Հարություն Գասպարյան
Հարություն Գասպարյան | |
---|---|
Ծնվել է | 1896 |
Ծննդավայր | Ալեքսանդրապոլ |
Մահացել է | 1937 |
Ազգություն | հայ |
Կրթություն | Ներսիսյան դպրոց |
Մասնագիտություն | ճարտարագետ |
Գործունեություն | 1917-1937 |
Աշխատությունները Վիքիդարանում |
Հարություն Միսակի Գասպարյան (1896, Ալեքսանդրապոլ - 1937), հայ կուսակցական, պետական գործիչ, ինժեներ[1]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է Ալեքսանդրապոլում, ծառայողի ընտանիքում։ Փոքր հասակում զրկվելով հորից, մոր և եղբոր հետ տեղափոխվում է Թիֆլիս, որտեղ մայրը լվացարարությամբ է զբաղվել, իսկ մեծ եղբայրը ստիպված է լինում 14 տարեկան հասակից աշխատել տպարանում։ Հարութիկին տալիս են Ներսիսյան դպրոց։
Բարձր դասարաններում սովորելիս նա ներգրավվում է մարքսիստական խմբակի մեջ, իսկ դպրոցն ավարտելուց հետո, 1917 թվականին, ընդունվում է բոլշևիկյան կուսակցության շարքերը և լծվում քաղաքական պայքարի՝ աշխատելով սկզբում «Պայքար» թերթի և ապա բոլշևիկյան «Կարմիր օրեր» թերթի խմբագրություններում։
1918 թվականին մի խումբ ընկերների հետ անցնում է Հյուսիսային Կովկաս, որտեղ ընտրվում է Արմավիրի ժողովրդահեղափոխական հայկական կոմիտեի նախագահ, ապա կարմիր բանակի հետ նահանջելով Պյատիգորսկ, մինչև 1919 թվականը աշխատում է այդտեղ որպես ազգությունների ժողկոմի տեղակալ։ Որոշ ժամանակ կռվելով սպիտակգվարդիական զորամասերի դեմ, հիվանդանում է բծավոր տիֆով և ապաքինվելուց հետո տեղափոխվում Թիֆլիս, որտեղ անցնում է ընդհատակյա աշխատանքի՝ լինելով սկզբում անլեգալ «Պահակ» թերթի խմբագրական կոլեգիայի անդամ, ապա կաշեգործների արհմիության պատասխանատու քարտուղար։
Մայիսմեկյան ցույցից և յունկերական ուսումնարանի վրա զինված հարձակումից հետո Գասպարյանն ստիպված է լինում թաքնվել Ախալքալաքում և ապա տեղափոխվել Սուխում, որտեղ մինչև 1921 թվականի մարտ ամիսը աշխատում է Գյումուշ-դերե գյուղում որպես ուսուցիչ։
1921 թվականի մարտին, Աբխազիայում խորհրդային կարգերի հաստատումից հետո, նշանակվում է լուսբաժնի վարիչ, իսկ սեպտեմբերին ուղարկվում է աշխատելու Հայաստանում։ Այստեղ նա սկզբում նշանակվում է միլիցիայի հանրապետական կոմիսար և ապա՝ ՀԱՄԽ-ի կուլտբաժնի վարիչ։ 1923 թվականին Գասպարյանն ընտրվում է ՀԱՄԽ-ի նախագահ և այդ պաշտոնում աշխատում է մինչև 1925 թվականը, երբ նշանակվում է Հայաստանի տեքստիլշինի վարչության նախագահ և ապա Լենինականի տեքստիլ ֆաբրիկայի տնօրեն։
1922-1928 թթ. ընտրվել է Երևանի, Լենինականի և Անդրկովկասի կուսակցական ու խորհրդային ղեկավար օրգանների կազմում։ 1927 թվականին գործուղվել է Գերմանիա, Բելգիա, Ֆրանսիա և Շվեդիա՝ Հայաստանի արդյունաբերության համար սարքավորում ձեռք բերելու։
1928 թվականին Գասպարյանը մեկնում է Մոսկվա՝ շարունակելու ընդհատված ուսումը, որտեղ 1931 թվականին էքստեռն կարգով ավարտում է բարձրագույն ինժեներական ուսումնարանը։
1928-1937 թթ. եղել է տեքստիլշինի մատակարարման բաժնի վարիչ, այնուհետև նախագծային սեկտորի պետ, Կուզնեցկշինի պետ, «Պողպատնախագծի» կառավարչի տեղակալ և ապա Մոսկվայի «Քաղշիննախագիծ» տրեստի կառավարիչ[2]։
Օգտագործել է Հ. Գ., Հարութիկ ծածկանունները[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Բախտիար Հովակիմյան, Հայոց ծածկանունների բառարան, Ե., ԵՊՀ հրատ., 2005, էջ 583։
- ↑ Անմոռաց դեմքեր (Ներսիսյան դպրոցի սաներ), Ե., «Հայաստան», 1965, էջ 36-37։