Jump to content

Կալեվալա (էպոս)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Կալեվալայի» բանահավաք Էլիաս Լյոնրոթը (1802-1884 թվականներ)
«Կալեվալայի» գործող անձանցից մեկի` Աինո անունով կույսի պատմությունը ֆինն նկարիչ Աքսելի Գալեն-Կալելայի նկարում։ Ձախ նկարում պատկերված է անտառում Վյայնյամեյնենի և Աինոյի առաջին հանդիպումը, աջում` Աինոն տխուր լացում է գետի ափին և լսում է Վելլամոյի սպասուհիների կանչը, ովքեր նվագում են ջրի մեջ։ Կենտրոնում պատկերված է, թե ինչպես է Վյայնյամեյնենը ձուկ որսալիս ձեռքից բաց թողնում մի փոքր ձկան, որը վերափոխվելով դառնում է Աինոն և նրա վրա ծիծաղելով չքվում է անվերադարձ։

Կալեվալա (կարելերեն և ֆիններեն` Kalevala), կարելների և ֆինների ազգային էպոսը։

Գրի է առել և ի մի է բերել ֆինն գիտնական Էլիաս Լյոնրոթը (1802-1884) 19-րդ դարի 1-ին կեսին կարելերեն և ֆիններեն բանահյուսությունից և ֆիննական դիցաբանությունից[1]։ 1835 թվականին հրատարակվել է առաջին տարբերակը (32 երգ, ֆիններեն` runot րունո), 1849 թվականին՝ երկրորդը (50 երգ, 22.795 չափածո տող)[2]։

Էպոսի անունը նշանակում է «Կալեվի երկիր»։ Ռուներում պատկերված է ժողովրդի պայքարը ընդդեմ հյուսիսի խստաշունչ բնության և, մասնավորապես, ընդդեմ բռնակալ Լոուհիի։ Պայքարը գլխավորում է էպոսի գլխավոր հերոս, երգասաց Վյայնյամեյնենը։ Էպոսում զգալի տեղ են գրավում կենցաղի, սիրո, աշխատանքի պատկերները։ Թարգմանվել է աշխարհի շատ լեզուներով։ 1949 թվականին ԽՍՀՄ-ում տոնվել է էպոսի լրիվ հրատարակության հարյուրամյակը։ 1972 թվականին «Կալեվալան» լույս է տեսել հայերեն՝ Հմայակ Սիրասի արձակ վերապատմումով։

Բովանդակությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Էպոսի սկզբում՝ I-XI երգերում պատմվում է երկրի, երկնքի, Արևի և Լուսնի արարման մասին։ Երկիրն ստեղծվում է բադի ձվի կճեպից։ Իլմատար աստվածուհուց ծնվում է առաջին մարդը՝ Վյայնյամեյնենը։ Նա նորաստեղծ աշխարհին նվիրում է ծառեր և կյանք։ Պատմվում է նրա տարբեր արկածների և Հյուսիսի չքնաղ կույսի հետ նրա հանդիպման մասին։ Նա համաձայնում է դառնալ Վյայնյամեյնենի հարսնացուն, եթե հերոսը իր իլիկի կտորներից պատրաստի նավակ։ Գործի անցնելով, հերոսը վնասում է իրեն, չի կարողանում զսպի արնահոսությունը և գնում է ծերունի բուժակի մոտ, որտեղ պատմում է նրան երկաթի առաջացման ավանդապատումը։ Տուն դառնալով, Վյայնյամեյնենը քամի է վեր հանում և Իլմարինեն դարբնին տեղափոխում է Հյուսիսի Պոհյոլա երկիր։ Այնտեղ դարբինը Հյուսիսի տիրուհու համար կռում է Սամպո աղացը, որն իր տիրոջը կարող է պարգևել հարստություն և երջանկություն։

XI-XV երգերում կա դրվագ հրաշագործ և կանանց գերող հերոս Լեմմինկյայնենի արկածների մասին։ Ապա նորից պատմվում է Վյայնյամեյնենի մասին՝ ինչպես է նա իջնում դժոխք, ինչպես է հայտնվում հսկա Վիիպունենի որովայնում, ինչպես է նրանից իմանում հրաշք նավակը պատրաստելու համար անհրաժեշտ վերջին երեք բառերը և ինչպես է գնում Պոհյոլա՝ հյուսիսի կույսի ձեռքն ստանալու։ Սակայն, վերջինս նախընտրում է դարբին Իլմարինենին և ամուսնանում է նրա հետ, ընդ որում, մանրամասն նկարագրվում է հարսանիքը և մեջբերվում են հարսանիքի երգերը, որոնցում շարադրված են ամուսինների պարտականությունները։

Հետագա երգերը պարունակում են ընդարձակ պատմություն երեք կարելական հերոսների նախաձեռնության մասին, այն մասին, ինչպես են ձեռք բերում Սամպոյի գանձերը, ինչպես է Վյայնյամեյնենը պատրաստում կանտելե և նրա վրա նվագելով կախարդում ամբողջ բնությունը և քնեցնում Պոհյոլայում ապրողներին և ինչպես են հերոսները տանում Սամպոն։

Վերջին երգը մի լեգենդ է կույս Մարյատտայից հրաշք երեխայի՝ Փրկչի ծնվելու մասին։ Վյայնյամեյնենը խորհուրդ է տալիս նրան սպանել, քանի որ նրան վիճակված է իրեն գերազանցելու, սակայն, երկու շաբաթական մանուկը հանդիմանում է Վյայնյամեյնենին անարդար գործելու համար և, ամոթահար հերոսը, վերջին անգամ իր դյութիչ երգը երգելով, հեռանում է ընդմիշտ իր նավակով։

Կալեվալայի օրը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամեն տարվա փետրվարի 28-ին Ֆինլանդիայում և Կարելիայում որպես ազգային տոն նշվում է «Կալևալա էպոսի օրը»։ Այդ օրն ընտրվել է 1835 թվականի առաջին վարկածի հրատարակման կապակցությամբ։ Անց է կացվում զգեստներով երթով «Կալևալայի կարնավալը», ցուցադրվում են էպոսի սյուժեներով թատերականացված ներկայացումներ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Anneli Asplund; Sirkka-Liisa Mettom (2000 թ․ հոկտեմբեր). «Kalevala: the Finnish national epic». Վերցված է 15 August 2010-ին.
  2. Kalevala Society. «Kalevala, the national epic». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ մարտի 23-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 15-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կալեվալա (էպոս)» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 171