Համակարգչով աշխատելու անվտանգություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Համակարգչով աշխատելու անվտանգություն, անվտանգության համակարգ՝ նախատեսված ապահովելու մարդու անվտանգությունը համակարգչով աշխատելու ժամանակ աշխատավայրում, տանը, դպրոցում և այլուր։

Իրավական փաստաթղթեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Համակարգիչներին և դրանցից օգտվողների աշխատանքի կազմակերպմանն ու պայմաններին ներկայացվող հիգիենիկ պահանջներ՝ Կազմակերպություններում էլեկտրոնային հաշվիչ մեքենաների (համակարգիչների) անվտանգ շահագործման եվ օգտագործման» n 2.2.4-015-10 սանիտարական կանոնները եվ նորմերը հաստատելու մասին[1]

Աշխատավայրում[խմբագրել | խմբագրել կոդը]

Արդի դարաշրջանում համակարգիչը լայն կիրառություն ունի մարդու կյանքում՝ և՛ տանը, և՛ գրասենյակում, և՛ խանութում, և՛ արտադրության մեջ, և՛ նույնիսկ՝ կենցաղում, այլ խոսքով՝ առանց նրա անհնար է պատկերացնել մարդու կյանքը։ Գաղտնիք չէ, որ գրասենյակներում համակարգիչները հիմնականում կիրառվում են որպես տեղեկատվության մշակման միջոցներ և համակարգչային տեխնոլոգիաների այդպիսի ներմուծումը սկզբունքորեն փոխեց գրասենյակային աշխատողների աշխատանքի բնույթը, ինչպես նաև աշխատանքի կազմակերպման և անվտանգության պահանջները։ Անվտանգության կանոնների չպահպանելը կարող է հանգեցնել աշխատակցի աշխատանքի ոչ հարմարավետ լինելուն՝ առաջանում են գլխացավեր, աչքերի ցավեր, հոգնածություն, սրտխառնոց և այլն։ Որոշ մարդկանց մոտ խանգարվում է քունը, ախորժակը, վատանում է տեսողությունը, սկսում են ցավալ ձեռքերը, վիզը, ողնաշարը և այլն։ Կարող են առաջանալ նաև նյարդային խանգարումներ։ Հետազոտությունների արդյունքների շնորհիվ պարզվել է, որ համակարգչով աշխատակցի վատ ինքնազգացողության պատճառներից մեկը հանդիսանում է մոնիտորի էկրանի պատկերի բարձր հաճախականությունը։ Հարկ է նշել, որ՝

  • խորհուրդ չի տրվում հերթափոխի ընթացքում աշխատել 6 ժամից ավելի,
  • խորհուրդ է տրվում համակարգչով աշխատելու ընթացքում կատարել 10 րոպե տևողությամբ ընդմիջում՝ յուրաքանչյուր 50 րոպեից հետո,
  • համակարգչով անընդմեջ աշխատանքը չկարգավորված ընդմիջման ընթացքում չպետք է գերազանցի 2 ժամին,
  • ընդմիջումների ընթացքում հարկավոր է կատարել վարժություններ[2]։

Ընդհանուր հիգիենիկ պահանջներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Էլեկտրոնային հաշվիչ մեքենաների շահագործման աշխատատեղերում աշխատանքային սեղանի մակերեսի լուսավորվածությունը սահմանվում է՝ 300-500 լյուքս (Լք),
  • էլեկտրոնային հաշվիչ մեքենաների շահագործման սենքերի լուսային բացվածքները (պատուհանները) սարքավորվում են կարգավորող շերտավարագույրերով, վարագույրով, արտաքին ծածկոցներով և լույսից պաշտպանության այլ միջոցներով,
  • էլեկտրոնային ճառագայթման խողովակով մոնիտորներ ունեցող էլեկտրոնային հաշվիչ մեքենաներն օժանդակ սարքերի՝ պրինտեր, սկաներ և այլնի հետ շահագործելու մեկ աշխատատեղի մակերեսը լինում է ոչ պակաս, քան 6 մ2 (քառակուսի մետր), իսկ առանց օժանդակ սարքերի շահագործելու դեպքում՝ 4,5 մ2 (քառակուսի մետր) տարածք,
  • անկախ օժանդակ սարքերի (տպիչ, ծրիչ և այլն) առկայությունից հարթ դիսկրետ (հեղուկ բյուրեղային, պլազմային) էկրանով էլեկտրոնային հաշվիչ մեքենաները շահագործելու մեկ աշխատատեղի մակերեսը լինում է ոչ պակաս, քան 4.5 մ2 (քառակուսի մետր) տարածք,
  • աշխատատեղերում էլեկտրոնային հաշվիչ մեքենաների մոնիտորների միջև հեռավորությունը լինում է 1.5-ից 2 մ (մետր),
  • աշխատանքային աթոռը լինում է շարժական՝ բարձրության վրա կարգավորվող։ Աթոռի նստարանի և թիկունքի մակերեսները լինում են կիսափափուկ, չսահող և օդի թափանցելիություն ապահովող ծածկույթից,
  • էլեկտրոնային հաշվիչ մեքենաների շահագործման սենքի հատակն ունենում է հակաստատիկ ծածկ։ Յուրաքանչյուր օր կատարվում է հատակի խոնավ մաքրում։

Դպրոցում[խմբագրել | խմբագրել կոդը]

Համակարգիչը տեխնիկական բարդ սարքավորում է։ Այն մի աշխատում է էլեկտրական հոսանքով։ Ուստի նրանով աշխատելու գործընթացը պահանջում է որոշակի զգուշություն։ Համակարգչային դասարանում աշխատելու անվտանգության հիմնական կանոններն են՝

  • խստորեն հետևել ուսուցչի ցուցումներին,
  • կարճ միացման՝ կայծի, այրվածքի հոտի դեպքում անջատել համակարգչի էլեկտրական սնուցումն ու հայտնել ուսուցչին,
  • վատ ինքնազգացողության, գլխացավի, գլխապտույտի դեպքում դադարեցնել աշխատանքն ու հայտնել ուսուցչին։

Ինֆորմատիկայի դասարանում չի թույլատրվում՝

  • արտահագուստով նստել համակարգչի մոտ,
  • համակարգչի մոնիտորի, տպող սարքի, ստեղնաշարի կամ համակարգային բլոկի վրա որևէ իր դնել,
  • օգտվել արտաքին հիշողության սեփական կրիչներից. դիսկետից, ֆլեշ և այլն (խիստ կարիքի դեպքում միայն ուսուցչի թույլտվությամբ),
  • ձեռք տալ համակարգչի սնուցող լարերին,
  • համակարգչի մոտ նստելուց հրմշտել միմյանց,
  • հրդեհի դեպքում վառվող սարքավորումների վրա ջուր լցնել կամ օգտվել փրփուրով կրակմարիչից, անհրաժեշտ է կատարել ուսուցչի ցուցումները,
  • 30 րոպեից ավել անընդհատ աշխատել։

Համակարգչի բաղադրիչ սարքավորումների հնարավոր կողմնակի վնասակար ազդեցություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հաշվի առնելով համակարգիչների նկատմամբ աճող պահանջարկը՝ իմաստ ունի ծանոթանալ համակարգչի բաղադրիչ սարքավորումների հնարավոր կողմնակի վնասակար ազդեցություններին՝ վերջիններից պաշտպանվելու նպատակով։ Նախ՝ էլեկտրոնաճառագայթային խողովակով աշխատող մոնիտորների մասին. ասենք, որ չնայած սրանց աշխատանքն ուղեկցվում է ռադիացիոն ճառագայթմամբ, սակայն դրանից 50սմ հեռավորություն ապահովելու դեպքում կարելի է խուսափել առողջությունը վնասելուց։ Այդ մոնիտորների աշխատանքն ուղեկցվում է նաև կողմնակի այլ վնասակար երևույթներով՝ օդում դրականապես լիցքավորված իոնների կենտրոնացմամբ և բացասական իոնների նվազմամբ, ինչպես նաև օզոնի քանակի մեծացմամբ, որը բացասական ազդեցություն է թողնում համակարգչից օգտվողի ինքնազգացողության, ի վերջո նաև առողջության վրա։ Նման վնասակար ազդեցության նվազեցման նպատակով խորհուրդ է տրվում հաճախակի օդափոխել սենյակները։ Ինչ վերաբերում է հեղուկաբյուրեղային մոնիտորներին՝ ապա սրանք վերը թվարկած բոլոր առումներով բացարձակ անվտանգ են, և խորհուրդ է տրվում հնարավորինս օգտվել այս մոնիտորներից։ Ցանկացած մոնիտոր լուսարձակման աղբյուր է, և շարունակ դրան նայելուց աչքերը հոգնում են, առավել ևս, եթե մոնիտորի լուսարձակումը սահմանված է չափազանց բարձր կամ չափազանց ցածր։ Բացի դրանից աչքերի գրգռման պատճառ կարող է հանդիսանալ նաև մոնիտորի վրա արտացոլվող պատկերի թրթռալը. սրա ազդեցությունը թուլացնելու նպատակով խորհուրդ է տրվում էլեկտրոնաճառագայթային մոնիտորին արտածվող պատկերի կադրային հաճախությունը սահմանել 75 հերց, իսկ հեղուկաբյուրեղային մոնիտորի դեպքում՝ 60 հերց։ Սենյակում մոնիտորի ճիշտ տեղեկայումը ևս կարևոր գործոն է. ընդ որում այն պետք է տեղադրել այնպես, որ ետևի մասով ուղղված լինի դեպի պատը՝ խուսափելու համար մոնիտորի հետևի մասում եղած բարձր էլեկտրամագնիսական ճառագայթումից։ Հնարավորինս պետք է խուսափել նաև մոնիտորին կողմնակի լույս ընկնելուց. այդ նպատակով համակարգիչը պետք է տեղադրված լինի այնպես, որ դրանից օգտվողի վրա լույսն ընկնի ձախից։ Գործնականում հաճախ խոսելով մոնիտորների վնասակար ազդեցությունների մասին՝ չեն նշվում համակարգչի մյուս բաղադրիչի՝ տպող սարքին առնչվող նման գործոնները։ Մինչդեռ տպող սարքը նույնպես էլեկտրական բարդ սարքավորում է և անվտանգ աշխատելու իր կանոններն ունի։ Նախ՝ պետք է բացառել դրա մեջ պատահական իրեր հայտնվելու վտանգը. այդպիսիք կարող են լինել թղթերի մետաղական ամրուցիչները (սկրեպ), և գրասենյակային այլ պիտույքներ։ Սրանք թղթի թերթի հետ հայտնվելով տպող սարքի ներսում՝ վերջինիս շարքից դուրս գալու պատճառ են հանդիսանում։ Լազերային տպող սարքերի աշխատանքը հիմնված է մանրագույն հատիկներով (փոշու հատիկից 10-ն անգամ փոքր) սև գույնի փոշու, այսպես կոչված՝ տոների վրա։ Տոները խիստ վնասակար, և նույնիսկ՝ թունավոր նյութ է. դրա հատիկները շնչուղիներում կարող են տարբեր հիվանդություններ առաջացնել։ Այդ պատճառով լազերային տպող սարքերի լիցքավորումը պետք է իրականացվի միմիայն մասնագետի կողմից՝ հատուկ պայմաններում։ Ընդհանրապես լազերային տպող սարքերը ազդում են շրջապատի օդի վրա. դրա աշխատանքի ընթացքում տարբեր նյութեր են անջատվում, ավելանում են օզոնի, ազոտի օքսիդի, [[ածխաջուր |ածխաջրի]] օքսիդի և այլ վնասակար նյութերի չափաքանակները։ Այդ պատճառով համակարգչային սենյակը պետք է ապահովել կանոնավոր օդափոխությամբ և աշխատանքից հետո այն թաց շորով մաքրել[3]։

Անմիջական աշխատանքի տևողություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դասերի (պարապմունքների) ժամանակ էլեկտրոնային հաշվիչ մեքենաներով անմիջական աշխատանքի տևողություններն են.

  • 6 տարեկան սովորողների համար՝ 10 րոպե
  • 7-10 տարեկան սովորողների համար՝ 15 րոպե
  • 11-12 տարեկան սովորողների համար՝ 20 րոպե
  • 13-14 տարեկան սովորողների համար՝ 25 րոպե
  • 15-18 տարեկան սովորողների համար՝ ա) առաջին դասաժամի տևողությունը-30 րոպե, բ) երկրորդ դասաժամի տևողությունը-20 րոպե[1]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն
  2. Վարժություններ
  3. «վնասակար ազդեցություններ». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 27-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 28-ին.