Հիլդա Ցիմերման

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հիլդա Ցիմերման
գերմ.՝ Hilde Zimmermann
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբերի 12, 1920(1920-09-12)
ԾննդավայրՎիեննա, Առաջին Ավստրիական Հանրապետություն
Մահացել էմարտի 25, 2002(2002-03-25) (81 տարեկան)
Մահվան վայրՎիեննա, Ավստրիա
Քաղաքացիություն Ավստրիա և  Նացիստական Գերմանիա
ՄասնագիտությունԴիմադրության մարտիկ
 Hilde Zimmermann Վիքիպահեստում

Հիլդա Ցիմերման (գերմ.՝ Hilde Zimmermann, ծնունդով՝ Wundsam, սեպտեմբերի 12, 1920(1920-09-12), Վիեննա, Առաջին Ավստրիական Հանրապետություն - մարտի 25, 2002(2002-03-25), Վիեննա, Ավստրիա), ավստրիացի քաղաքական ակտիվիստ, նացիզմի դեմ պայքարի առաջամարտիկ[1]։

Մասնակցել է Ավստրիական դիմադրության շարժմանը, բանտարկվել է «Ռավենսբրյուկ» և «Մահվան քայլերթ» համակենտրոնացման ճամբարներում։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1920 թվականի սեպտեմբերի 12-ին Վիեննայում։ Ծնողները եղել են ակտիվ սոցիալ-դեմոկրատներ։ Մայրը՝ Աննա Վուդսամը (Anna Wundsam), աշխատել է Ավստրիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության կրթական բաժնում, իսկ հայրը, որ եղել է երկաթուղային, նույնպես երդվյալ սոցիալ-դեմոկրատ է եղել։

Երբ Հիլդան եղել է չորս տարեկան, ծնողների և կրտսեր եղբոր՝ Օտմարի հետ տեղափոխվել է Կագրան գյուղ։ Սկզբում նա ապրել է ընտանիքի հետ, հետո կարճ ժամանակով տեղափոխվել է տատիկի ու պապիկի մոտ։ Ծնողները դարձել են գործազուրկ և մասնակցել 1943 թվականի Ավստրիայի քաղաքացիական պատերազմին։ Շուտով նրանք ձերբակալվել են․ մայրը բանտարկվել է երկու ամսով, իսկ հորը վեց ամսով ուղարկել են քաղաքականների համար առանձնացված «Վելերսդորֆ» ճամբար։ 14-ամյա Հիլդան ու 12-ամյա եղբայրը մնացել են մենակ ու ապահովվել միջազգային օգնությամբ։ Առաջին անգամ Հիլդան կարճ ժամանակով ձերբակալվել է 1935 թվականին, սակայն շուտով ազատ է արձակվել՝ առանց հետագա ազդեցությունների։

1936 թվականին Հիլդայի ծնողներն ամուսնալուծվել են։ Հիլդան այդ ժամանակ աշխատում էր հավաքարար և տնային օգնության դասընթացների էր հաճախում։ Շուտով նա որպես դայակ աշխատանքի է անցել Հունգարիայում և Ավստրիա է վերադարձել միայն 1938 թվականին։ Վերադառնալով նա մոր հետ բնակություն է հաստատել Կագրանում։ 1939 թվականին Հիլդան ու իր եղբայրը ձերբակալվել են այն բանից հետո, երբ ոստիկանները նրանց տան խուզարկության ժամանակ թռուցիկ են գտել։ Եղբայրը կատարվածի պատասխանատվությունը վերցրել է իր վրա և մոտ ինն ամիս մնացել կալանքի տակ։ Հիլդան ազատվել է մեկ շաբաթ անց։ 1941 թվականին նա սկսել է քանդակագործություն սովորել Վիեննայի կանանց ակադեմիայում, որտեղ ուսանել է մինչև 1944 թվականի իր ձերբակալությունը։

Երկրորդ համաշխարհային պատերազմի սկսվելու հետ նրա եղբայրը զորակոչվել է Գերմանիայի ռազմական ուժեր։ 1943 թվականին Հիլդա Ցիմերմանը ծանոթացել է Դիմադրության շարժման ընդհատակյա գործիչներին և անձամբ դարձել նրա մասնակիցը։ 1944 թվականին նա համագործակցել է դուս դեսանտայինների հետ տեղի հականացիստական տրամադրություններն ամրապնդելու ու տարածելու ուղղությամբ։ Ֆաշիստները նրան գերել են և իր ընկերուհիների հետ տեղավորել Ռավենսբրյուկ համակենտրոնացման ճամբարում։ Նրա եղբայր Օտմարը, որ արձակուրդի ընթացքում գտնվում էր ընտանիքում, նույնպես ուղարկվել է համակենտրոնացման ճամբար՝ Բուխենվալդ։ Պատերազմի ավարտին՝ ճամբարը ցրելու ժամանակ, Հիլդա Ցիմերմանը փախել է և կրկին «Ռավենսբրյուկ» վերադարձել, երբ այն արդեն ազատագրված էր խորհրդային բանակի կողմից։ Հետո նա հիվանդացել է տիֆով, ապաքինվելուց հետո 1945 թվականի հուլիսին Բեռլինով վերադարձել է Վիեննա։

Ավստրիայում նա որոշ ժամանակ ապրել է իր եղբոր հետ, հարաբերություններ է պահպանել համակենտրոնացման ճամբարի նախկին բանտարկյալների հետ, մասնակցել է (Kommunistische Jugend Österreichs) «Ավստրիայի կոմունիստական երիտասարդական կազմակերպության» աշխատանքներին։ Մասնակցել է նաև կուսակցական թերթի աշխատանքներին և դարձել «Երիտասարդության ու ուսանողության համաշխարհային փառատոնի» մասնակից։ Հիլդա Ցիմերմանը եղել է համակենտրոնացման ճամբարների նախկին բանտարկյալների վիեննական միության (KZ-Verband) անդամ և ավստրիական «Ռավենսբրյուկ» ճամբարային համայնքի (Österreichischen Lagergemeinschaft Ravensbrück, ÖLGR) համահիմնադիր, որտեղ աշխատել է իր ողջ կյանքի ընթացքում։ 1968 թվականին Չեխոսլավակիայի իրադարձություններից հետո նա հեռացել է Ավստրիայի կոմունիստական կուսակցությունից։

Մահացել է 2002 թվականի մարտի 25-ին Վիեննայում։ Թաղվել է քաղաքային կենտրոնական գերեզմանատանը (Stammersdorfer Zentralfriedhof)։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեռևս պատերազմի ընթացքում Հիլդա Ցիմերմանը ծանոթացել է ավստրիացի ընդհատակյա գործիչ Հարի Ցիմերմանի (Harry Zimmermann) հետ, որի հետ ամուսնացել է 1950-ական թվականներին՝ Ավստրիայի կիրառական արվեստի դպրոցի քննությունների ավարտից հետո։ Հիլդան ուսումը կիսատ էր թողել 1944 թվականին։ Նա եղել է քանդակագործ։ Նրանք ունեցել են երեք երեխա՝ երկու տղա և մեկ աղջիկ։

Հիլդայի եղբայր Օտմարը պատերազմից հետո դարձել է նկարիչ[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Helga Amesberger, Kerstin Lercher. Lebendiges Gedächtnis. Die Geschichte der österreichischen Lagergemeinschaft Ravensbrück. Mandelbaum-Verlag, Wien 2008, ISBN 978-3-85476-254-6.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հիլդա Ցիմերման» հոդվածին։