Հերբարիում (լատին․՝ herbarium` herba - «խոտ», «բույս»), հատուկ հավաքված, չորացված և կարգաբանական մշակման ենթարկված բույսերի հավաքածու։ Սովորաբար հերբարիումները կազմվում են ըստ նախապես մշակված ծրագրի, օրինակ՝ Երևանի շրջակայքի, Արարատյան դաշտի, Վայքի, Զանգեզուրի ևն։
Հերբարիում պատրաստելու համար բույսերը տեղավորում են հատուկ պայուսակներում կամ թղթապանակներում, ապա դասավորում թերթերի մեջ, կապում ցանցերում և չորացնում։ Յուրաքանչյուր բույսի կցվում է պիտակ, ուր նշվում է նրա լատիներեն անվանումը, հավաքման վայրը, ամսաթիվը ևն։ Չորացրած բույսերը պահվում են հատուկ բուսապահոցներում։
Հայաստանի խիստ հարուստ ու բազմազան ֆլորայի առաջին հերբարիումը կազմել են ֆրանսիացի Տուրնըֆորը (1700), այնուհետև՝ Վագները, Զեյդլիցը և ուրիշներ, սակայն այդ հավաքածուները տարվել են Բեռլին, Լոնդոն, Ժնև և այլուր։ Հայաստանում, բնապատմական թանգարանին կից, ստեղծվել է (1925) բուսապահոց, Ա. Շելկովնիկովի ղեկավարությամբ, որին աջակցել են Ա. Գրոսհեյմը, Ա. Թամամշյանը, Ա. Թախտաջյանը, Նիկոլայ Վավիլովը, Մ. Թումանյանը և ուրիշներ։ Արժեքավոր է ՀՀ ԳԱԱ բուսաբանության ԳՀԻ-ի հերբարիումը, որտեղ կենտրոնացված ավելի քան 200 հազար թերթից 130 հազար ՀՀ տարածքից հավաքված բույսեր են։ Նրանում կա առաջին անգամ գտնված և նկարագրված մոտ 280 նմուշ։ Հերբարիումներ են ստեղծվել նաև ԵՊՀ-ում, Հայկական գյուղատնտեսական ակադեմիայում։
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 377)։