Կոմս Օրգասի թաղումը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կոմս Օրգասի թաղումը
տեսակգեղանկար
նկարիչԷլ Գրեկո
տարի1586
բարձրություն480 ± 1 սանտիմետր
լայնություն360 ± 1 սանտիմետր
ուղղությունԻսպանական ոսկեդար և մաներիզմ[1]
ժանրհոգևոր արվեստ, խմբակային դիմանկար և catafalque portrait?
նյություղաներկ և կտավ
գտնվում էChurch of Santo Tomé?
հավաքածուChurch of Santo Tomé?
հիմնական թեմաԱրտաշիրմում
https://www.wga.hu/html/g/greco_el/09/0901grec.html, https://www.wga.hu/html/g/greco_el/09/0902grec.html, https://www.wga.hu/html/g/greco_el/09/0903grec.html, https://www.wga.hu/html/g/greco_el/09/0904grec.html, https://www.wga.hu/html/g/greco_el/09/0905grec.html, https://www.wga.hu/html/g/greco_el/09/0906grec.html, https://www.wga.hu/html/g/greco_el/09/0908grec.html, https://www.wga.hu/html/g/greco_el/09/0907grec.html կայք
Ծանոթագրություններ
 The Burial of the Count of Orgaz Վիքիպահեստում

«Կոմս Օրգասի թաղումը», Էլ Գրեկոյի ամենահայտնի աշխատանքներից է՝ ստեղծված 1586-1588 թվականներին Տոլեդոյի Սան Տոմե եկեղացու համար։

Նկարի համար որպես թեմա է ծառայել 14-րդ դարի մի լեգենդ։ 1312 թ-ին մահանում է Տոլեդո քաղաքի բնակիչ և Օրգաս քաղաքի սենիոր Գոնսալո Ռուիսը։ Ավելի ուշ նրա ընտանիքը ստանում է կոմսի տիտղոս, որով էլ Գոնսալո Ռուիսը հայտնի է դառնում հետմահու։ Կոմս Օրգասը բարեպաշտ մարդ էր, հայտնի էր իր բարեգործություններով։ Նա հրաման է արձակում, ըստ որի Սան Տոմե եկեղեցու ընդարձակման և զարդարման համար սահմանվում է հատուկ հարկ։ Համաձայն լեգենդի դոն Գոնսալո Ռուիսի թաղման ժամանակ երկնքից իջնում են սուրբ Ստեֆանը և սուրբ Ավգուստինը՝ նրան անձամբ թաղելու համար։ Այս մասին է հայտնում Սան Տոմե վանքում տեղադրված մեմորիալ սալիկը։

Քաղաքի բնակիչները երկար ժամանակ չէին վճարում Գոնսալո Ռուիսի կողմից սահմանված հարկերը, դատական գործ է հարուցվում, որից ստացված գումարով էլ որոշվում է վանքի վանահայր Անդրես Նունյեսի կողմից պատվիրել խորանային նկարը՝ Կույսի ժամատան համար։ Նունյեսը, ով նաև Էլ Գրեկոյի ընկերն էր ու կոմսի թաղված ժամատան ռեստավրացիայի նախաձեռնողը, պատկերված է կտավում (աջ կողմում՝ աղոթագրքով)։ Նկարն անմիջապես դառնում է շատ հայտնի, քանի որ Էլ Գրեկոն, համաձայն պայմանագրի, թաղման տեսարանում պատկերում է Տոլեդո քաղաքի հայտնի բնակիչներին. հոգևորականներ, իրավաբաններ, գրողներ, գիտնականներ։ Այս աշխատանքը ոչ միայն ցույց է տալիս նկարչի վարպետությունը, բացահայտում է Էլ Գրեկոյին, որպես հիանալի դիմանկաչի։ Աշխատանքը դառնում է եկեղեցու պարծանքը, ճանաչվում է Իսպանիայում ստեղծված հիանալի նկարներից մեկը։

Նկարի տարածությունը հստակորեն բաժանված է երկու մասի՝ երկրային և երկնային աշխարհներ։ Երկու աշխարհների միջև տարբերությունը նկարիչը ներկայացրել է հնարավոր բոլոր միջոցներով։ Նյութական ներքևի հատվածից վերև պատկերված է Քրիստոսը՝ սրբերով շրջապատված։ Երկնային կյանքը Էլ Գրեկոյի մոտ հիշեցնում է Միքելանջելոյի «Ահեղ դատաստանը», որը նա ուսումնասիրել է Սիքստինյան կապելլայում։ Սպիտակ հագուստով Քրիստոսի ֆիգուրը պսակված է Դեհիսուսի կերպարներից կազմված եռանկյունիից։ Սրբերի ձգված, դեֆորմացված մարմինները շարժվող ամպերի ֆոնին են։ Հրեշտակները վերև են բարձրացնում մահացածի հոգին, որը պատրաստվում են ընդունել բացված ամպերը (նկարիչը այստեղ հետևում է բյուզանդական պատկերագրությանը)։ Երեք կենտրոնական կերպարները շրջապատված են առաքյալներով, աստվածաշնչյան արքաներով, Հիսուսի աջ կողմում սրբերից կարելի է տեսնել Ֆիլիպ Երկրորդ արքային, ինչը հավանաբար Էլ Գրեկոյի փորձն է սիրաշահելու մոնարխին, ով չէր գնահատում իր աշխատանքները։ Թաղման տեսարանը մատնացույց անող ձախ կողմում կանգնած տղան Էլ Գրեկոյի որդին է՝ Խորխե Մանուելը, ով հետագայում կդառնա հոր օգնականը։ Որդու գրպանից երևացող թաշկինակի վրա նկարիչը պատկերել է իր ստորագրությունը և որդու ծննդյան տարեթիվը՝ 1578։ Էլ Գրեկոյի պատկերը հեշտ է գտնել. Սուրբ Ստեֆանի գլխավերևում։ Եվ՛ հայրը, և՛ որդին նայում են հանդիսատեսի վրա՝ նրանց հետ կապ հաստատելով։

Նկարի կոլորիտը անսովոր հարուստ է. սև հագուստների ֆոնի վրա առանձնում են սրբերի ոսկեգույն կերպարները։ Նկարիչը ցույց է տալիս իր վարպետությունը ոչ միայն գույնի, այլ ֆակտուրայի փոխանցման հարցում. կոմսի ասպետական վահանի փայլը, որում արտացոլվում էՍուրբ Ստեֆանը, հոգևորականների թափանցիկ հագուստները։ Սուրբ Ստեֆանի դալմատիկայի վրա պատկերված է նրա տանջանքի տեսարանը։ Հորինվածքի վերևի հատվածում դոմիանտ են մոխրագույնի բոլոր երանգները, փղոսկրի գույնը, տաք օխրան։ Կերպարների էքսպրեսիվ հայացքները և շարժումները տեսարանը դարձնում են չափազանց դինամիկ։

Չնայած բյուզանդական, վենետիկյան, Բարձր Վերածնունդի կամ մաներիզմի վարպետների ստեղծագործությունների հետ համեմատություններ, Էլ Գրեկոն, հստակորեն հետևելով պատվիրատուի ցանկությանը, ստեղծում է բացարձակապես օրիգինալ աշխատանք, նոր տեսակի խորանային կերպար։ Նկարի տարածությունը պայմանական է ներկայացված. չկա հորիզոնի գիծ, բացակայում է խորությունը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կոմս Օրգասի թաղումը» հոդվածին։