Հիլդա Ցիմերման
| Հիլդա Ցիմերման գերմ.՝ Hilde Zimmermann | |
|---|---|
| Ծնվել է | սեպտեմբերի 12, 1920 |
| Ծննդավայր | Վիեննա, Ավստրիա |
| Մահացել է | մարտի 25, 2002 (81 տարեկան) |
| Մահվան վայր | Վիեննա, Ավստրիա[1] |
| Քաղաքացիություն | |
| Մասնագիտություն | Դիմադրության մարտիկ |
Հիլդա Ցիմերման (գերմ.՝ Hilde Zimmermann, ծնունդով՝ Wundsam, սեպտեմբերի 12, 1920, Վիեննա, Ավստրիա - մարտի 25, 2002, Վիեննա, Ավստրիա[1]), ավստրիացի քաղաքական ակտիվիստ, նացիզմի դեմ պայքարի առաջամարտիկ[2]։
Մասնակցել է Ավստրիական դիմադրության շարժմանը, բանտարկվել է «Ռավենսբրյուկ» և «Մահվան քայլերթ» համակենտրոնացման ճամբարներում։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1920 թվականի սեպտեմբերի 12-ին Վիեննայում։ Ծնողները եղել են ակտիվ սոցիալ-դեմոկրատներ։ Մայրը՝ Աննա Վուդսամը (Anna Wundsam), աշխատել է Ավստրիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության կրթական բաժնում, իսկ հայրը, որ եղել է երկաթուղային, նույնպես երդվյալ սոցիալ-դեմոկրատ է եղել։
Երբ Հիլդան եղել է չորս տարեկան, ծնողների և կրտսեր եղբոր՝ Օտմարի հետ տեղափոխվել է Կագրան գյուղ։ Սկզբում նա ապրել է ընտանիքի հետ, հետո կարճ ժամանակով տեղափոխվել է տատիկի ու պապիկի մոտ։ Ծնողները դարձել են գործազուրկ և մասնակցել 1943 թվականի Ավստրիայի քաղաքացիական պատերազմին։ Շուտով նրանք ձերբակալվել են․ մայրը բանտարկվել է երկու ամսով, իսկ հորը վեց ամսով ուղարկել են քաղաքականների համար առանձնացված «Վելերսդորֆ» ճամբար։ 14-ամյա Հիլդան ու 12-ամյա եղբայրը մնացել են մենակ ու ապահովվել միջազգային օգնությամբ։ Առաջին անգամ Հիլդան կարճ ժամանակով ձերբակալվել է 1935 թվականին, սակայն շուտով ազատ է արձակվել՝ առանց հետագա ազդեցությունների։
1936 թվականին Հիլդայի ծնողներն ամուսնալուծվել են։ Հիլդան այդ ժամանակ աշխատում էր հավաքարար և տնային օգնության դասընթացների էր հաճախում։ Շուտով նա որպես դայակ աշխատանքի է անցել Հունգարիայում և Ավստրիա է վերադարձել միայն 1938 թվականին։ Վերադառնալով նա մոր հետ բնակություն է հաստատել Կագրանում։ 1939 թվականին Հիլդան ու իր եղբայրը ձերբակալվել են այն բանից հետո, երբ ոստիկանները նրանց տան խուզարկության ժամանակ թռուցիկ են գտել։ Եղբայրը կատարվածի պատասխանատվությունը վերցրել է իր վրա և մոտ ինն ամիս մնացել կալանքի տակ։ Հիլդան ազատվել է մեկ շաբաթ անց։ 1941 թվականին նա սկսել է քանդակագործություն սովորել Վիեննայի կանանց ակադեմիայում, որտեղ ուսանել է մինչև 1944 թվականի իր ձերբակալությունը։
Երկրորդ համաշխարհային պատերազմի սկսվելու հետ նրա եղբայրը զորակոչվել է Գերմանիայի ռազմական ուժեր։ 1943 թվականին Հիլդա Ցիմերմանը ծանոթացել է Դիմադրության շարժման ընդհատակյա գործիչներին և անձամբ դարձել նրա մասնակիցը։ 1944 թվականին նա համագործակցել է դուս դեսանտայինների հետ տեղի հականացիստական տրամադրություններն ամրապնդելու ու տարածելու ուղղությամբ։ Ֆաշիստները նրան գերել են և իր ընկերուհիների հետ տեղավորել Ռավենսբրյուկ համակենտրոնացման ճամբարում։ Նրա եղբայր Օտմարը, որ արձակուրդի ընթացքում գտնվում էր ընտանիքում, նույնպես ուղարկվել է համակենտրոնացման ճամբար՝ Բուխենվալդ։ Պատերազմի ավարտին՝ ճամբարը ցրելու ժամանակ, Հիլդա Ցիմերմանը փախել է և կրկին «Ռավենսբրյուկ» վերադարձել, երբ այն արդեն ազատագրված էր խորհրդային բանակի կողմից։ Հետո նա հիվանդացել է տիֆով, ապաքինվելուց հետո 1945 թվականի հուլիսին Բեռլինով վերադարձել է Վիեննա։
Ավստրիայում նա որոշ ժամանակ ապրել է իր եղբոր հետ, հարաբերություններ է պահպանել համակենտրոնացման ճամբարի նախկին բանտարկյալների հետ, մասնակցել է (Kommunistische Jugend Österreichs) «Ավստրիայի կոմունիստական երիտասարդական կազմակերպության» աշխատանքներին։ Մասնակցել է նաև կուսակցական թերթի աշխատանքներին և դարձել «Երիտասարդության ու ուսանողության համաշխարհային փառատոնի» մասնակից։ Հիլդա Ցիմերմանը եղել է համակենտրոնացման ճամբարների նախկին բանտարկյալների վիեննական միության (KZ-Verband) անդամ և ավստրիական «Ռավենսբրյուկ» ճամբարային համայնքի (Österreichischen Lagergemeinschaft Ravensbrück, ÖLGR) համահիմնադիր, որտեղ աշխատել է իր ողջ կյանքի ընթացքում։ 1968 թվականին Չեխոսլավակիայի իրադարձություններից հետո նա հեռացել է Ավստրիայի կոմունիստական կուսակցությունից։
Մահացել է 2002 թվականի մարտի 25-ին Վիեննայում։ Թաղվել է քաղաքային կենտրոնական գերեզմանատանը (Stammersdorfer Zentralfriedhof)։
Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]Դեռևս պատերազմի ընթացքում Հիլդա Ցիմերմանը ծանոթացել է ավստրիացի ընդհատակյա գործիչ Հարի Ցիմերմանի (Harry Zimmermann) հետ, որի հետ ամուսնացել է 1950-ական թվականներին՝ Ավստրիայի կիրառական արվեստի դպրոցի քննությունների ավարտից հետո։ Հիլդան ուսումը կիսատ էր թողել 1944 թվականին։ Նա եղել է քանդակագործ։ Նրանք ունեցել են երեք երեխա՝ երկու տղա և մեկ աղջիկ։
Հիլդայի եղբայր Օտմարը պատերազմից հետո դարձել է նկարիչ[3]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 Deutsche Nationalbibliothek Record #1254089438 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ «Hilde Zimmermann (1920-2002)». Արխիվացված է օրիգինալից 2021-12-12-ին. Վերցված է 2020-03-25-ին.
- ↑ Kunst in der Wurmbrandgasse - Ausstellung: Othmar Wundsam(գերմ.)
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Helga Amesberger, Kerstin Lercher. Lebendiges Gedächtnis. Die Geschichte der österreichischen Lagergemeinschaft Ravensbrück. Mandelbaum-Verlag, Wien 2008, ISBN 978-3-85476-254-6.
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հիլդա Ցիմերման» հոդվածին։ |