Jump to content

Ռոման Ամոյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռոման Ամոյան
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
ԱզգությունԵզդի
Մասնագիտացումըմբիշ
Երկիր Հայաստան
Ծննդյան ամսաթիվսեպտեմբերի 3, 1983(1983-09-03) (43 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մարզիչ(ներ)Հարություն Խաչատրյան, Համլետ Հովհաննիսյան
Հասակ՝160 սանտիմետր
Քաշ55 կգ[1]

Ռոման Հասանի Ամոյան (սեպտեմբերի 3, 1983(1983-09-03), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), ազգությամբ եզդի հայաստանցի նախկին ըմբշամարտիկ, Հայաստանի սպորտի վաստակավոր վարպետ (2009)[2]։ Եվրոպայի առաջնությունների կրկնակի չեմպիոն (2006, 2011), աշխարհի առաջնությունների եռակի մեդալակիր (2009, 2010, 2013), Պեկինի Ամառային օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր մինչև 55 կգ քաշայինների հունահռոմեական ըմբշամարտում։ 2011 թվականին ընտրվել է Հայաստանի լավագույն մարզիկ[3]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոման Ամոյանը ծնվել է 1983 թվականի սեպտեմբերի 3-ին Երևանում, եզդիների ընտանիքում։ Հունահռոմեական ըմբշամարտով զբաղվել սկսել է տասը տարեկան հասակում Հարություն Խաչատրյանի գլխավորությամբ։ 2001 թվականին դարձել է աշխարհի երիտասարդական առաջնության, 2002 թվականին՝ Եվրոպայի երիտասարդական առաջնության հաղթող։

2003 թվականին Ռոման Ամոյանը նվաճել է արծաթե մեդալ Բելգրադում անցկացվող Եվրոպայի առաջնությունում։ 2005 և 2008 թվականների Եվրոպայի առաջնություններում նա նույնպես արժանացել է արծաթե մեդալների, իսկ 2006 թվականին դարձել է Եվրոպայի չեմպիոն։

2008 թվականին Ռոման Ամոյանը նվաճել է բրոնզե մեդալ Պեկինում անցկացվող Ամառային օլիմպիական խաղերում։ Հաղթելով Ղազախստանի ներկայացուցիչ Ասետ Իմանբաևին և Վրաստանի ներկայացուցիչ Լաշա Գոգիտաձեին՝ Ռոման Ամոյանը կիսաեզրափակչում զիջել է ադրբեջանցի Ռովշան Բայրամովին։ Բրոնզե մեդալի համար կայացած մարտում Ամոյանը վստահ հաղթանակ է տարել Կուբան ներկայացնող Յագնիեր Էռնանդեսի նկատմամբ։ Ամոյանի նվաճած մեդալը դարձել է հայ ըմբշամարտիկների նվաճած առաջին օլիմպիական մեդալը վերջին 16 տարիների ընթացքում[4]։

2009 թվականին Ռոման Ամոյանը դարձել է աշխարհի առաջնության արծաթե, իսկ 2010 թվականին՝ բրոնզե մեդալակիր։ 2011 թվականին Ռոման Ամոյանը Եվրոպայի առաջնությունում ստացել է գլխի ծանր վնասվածք, սակայն արյունոտ վիրակապով շարունակել է մարտը և երկրորդ անգամ դարձել Եվրոպայի չեմպիոն[5]։ Նույն թվականին նա ընտրվել է Հայաստանի տարվա մարզիկ։

Ռոման Ամոյանը չի կարողացել որակավորվել 2012 թվականի Ամառային օլիմպիական խաղերին մասնակցելու համար[6]։ 2013 թվականի աշխարհի առաջնությունում նա նվաճել է բրոնզե, իսկ 2016 թվականի Եվրոպայի առաջնությունում՝ արծաթե մեդալներ։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ռոման Ամոյանի (աջից) և ըմբշամարտի աշխարհի առաջնության հաղթող Մալխաս Ամոյանի (ձախից) համատեղ մարզումը Հրազդանի ձորի բացօթյա մարզահրապարակում

Ռոման Ամոյանն ամուսնացած է։ Կինը բժիշկ է։ Նրանք ունեն դուստր[7]։

Օլիմպիական խաղեր
Պեկին 2008բրոնզ
Աշխարհի առաջնություններ
Հերնինգ 2009արծաթ
Մոսկվա 2010բրոնզ
Բուդապեշտ 2013բրոնզ
Եվրոպայի առաջնություններ
Բելգրադ 2003արծաթ
Վառնա 2005արծաթ
Մոսկվա 2006ոսկի
Տամպերե 2008արծաթ
Դորտմունդ 2011ոսկի
Ռիգա 2016արծաթ

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Olympedia — 2006.
  2. Athletes and coaches entitled Armenia's masters of sports
  3. Роман Амоян — спортсмен года в Армении Արխիվացված 2015-05-28 Wayback Machine
  4. «ARMENIANS in OLYMPICS 2008 (Fall 2008)». thearmenianchronicles.blogspot.com. Վերցված է 2013 թ․ հունվարի 11-ին.
  5. «Greco-Roman Wrestler Roman Amoyan Voted Armenia's Athlete of the Year». massispost.com. Վերցված է 2013 թ․ հունվարի 11-ին.
  6. «Հայաստանի լավագույն մարզիկը չի մասնակցի օլիմպիական խաղերին». www.slaq.am. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 26-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 11-ին.
  7. «Ռոման Ամոյան. Ըմբշամարտը, ծանրամարտը, ձյուդոն, բռնցքամարտը վայել չեն հայ կնոջը». sport.news.am. Վերցված է 2013 թ․ մարտի 14-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոման Ամոյան» հոդվածին։