282(00)00487-8. PMID 10785237.
- ↑ Zanforlin Filho SM, Araujo Júnior E, Serafini P, Guimarães Filho HA, Pires CR, Nardozza LM, Moron AF (April 2008). «Diagnosis of ovarian torsion by three-dimensional power Doppler in first trimester of pregnancy». The Journal of Obstetrics and Gynaecology Research. 34 (2): 266–70. doi:10.1111/j.1447-0756.2008.00768.x. PMID 18412795. S2CID 25469572.
- ↑ Tintinalli J (2004). Emergency Medicine. McGraw Hill Professional. էջ 904. ISBN 978-0-07-138875-7.
- ↑ «oophoropexy». Repropedia.
- ↑ Crouch NS, Gyampoh B, Cutner AS, Creighton SM (December 2003). «Ovarian torsion: to pex or not to pex? Case report and review of the literature». Journal of Pediatric and Adolescent Gynecology. 16 (6): 381–4. doi:10.1016/j.jpag.2003.09.017. PMID 14642961.
- ↑ Eckler K, Laufer MR, Perlman SE (August 2000). «Conservative management of bilateral asynchronous adnexal torsion with necrosis in a prepubescent girl». Journal of Pediatric Surgery. 35 (8): 1248–51. doi:10.1053/jpsu.2000.8764. PMID 10945705.
- ↑ Yuk JS, Kim LY, Shin JY, Choi DY, Kim TY, Lee JH (May 2015). «A national population-based study of the incidence of adnexal torsion in the Republic of Korea». International Journal of Gynaecology and Obstetrics. 129 (2): 169–70. doi:10.1016/j.ijgo.2014.11.027. PMID 25721499. S2CID 12427870.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ձվարանի ոլորում» հոդվածին։ |
|