Ամորձու ոլորում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ամորձու ոլորում
Illu testis surface.jpg
1. Մակամորձի 2. Մակամորձու գլուխ 3. Մակամորձու բլթեր 4. Մակամորձու մարմին 5. Մակամորձու պոչ 6. Մակամորձու ծորան 7. Սերմնածորան
ՏեսակՆերբունոցային ոլորում, արտաբունոցային ոլորում[1]
Հիվանդության ախտանշաններԱմորձու ուժեղ ցավ, բարձրացած ամորձի[1]
Բժշկական մասնագիտությունՈրոլոգիա
Ռիսկի գործոններ«Զանգակի դեֆորմացիա», ամորձու ուռուցք, ցածր ջերմաստիճան[1]
ԱխտորոշումԱխտանիշների հիման վրա[1]
Տարբերակիչ ախտորոշումԷպիդիդմիտ, աճուկային ճողվածք, ամորձու ելունի ձգվածություն[2]
ԲուժումԱմորձու ետ ոլորում մեխանիկական եղանակով, վիրահատություն[1]
ԲարդություններԱնպտղություն[2]
ԿանխատեսումՀիմնականում լավ՝ արագ բուժման դեպքում[1]
Հանդիպման հաճախականությունՏարեկան մոտավորապես 1 դեպք 15․000-ից (25 տարեկանից երիտասարդ)[2][3]

Ամորձու ոլորում, վիճակ, երբ սերմնալարը (որից ամորձին կախված է) ոլորվում է սեփական առանցքի շուրջ՝ բերելով ամորձու արյունամատակարարման խանգարման[3]։ Երեխաների մոտ ամենահաճախ հանդիպող ախտանիշը հանկարծակի սկսվող խիստ ցավն է ամորձու շրջանում[1]։ Ամորձին կարող է փոշտում գրավել ավելի բարձր դիրք քան սովորաբար և կարող է առաջանալ փսխում[1][2]։ Նորածինների մոտ ցավը կարող է բացակայել, և դրա փոխարեն փոշտը կարող է գունատվել, կամ ամորձին կարող է բացակայել իր սովորական տեղից[1]։

Ամորձու ոլորումով հիվանդները սովորաբար չեն ունենում հիմքում ընկած ակնհայտ առողջական խնդիրներ[1]։ Ոլորմանը նախորդող վնասվածքը կամ ամորձու ուռուցքը կարող են բարձրացնել ռիսկը[1][3]։ Այլ ռիսկի գործոն է համարվում «զանգակաձև ձևափոխում» կոչվող բնածին մալֆորմացիան, որի դեպքում ամորձին ոչ ճիշտ է ամրանում փոշտին, ինչի հետևանքով ամորձին կարող է ազատ շարժվել փոշտում՝ բերելով ոլորմանը[1]։ Ցածր ջերմաստիճանը նույնպես կարող է հանդիսանալ ռիսկի գործոն[1]։ Ախտորոշումը հիմնականում կատարվում է ախտանիշների հիման վրա[1][2]։ Երբ պատկերը այնքան էլ պարզ չէ, կարելի է դիմել գերձայնային հետազոտության օգնությանը[2]։

Բուժումը հնարավորության դեպքում ներառում է ամորձու ետ ոլորում, որին հաջորդում է վիրահատությունը[1]։ Ցավը կարելի է մեղմացնել օփիոիդներով[1]։ Բուժման արդյունքը կախված է ծախսված ժամանակից[1]։ Եթե բուժումը իրականացվել է առաջին վեց ժամերի ընթացքում, ապա այն սովորաբար արդյունավետ է, իսկ եթե ուշացվել է 12 կամ ավել ժամով, ապա ամորձին սովորաբար հնարավոր չէ փրկել[1]։ Դեպքերի մոտ 40%-ի մոտ հարկավոր է լինում հեռացնել ամորձին[2]։

Ամորձու ոլորումը ավելի հաճախ հանդիպում է ծննդից միանգամից հետո, կամ էլ սեռահասունացման շրջանում[2]։ Այն տարեկան հանդիպում է 25 տարեկանից երիտասարդ տղամարդկանցից 4000-25000-ից մեկի մոտ[2][3]։ Այն երեխաների մոտ, որոնց մոտ հանկարծակի առաջացել է ամորձու ցավ՝ դեպքերի 10 տոկոսը բաժին են ընկել ամորձու ոլորմանը[2]։ Բարդություններից է անպտղությունը[2]։ Այս վիճակը առաջին անգամ նկարագրվել է 1840 թվականին Լուի Դելասյոյի կողմից[4]։

Նշաններ և ախտանիշներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամորձու ոլորման հիմնական ախտանիշը խիստ ցավն է ամորձու շրջանում, կամ ցավը աճուկային շրջանում կամ որովայնի ստորին հատվածում[2]։ Ցավը հիմնականում սկսվում է հանկարծակի և սովորաբար ընդգրկում է միայն մեկ կողմը[5]։ Հաճախ լինում է նաև սրտխառնոց և փսխում[2]։ Սերմնալարի շուրջ ոլորման և վերջինիս կարճացման հետևանքով ամորձին կարող է ավելի բարձր դիրք գրավել փոշտում քան սովորաբար[5], կամ կարող է գտնվել հորիզոնական հարթությունում։ Ամորձու շրջանում կարող է առաջանալ թեթևակի կարմրություն և տաքություն։ Ամորձու բարձրացումը կարող է վատացնել ցավը։ Կրեմաստերիկ ռեֆլեքսը, որը նորմայում առաջացնում է ամորձու բարձրացում՝ ազդրի ներսային մակերեսը շոյելիս, կարող է բացակայել[1]՝ հատկապես երեխաների մոտ[5]։ Միզային ախտանիշները, ինչպիսին է՝ ցավը կամ միզարձակման հաճախականության բարձրացումը, սովորաբար նույնպես բացակայում են[6]։ Ախտանիշների առաջացումը հիմնականում հաջորդում է ֆիզիկական ակտիվությանը կամ ամորձու և փոշտի վնասվածքներին։ Ամորձու ոլորումով երեխաները կարող են գիշերը կամ առավոտյան արթնանալ ամորձու կամ որովայնի ցավից[7]։ Հիվանդի մոտ կարող են լինել նախկինում առաջացած նմանատիպ ցավերի էպիզոդներ, որոնք առաջացել են ժամանակավոր ոլորումից, որը սպոնտան կերպով ինքն իրեն հետ է ոլորվել[5]։

Բարդություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ամորձու ինֆարկտ․ ամորձու այս տեսակի վնասումը առաջանում է արյան մատակարարման խանգարման հետևանքով, ինչի դեպքում խանգարվում է թթվածնի և սննդանյութերի մատակարարումը դեպի ամորձի։ Եթե վիրահատության ժամանակ ամորձին վիզուալ կենսունակ չէ, ապա այն պետք է հեռացնել՝ կանխելու համար հետագա մեռուկացումը։
  • Անպտղություն[8]․ Ամորձու ոլորման ազդեցությունը պտղաբերության վրա դեռևս հստակ հասկացված չէ[9]։ Այնուամենայնիվ, ամորձու ոլորումը կարող է բերել սերմի հետազոտության որոշ ցուցանիշների խախտման, ինչպես նաև այս խախտումները ավելի հաճախ հանդիպում են դեռահասների և մեծահասակների մոտ։ Ոլորումը նորածինների մոտ չի ազդում սերմի հետագա ֆունկցիոնալ ցուցանիշների վրա[10]։ Սերմի ոչ նորմալ ֆունկցիոնալությունը կապված է հետևյալ մեխանիզմների հետ՝
    • Իմունոլոգիական տեսություն, հայտնի նաև ինչպես «սիմպաթիկ օրխիդոպաթիա»․ համարվում է, որ ամորձու վնասվածքից հետո, օրգանիզմի իմուն համակարգը ակտիվանում է՝ մաքրելու համար վնասված բջիջները։ Այս գործընթացի արդյունքում սինթեզվում են ամորձու բջիջների դեմ ուղղված հակամարմիններ, որոնք անցնում են արյուն-ամորձային պատնեշը և վնասում են համ վնասված համ էլ առողջ ամորձին[10]։
    • Ամորձու միկրոցիրկուլյացիայի խանգարում[10][11]։
    • Ռեպերֆուզիոն վնասվածք․ այս տիպի վնասվածքը հանդիպում է այն դպքերում, երբ ամորձին երկար ժամանակ զրկված է եղել արյունամատակարարումից[10]։
  • Փտախտ, կամ բոլոր այն հյուսվածքային վնասումները, որոնք առաջանում են արյան մատակարարման խանգարման հետևանքով, այնուամենայնիվ սա շատ քիչ հավանական է[12][13]։
  • Ամորձին կորցնելու հետևանքով առաջացող հոգեկան խանգարումներ[14]։

Ռիսկի գործոններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամորձու ոլորումով հիվանդների մեծ մասը չեն ունեցել հիմքում ընկած առողջական խնդիրներ կամ նախատրամադրող գործոններ[1]։ Սակայն, կան որոշ գործոններ, որոնք կարող են մեծացնել ամորձու ոլորման ռիսկը։ Նորմայի սահմաններում, բայց չափերով մեծ ամորձին, ինչպես նաև ամորձու ուռուցքը մեծացնում են ոլորման հավանականությունը[3]։ Նմանապես, սերմնալարը ընդգրկող որոշակի զանգվածի կամ ուռուցքի առկայությունը նույնպես կարող է հանդիսանալ ոլորման նախատրամադրող գործոն[1]։

Տարիքը նույնպես հանդիսանում է ոլորման համար կարևոր ռիսկի գործոն։ Ոլորումը հիմնականում առաջանում է կամ նորածինների մոտ, կամ էլ սեռահասունացումից անմիջապես առաջ կամ վերջինիս ընթացքում[2]։ Ամորձու ոլորումը հաճախ առաջանում է սեռահասունացումից առաջ, կամ դրա ընթացքում՝ ամորձու լրիվ իջեցման հետևանքով։ Էպիդիդիմիտը հանդիսանում է սեռահասունացումից հետո ամենահաճախ հանդիպող վիճակը[7]։

Ամորձիների կամ նրանց շրջապատող կառույցների հետ կապված որոշ բնածին անատոմիական մալֆորմացիաներ կամ վարիացիաներ կարող են բերել փոշտի պտտման հավանականության մեծացմանը, ինչը բարձրացնում է ամորձու ոլորման հավանականությունը[3]։ Բունոցային ելունի բնածին մալֆորմացիան, որը հայտնի է ինչպես «զանգակաձև դեֆորմացիա», հանդիսանում է բոլոր դեպքերի 90%-ի պատճառը[3][15]։ Այս դեպքում, ամորձիները մեզորխիումի միջոցով չեն միանում փոշտի ներսային շերտի հետին հատվածին, փոխարենը՝ մեզորխիումը ավելի շուտ է վերջանում և ամորձիները ազատ լողում են բունոցային շերտում։ Այլ անատոմիական ռիսկի գործոններից են՝ ամորձու հորիզոնական դասավորվածությունը, կամ սերմնալարի ներփոշտային հատվածի չափից շատ երկար լինելը[3]։

Կրիպտօրխիդիզմը նույնպես համարվում է ոլորման ռիսկի գործոն[3], որոշ հետազոտություններ մատնանշում են 10 կարգով բարձր ռիսկի[16]։

Ամորձու ոլորումը կարող է առաջանալ նաև փոշտին հասցված վնասվածքի պատճառով կամ վարժության ընթացքում(հատկապես հեծանիվ վարելիս)[9], սակայն դեպքերի միայն 4-8%-ն են հանդիսանում վնասվածքի հետևանք[1][2]։

Բազմաթիվ հետազոտությունների կարծիքով կա ամորձու ոլորման որոշակի գենետիկական նախատրամադրվածություն[9]։ Նաև դեռ պարզ չէ, թե արդյոք սառը եղանակային պայմանները կախված են ոլորման բարձր ռիսկի հետ, թե ոչ[9]։

Ախտաֆիզիոլոգիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամորձու ոլորումը կատարվում է, երբ սերմնալարը, որից նորմայում կախված է ամորձին փոշտի սահմաններում և որը պարունակում է ամորձային զարեկարակն ու երակը, ոլորվում է։ Սերմնալարի ոլորման հետևանքով ամորձու արյունահոսքը խանգարվում կամ ընդհանրապես դադարում է[3]։ Երակային և զարկերակային կանգի աստիճանը կախված է ոլորման ծանրությունից և տևողությունից։ Սովորաբար, առաջինը տուժում է երակային արյունահոսքը[1]։ Երակային ճնշման մեծացումը բերում է զարկերակային արյունահոսքի իջեցմանը, որն էլ իր հերթին բերում է դեպի ամորձի թթվածնի մատակարարման խանգարմանը, և եթե չբուժվի, ի վերջո կբերի ամորձու ինֆարկտի[2]։

Պտղի զարգացման ընթացքում տեղի ունեցող ոլորումը բերում է այսպես կոչված նեոնատալ ոլորման կամ անհետացող ամորձու, և հանդիսանում է նորածինների մոտ մոնորխիզմի (մեկ ամորձի) առաջացման պատճառներից մեկը[17]։

Ամորձու ընդմիջվող ոլորում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամորձու ընդմիջվող ոլորումը հանդիսանում է ոլորման նվազ լուրջ, բայց քրոնիկական տեսակ։ Այն բնորոշվում է ամորձու կամ փոշտի շրջանի ընդմիջվող ցավերով, որոնց հաջորդում է սպոնտան ետ ոլորումը և ցավերի անհետացումը։ Կարող է առաջանալ սրտխառնոց և փսխում[6]։ Այսպիսի անհատները գտնվում են լրիվ ոլորման և հետագա օրխիէկտոմիայի (ամորձու հեռացում) բարձր ռիսկի խմբում, այդ իսկ պատճառով նրանց ցուցված է ընտրողական երկկողմանի օրխիոպեքսիա (ամորձու ֆիքսացիա)։ Այս վիրահատությանը ենթարկված բուժառուների 97 տոկոսի մոտ ախտանիշները ամբողջովին վերացել են[18]։

Ամորձու արտաբունոցային ոլորում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ոլորումը, որը տեղի է ունենում բունոցային շերտից դուրս, որի դեպքում ամորձին կարող է ազատորեն պտտվել, կոչվում է արտաբունոցային ոլորում։ Այս տեսակի ոլորումը հանդիպում է բացառապես նորածինների մոտ, սակայն նորածինների մոտ կարող են հանդիպել նաև ամորձու ոլորման այլ տեսակներ[2]։ Այս ոլորումով նորածինների մոտ սովորաբար դիտվում է փոշտի անցավ այտուց[2], գունատություն, և ձիգ, անցավ զանգված փոշտում։ Այսպիսի ամորձիները սովորաբար ի ծնե մեռուկացած են և պետք է հեռացվեն վիրահատական եղանակով[18]։ Արտաբունոցային ոլորման հստակ պատճառները կամ վերջինիս յուրահատուկ ռիսկի գործոնները դեռևս պարզ չեն[2]։

Ամորձու ներբունոցային ոլորում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամորձու ներբունոցային ոլորումը տեղի է ունենում այն դեպքում, երբ ամորձին պտտվում է սերմնալարի շուրջ՝ բունոցային շերտի սահմաններում[2]։ Այս տեսակը ավելի հաճախ հանդիպում է մեծ երեխաների և մեծահասակների մոտ։ Զանգակաձև դեֆորմացիան, որի դեպքում, ամորձիները մեզորխիումի միջոցով չեն փոշտի ներսային շերտի հետին հատվածին, դրա փոխարեն մեզորխիումը ավելի շուտ է վերջանում և ամորձիները ազատ լողում են բունոցային շերտում, հանդիսանում է ներբունոցային ոլորման համար նախատրամադրող գործոն[2]։

Ամորձային ելունի ոլորում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամրձային ելունը տեղակայված է ամորձու վերին բևեռում։ Սա հանդիսանում է էմբրիոնալ մնացորդ, և չունի ոչ-մի հայտնի գործառույթ, սակայն գտնվում է ոլորման ռիսկի մեջ[18]։ Ոլորման այս տեսակը համարվում է 7-14 տարեկան տղաների մոտ փոշտի սուր ցավի հիմնական պատճառ։ Բոլոր ախտանիշները գրեթե նման են սովորական ոլորմանը, բայց ցավը այս դեպքում առաջանում է աստիճանաբար։ Պալպացիան (շոշափում) ցույց է տալիս ամորձու վերին հատվածում գտնվող փոքր, ձիգ հանգույց, որը երևում է որպես բնորոշ «կապույտ կետի նշան»։ Սա ամորձային ելունն է, որը գունատվել է և մաշկի միջով երևում է որպես կապտավուն կետ։ Ի տարբերություն այլ ոլորումների, այս դեպքում կրեմաստերիկ ռեֆլեքսը պահպանված է։ Բուժումը հիմնականում իրականացվում է ցավազրկողների միջոցով, ինչից հետո վիճակը ինքն իրեն անցնում է 2-3 օրվա ընթացքում[18]։

Չիջած ամորձու ոլորում[խմբագրել | խմբագրել կոդը]

Չիջած ամորձին գտնվում է ոլորման բարձր ռիսկի մեջ[16]։ Չիջած ամորձու ոլորման մեխանիզմը վերջնականապես բացահայտված չէ, բայց կարծում են, որ այն կարող է լինել կրեմաստերիկ մկանի ոչ նորմալ կծկումների հետևանք, որը ծածկում է ամորձին և սերմնալարը, և պատասխանատու է ամորձին բարձրացնելու և իջեցնելու համար, որի միջոցով կարգավորվում է փոշտի ջերմաստիճանը։ Չիջած ամորձին նաև գտնվում է ամորձու ուռուցքների առաջացման ռիսկի մեջ, որի հետևանքով առաջացող ամորձու ծանրացումը և չափերի մեծացումը հանդիսանում է ոլորման նախատրամադրող գործոն[16]։

Ախտորոշում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ախտորոշումը պետք է իրականացվի հիվանդի մոտ առկա ախտանիշների հիման վրա[1][2]։ Եթե ախտանիշները հստակ չեն, կարելի է դիմել գերձայնային հետազոտության օգնությանը[2]։ Սակայն գործիքային հետազոտությունները չպետք է հետաձգեն վիրահատական միջամտությունը, քանզի երկարատև իշեմիան կարող է բերել անդարձելի բարդությունների առաջացման[2]։ Անկախ սոնոգրաֆիկ հետազոտության արդյունքներից, խորհուրդ է տրվում կատարել անհապաղ վիրահատական միջամտություն, եթե հիվանդի ախտանիշները, հիվանդության պատմությունը և ֆիզիկալ հետազոտությունը խոսում են ոլորման մասին[1][2]։

Հաշվի առնելով ամորձու ոլորման բուժման հետևանքները, շատ կարևոր է տարբերակել ամորձու ոլորումը ամորձու ցավերի այլ պատճառներից, ինչպիսին է՝ էպիդիդիմիտը, որի դեպքում ախտանիշները նման են ոլորման ախտանիշներին։ Մինչդեռ երկու վիճակներն էլ կարող են առաջացնել ամորձու ցավ, էպիդիդիմիտի դեպքում դիտվող ցավը տեղակայված է մակամորձու շրջանում՝ ամորձու հետին բևեռին։ Էպիդիդիմիտի դեպքում նաև դիտվում է ամորձու գունատություն և այտուց, ինչպես նաև տենդ։ Էպիդիդիմիտի դեպքում կրեմաստերիկ ռեֆլեքսը սովորաբար առկա է։ Ամորձու ոլորումը, իսկ մասնավորապես նրա հետևանքով առաջացող ինֆարկտը, նույնպես կարող են բերել ցածր աստիճանի տենդի[18]։ Ոլորման դեպքում կրեմաստերիկ ռեֆլեքսը կամ իջած է կամ ամբողջովին բացակայում է[2]։

Կլինիկական հետազոտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կրեմաստերիկ ռեֆլեքսի բացակայությունը՝ զուգորդված ամորձու սաստիկ ցավով հանդիսանում է ամորձու ոլորման ամենաբնորոշ նշան (ամորձու սերմնալարի ոլորումը անհնարին է դարձնում ռեֆլեքսային պատասխանը)։ Ֆիզիկալ զննմամբ ամորձին կարող է լինել այտուցված, ձիգ, բարձր և հորիզոնական դասավորված[19]։ Պրենի նշանը (ֆիզիկալ հետազոտության դասական նշան), չի կարող համարվել հավաստի նշան տարբերակելու համար էպիդիդիմիտը ամորձու ոլորումից[20]։ Ամորձու ոլորումով անհատները սովորաբար չեն ունենում տենդ, սակայն սրտխառնոցը հաճախ է հանդիպում։

Բժշկական վիզուալիզացիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Փոշտի դոպլեր գերձայնային հետազոտությունը կարող է ցույց տալ ոլորված ամորձում արյան մատակարարման բացակայությունը, և ամորձու ոլորման ախտորոշման մեջ ունի մոտավորապես 90 տոկոս ճշգրտություն[2][3]։ Այն նաև օգնում է տարբերակել ոլորումը էպիդիդիմիտից[21]։

Փոշտի ռադիոնուկլիդային հետազոտությունը (սցինտիգրաֆիա) հանդիսանում է վիզուալիզացիայի ամենաճշգրիտ եղանակը, բայց սովորաբար չի կիրառվում, հատկապես եթե կա անհապաղ միջամտության անհրաժեշտություն[22]։ Այս դեպքում ընտրության ագենտ է հադնիսանում տեխնեցիում-99մ պերտեխնետատը[23]։ Սկզբնական նկարներում երևում է ռադիոնուկլիդային անոթագիրը, որին հետևում է ստատիկ նկար՝ երբ ռադիոնուկլիդը ներծծվում է հյուսվածքի կողմից։ Առողջ պացիենտների մոտ, սկզբնական նկարները ցույց են տալիս ամորձիներում հոսքի համաչափ մակարդակ, իսկ հետագա նկարները ցույց են տալիս երկկողմանի միանման ակտիվություն[23]։ Ամորձու ոլորման դեպքում, նկարները կարող են ցույց տալ վնասված ամորձու շրջանում հետերոգեն ակտիվություն[23]։

Բուժում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամորձու ոլորումը հանդիսանում է վիրաբուժական շտապ վիճակ և պահանջում է անհապաղ վիրահատական միջամտություն՝ վերականգնելու համար ամորձու արյան մատակարարումը[3]։ Եթե ձեռքով կամ վիրահատական եղանակով բուժումը իրականացվել է 6 ժամվա ընթացքում, ապա առկա է ամորձին փրկելու մեծ հավանականություն (մոտավորապես 90%)։ 12 ժամ հետո այդ ցուցանիշը իջնում է մինչև 50%, 24 ժամում այն ընկնում է մինչև 10%, իսկ 24 ժամ հետո ամորձին փրկելու հավանականությունը կազմում է 0 տոկոս, չնայած եղել են դեպքեր երբ 24 ժամ անց ամորձին հնարավոր է եղել փրկել[3][24]։ Դեպքերի 40%-ը բերում են ամորձու հեռացմանը[2]։

Պատշաճ կատարված ախտորոշման և բուժման հետևանքով ամորձին շատ հաճախ հնարավոր է լինում փրկել[3]։ Սովորաբար, ոլորման դեպքում ամորձու մակերեսը շեղվում է դեպի մարմնի միջին գիծ։ Երբեմն հնարավոր է լինում իրականացնել ոլորման ուղղում առանց վիրահատության՝ ձեռքով պտտելով ամորձին դեպի հակառակ կողմ (այսինքն դեպի դուրս՝ դեպի ազդր), եթե սա սկզբում չի բերում արդյունքի, ապա կարելի է փորձել ամորձին պտտել հակառակ կողմ, ինչը կարող է լուծել խնդիրը[6]։ Մանուալ հետ ոլորման հաջողության ցուցանիշները հայտնի չեն։

Եթե հնարավոր է լինում փրկել ամորձին, ապա շատ հաճախ լինում են վերջինիս երկարատև վնասումներ։ Ամորձու չափը շատ հաճախ փոքր է մնում, իսկ առողջ ամորձին վնասվում է[9]։ Ոլորման ազդեցությունը հետագա պտղաբերության վրա դեռևս լիովին պարզ չէ[9]։

Մանուալ ետ պտտման փորձ իրականացնելուց հետո կարելի է կրկնել դոպլեր հետազոտությունը՝ հաստատելու համար արյան հոսքի վերականգնումը։ Այնուամենայնիվ, սովորաբար կատարվում է վիրահատական միջամտություն՝ պարզելու համար ամորձու վիճակը և կենսունակությունը։ Ռեցիդիվները կանխելու նպատակով կատարում են և վնասված և առողջ ամորձու օրխիոպեքսիա (ամորձու ֆիքսացիա)։ Եթե ամորձին կենսունակ չէ, այն հեռացվում է (օրխիէկտոմիա)[25]։

Համաճարակաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամորձու ոլորումը ավելի հաճախ հանդիպում է դեռահասների մոտ՝ դեպքերի մոտ 65 տոկոսը բաժին է ընկնում 12-18 տարեկան տղաներին[26]։ Այն հանդիսանում է 18 տարեկանից երիտասարդների մոտ հանկարծակի առաջացող ամորձու ցավի և այտուցի ամենահաճախադեպ պատճառ[26]։ Այն տարեկան հանդիպում է 25 տարեկանից երիտասարդ տղամարդկանցից 4000-25000-ից մեկի մոտ[2][3][15], սակայն կարող է առաջանալ ցանկացած տարիքում, այդ թվում նաև նորածնային[6]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ձվարանի ոլորում՝ կանանց վերարտադրողական համակարգի համարժեք վիճակ։
  • Էպիդիդիմիտ՝ կարող է առաջացնել ամորձու ցավ և շատ նման լինել ամորձու ոլորմանը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 1,16 1,17 1,18 1,19 1,20 1,21 1,22 1,23 1,24 Ludvigson AE, Beaule LT (June 2016)։ «Urologic Emergencies.»։ The Surgical Clinics of North America 96 (3): 407–24։ PMID 27261785։ doi:10.1016/j.suc.2016.02.001 
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 2,12 2,13 2,14 2,15 2,16 2,17 2,18 2,19 2,20 2,21 2,22 2,23 2,24 2,25 2,26 2,27 2,28 Sharp VJ, Kieran, K, Arlen, AM (Dec 15, 2013)։ «Testicular torsion: diagnosis, evaluation, and management.»։ American Family Physician 88 (12): 835–40։ PMID 24364548։ Արխիվացված օրիգինալից 2016-11-04-ին 
  3. 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 3,11 3,12 3,13 3,14 «Common scrotal and testicular problems»։ Prim. Care 37 (3): 613–26, x։ September 2010։ PMID 20705202։ doi:10.1016/j.pop.2010.04.009 
  4. Schill Wolf-Bernhard, Comhaire Frank H., Hargreave Timothy B. (2006)։ Andrology for the Clinician։ Springer Science & Business Media։ էջ 134։ ISBN 9783540337133։ Արխիվացված օրիգինալից 2017-09-10-ին 
  5. 5,0 5,1 5,2 5,3 Gordhan Chirag G (Jan 2015)։ «Scrotal pain: Evaluation and management»։ Korean Journal of Urology 56 (1): 3–11։ PMC 4294852։ PMID 25598931։ doi:10.4111/kju.2015.56.1.3 
  6. 6,0 6,1 6,2 6,3 Uribe Juan F. (հունվարի 1, 2008)։ Potts Jeannette M., ed.։ Genitourinary Pain and Inflammation: Diagnosis and Management։ Totowa, New Jersey: Humana։ էջեր 149–։ ISBN 978-1-60327-126-4։ Վերցված է հուլիսի 8, 2013 
  7. 7,0 7,1 Koester Michael C (Jan-Mar 2000)։ «Initial Evaluation and Management of Acute Scrotal Pain»։ Journal of Athletic Training 35 (1): 76–79։ PMC 1323443։ PMID 16558613 
  8. Abdel Raheem Amr, Ralph David, Minhas S. (September 2012)։ «Male infertility»։ British Journal of Medical and Surgical Urology 5 (5): 254–268։ ISSN 1875-9742։ doi:10.1016/j.bjmsu.2012.06.003 
  9. 9,0 9,1 9,2 9,3 9,4 9,5 DaJusta Daniel (Oct 2012)։ «Contemporary Review of Testicular Torsion: New Concepts, Emerging Technologies and Potential Therapeutics»։ Journal of Pediatric Urology 9 (6): 723–30։ PMC 3566290։ PMID 23044376։ doi:10.1016/j.jpurol.2012.08.012 
  10. 10,0 10,1 10,2 10,3 Nistal Manuel, Paniagua Ricardo, González-Peramato Pilar, Reyes-Múgica Miguel (September 2016)։ «Perspectives in Pediatric Pathology, Chapter 19. Testicular Torsion, Testicular Appendix Torsion, and other Forms of Testicular Infarction»։ Pediatric and Developmental Pathology 19 (5): 345–359։ ISSN 1093-5266։ PMID 25105275։ doi:10.2350/14-06-1514-pb.1 
  11. Karaguzel Ersagun, Kadihasanoglu Mustafa, Kutlu Omer (2014-06-17)։ «Mechanisms of testicular torsion and potential protective agents»։ Nature Reviews Urology 11 (7): 391–399։ ISSN 1759-4812։ PMID 24934447։ doi:10.1038/nrurol.2014.135 
  12. O’Brien, M., & Chandran, H. (2008). The acute scrotum in childhood. Surgery (Oxford), 26(7), 279-282. doi:10.1016/j.mpsur.2008.05.001
  13. Sells Henry, Moretti Kim L., Burfield Geoffrey D. (January 2002)։ «Recurrent torsion after previous testicular fixation»։ ANZ Journal of Surgery 72 (1): 46–48։ ISSN 1445-1433։ doi:10.1046/j.1445-2197.2002.02295.x 
  14. Ta Anthony, D’Arcy Frank T., Hoag Nathan, D’Arcy John P., Lawrentschuk Nathan (June 2016)։ «Testicular torsion and the acute scrotum»։ European Journal of Emergency Medicine 23 (3): 160–165։ ISSN 0969-9546։ PMID 26267075։ doi:10.1097/mej.0000000000000303 
  15. 15,0 15,1 «Testicular torsion»։ Am Fam Physician 74 (10): 1739–43։ November 2006։ PMID 17137004 
  16. 16,0 16,1 16,2 Naouar Sahbi (Jun 2016)։ «Testicular torsion in undescended testis: A persistent challenge»։ Asian Journal of Urology 4 (2): 111–115։ PMC 5717970 ։ PMID 29264215։ doi:10.1016/j.ajur.2016.05.007 
  17. «New insights into perinatal testicular torsion»։ Eur J Pediatr 169 (6): 705–12։ June 2010։ PMC 2859224։ PMID 19856186։ doi:10.1007/s00431-009-1096-8 
  18. 18,0 18,1 18,2 18,3 18,4 Kavoussi Parviz K., Costabile Raymond A. (2011)։ «Disorders of scrotal contents: orchitis, epididimytis, testicular tortion, tortion of the appendages, and Fournier's gangrene»։ in Chapple Christopher R., Steers William D.։ Practical urology: essential principles and practice։ London: Springer-Verlag։ ISBN 978-1-84882-033-3։ Արխիվացված օրիգինալից 2014-07-05-ին 
  19. Liu DR. Chapter 127. Urologic and Gynecologic Problems and Procedures in Children. In: Tintinalli JE, Stapczynski JS, Cline DM, Ma OJ, Cydulka RK, Meckler GD, eds. Tintinalli's Emergency Medicine: A Comprehensive Study Guide. 7th ed. New York: McGraw-Hill; 2011.
  20. «Testicular torsion: evaluation and management»։ Curr Sports Med Rep 4 (2): 102–4։ April 2005։ PMID 15763047։ doi:10.1097/01.CSMR.0000306081.13064.a2 
  21. «Sonographic diagnosis of acute spermatic cord torsion. Rotation of the cord: a key to the diagnosis»։ Pediatr Radiol 32 (7): 485–91։ 2002։ PMID 12107581։ doi:10.1007/s00247-002-0701-z 
  22. Sexually Transmitted Diseases Treatment Guidelines, 2010 Archived 2012-04-04 at the Wayback Machine. from Centers for Disease Control and Prevention, Recommendations and Reports. December 17, 2010 / Vol. 59 / No. RR-12
  23. 23,0 23,1 23,2 Medscape > Testicular Torsion Imaging Archived 2012-06-27 at the Wayback Machine. by David Paushter. Updated: May 25, 2011
  24. Mellick Larry Bruce, Sinex James E., Gibson Robert W., Mears Kim (2017-09-25)։ «A Systematic Review of Testicle Survival Time After a Torsion Event»։ Pediatric Emergency Care (ENGLISH)։ Publish Ahead of Print: 1։ ISSN 0749-5161։ PMID 28953100։ doi:10.1097/PEC.0000000000001287 
  25. Manjunath Adarsh S., Hofer Matthias D. (2018-03-01)։ «Urologic Emergencies»։ Medical Clinics of North America 102 (2): 373–385։ ISSN 0025-7125։ PMID 29406065։ doi:10.1016/j.mcna.2017.10.013 
  26. 26,0 26,1 «The acute scrotum»։ Emerg. Med. Clin. North Am. 6 (3): 521–46։ August 1988։ PMID 3292226 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]