Հրազդանի ձորի բացօթյա մարզահրապարակ
Տեսակ | Բացօթյա մարզասրահ |
---|---|
Մարզաձև | Մարզահրապարակը հնարավորություն է տալիս զբաղվել բազմատեսակ մարզաձևերով (այդ թվում՝ բոդիբիլդինգ, ծանրամարտ, ըմբշամարտ, բռնցքամարտ, վազք, լող, կարատե, աթլետիկա մարզական քայլք, բադմինտոն, յոգա, լեռնագնացություն, ժայռամագլցում և այլն), ինչպես նաև առողջ ապրելակերպով |
Նախկին անվանումներ | Չռիկ, «Բիձու գյոլ» |
Տեղագրություն | Երևան, Կենտրոն վարչական շրջան |
Երկիր | Հայաստան |
Հիմնադրված | ≈ 1923 թվական |
Անվանված է | Հրազդան գետի և համանուն ձորի անունով |
Open air gym of Hrazdan gorge Վիքիպահեստում |
Հրազդանի ձորի բացօթյա մարզահրապարակ (այլ անվանումներ՝ «Չռիկ», նախկինում նաև «Բիձու գյոլ»), բացօթյա մարզական, առողջ ապրելակերպի, ժամանցային հանրային բաց կենտրոն, բնության հուշարձան Հայաստանի մայրաքաղաք Երևանի Կենտրոն վարչական շրջանի հյուսիս-արևմուտքում՝ Հրազդան գետի աջ և ձախ ափերին[1][2][3][4]։
Կառուցվածք
[խմբագրել | խմբագրել կոդը]Բացօդյա մարզահրապարակն իրենից ներկայացնում է բնության և մարդու ձեռքով կառուցված ու կահավորված հարթակների ու դրանց հարակից տարածքների համախումբ[1]։
Մարզասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հրազդանի ձորի բացօդյա մարզահրապարակի մարզասարքերի հարթակը տեղակայված է Հրազդան գետի աջ ափին՝ ճանապարհի աջ կողմում։ Այն կահավորվել է դեռևս 1990-ական թվականներից։ Իր ներկա տեսքը ստացել է վերջին տարիներին, երբ մարզվողներից Հարութը տեղադրել է առավել մասնագիտական սարքավորումներ և վարժանքի հարմարանքներ։ Մարզասրահում առկա են տարբեր տեսակի ծանրաձողեր, ծանրաքարեր, զուգափայտեր, ձեռքերի ու ոտքերի, ինչպես նաև որովայնի մկանների զարգացման համար նախատեսված այլ սարքավորումներ։
2013 թվականի մարտին Երևանի քաղաքապետարանի կողմից մարզահրապարակի վերջնամասում տեղադրվել են մանկական վարժասարքեր։
Լողավազան և ստորգետնյա աղբյուր
[խմբագրել | խմբագրել կոդը]Հրազդանի ձորի բացօդյա մարզահրապարակիի կարևորագույն հատվածներից մեկն է հանդիսանում ստորգետնյա աղբյուրներից սնվող և հատուկ խողովակներով դուրս ժայթքող աղբյուրը, որին հաճախ անվանում են Չռիկ։ Ավանդազրույցների համաձայն այն կառուցվել է 1923 թվականին և հետագայում վերակառուցվել։ Աղբյուրի հիման վրա 1990-ականներից սկսած ձևավորվել է հանրային առողջ ապրելակերպի կենտրոնը։ Աղբյուրի ջուրը բավականին սառն է և խմելու՝ չնայած իր բաղադրությամբ տարբերվում է խմելու ջրի համար սահմանված նորմատիվներից[1][2][3]։
2000-ական թվականների երկրորդ տասնամյակի սկզբում ստորգետնյա աղբյուրի մոտ առողջ ապրելակերպով զբաղվող այցելուների կողմից Հրազդան գետի ափին կառուցվել է լողավազան, որը սնվում է աղբյուրի ջրով[1][3]։
Լեռնագնացություն և ժայռամագլցում
[խմբագրել | խմբագրել կոդը]Բացօդյա մարզահրապարակի հարակից ժայռապատ բլուրը լեռնագնացների և ժայռամագլցմամբ զբաղվողների համար հանդիսանում է մարզվելու վայր։ Ծիծեռնակաբերդի բլրի արևելյան լանջի լեռնային արահետները, որոնք ձգվում են գետի ափից մինչև բարձունքում գտնվող Ծիծեռնակաբերդի հնավայրը, օգտագործվում են պարապմունքների համար։
Մեկ ազգ, մեկ բռունցք հուշակոթող
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարզահրապարակի տարածքում՝ բարձրադիր վայրում է գտնվում 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսված հայ-ադրբեջանական պատերազմում զոհված հայ զինծառայողներին և Հայաստանի ապագա հաղթանակներին նվիրված հուշահամալիրը, որը կոչվում է «Մեկ ազգ, մեկ բռունցք»[5][6]։ Հուշահամալիրի կառուցումը սկսվել է 2021 թվականին Հրազդանի ձորի բացօթյա մարզահրապարակում մարզվողների նախաձեռնությամբ։ Նույն թվականի օգոստոսի 6-ին մեծ հանդիսավորությամբ տեղի է ունեցել բացման արարողությունը, որին ներկա էին ինչպես մարզահրապարակում մարզվողները, այնպես էլ զոհված զինծառայողների հարազատներ, նախկին զինվորականներ և լրատվամիջոցների ներկայացուցիչներ[5][6]։ Կազմված է երկու կոթողներից։ Գլխավորը սևա-գազարագույն տուֆից քանդակված մեծ չափերի վեր պարզած բռունցնք է, որը խորհրդանշում է Հայաստանի ապագա հաղթանակները։ Բռունցքի գաղափարը վերցվել է հայ գրող Հովհաննես Շիրազի ստեղծագործություններից մեկի տողերից, որն ասում է՝ «Հայեր, բավ է ցրված մնաք մատներիս պես, Բռունցքվելն է հավերժությունն Հայաստանի»։ Տուֆակերտ բռունցքի կողքին տեղադրված է գազարագույն տուֆից պատրաստված հուշատախտակ ժամանակին Հրազդանի ձորի բացօթյա մարզահրապարակում մարզված և պատերազմում զոհված Վարուժան Մաթևոսյանի, Գոռ Սարգսյանի, Խաչիկ Տոնյանի, Վրեժ Պողոսյանի և անհետ կորած Հովհաննես Կարապետյանի (Հայ առաքելական եկեղեցու հայր սուրբ Մկրտիչի) գունավոր նկարները[5][6]։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարզասարքերը, լողավազանն ու ստորգետնյա աղբյուրը
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Հրազդանի ձորի բացօդյա մարզահրապարակի մարզասարքերը (26.10.2018)
-
Հրազդանի ձորի բացօդյա մարզահրապարակի մարզասարքերը (26.10.2018)
-
Հրազդանի ձորի բացօդյա մարզահրապարակի ստորգետնյա աղբյուրն ու լողավազանը ձմռանը (14.01.2019թ.)
Հայտնի մարզիկները բացօդյա մարզահրապարակում
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Բռնցքամարտի Հայաստանի հաղթող, աշխարհի բրոնզե, Եվրոպայի արծաթե մեդալակիր Արտակ Մալումյանը մարզվելիս (ձախից)
-
Օլիմպիական խաղերի բրոնզե, աշխարհի առաջնության արծաթե և Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր բռնցքամարտիկ Ռոման Ամոյանը մարզվելիս
-
Ռոման Ամոյանի և ըմբշամարտի աշխարհի առաջնության հաղթող Մալխաս Ամոյանի համատեղ մարզումը
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 Երևան ամսագիր, N 7-8, 2013 թվական։
- ↑ 2,0 2,1 «Հրազդանի կիրճը՝ նոր հանրային տարածք Երևանում», (արխիվացված 25․03․2021թ․)։
- ↑ 3,0 3,1 3,2 «Բիձի գյոլ» կամ Հրազդան գետով` դեպի անմահություն», (արխիվացված 27․02․2021թ․)։
- ↑ «Ինչպես են Հրազդանի կիրճում քեֆ անում ու պաշտպանվում տապից», (արխիվացված 25․03․2021թ․)։
- ↑ 5,0 5,1 5,2 «Ձեզ բացակա չենք դնի․ Հրազդանի կիրճում տեղի ունեցավ «Մեկ ազգ՝ մեկ բռունցք» հուշակոթողի բացման արարողությունը», ([արխիվացված 03.09.20212.]):
- ↑ 6,0 6,1 6,2 «Ձեզ բացակա չենք դնի․ Հրազդանի կիրճում բացվելու է «Մեկ ազգ մեկ բռունցք» հուշակոթողը», ([արխիվացված 03.09.20212.]):
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Հրազդանի ձորի բացօթյա մարզահրապարակ կատեգորիայում։ |