Խոսե Միգել Բենյարան
Խոսե Միգել Բենյարան իսպ.՝ José Miguel Beñaran Ordeñana | |
---|---|
Ծնվել է | մարտի 7, 1949[1] |
Ծննդավայր | Arrigorriaga, Գրան Բիլբաո, Բիսկայա, Բասկերի երկիր, Իսպանիա |
Մահացել է | դեկտեմբերի 21, 1978[1] (29 տարեկան) |
Մահվան վայր | Anglet |
Քաղաքացիություն | Իսպանիա |
Մայրենի լեզու | իսպաներեն |
Խոսե Միգել Բենյարան Օրդենյակա առավել հայտնի` Արգալա (իսպ.՝ José Miguel Beñaran Ordeñana — Argala, մարտի 7, 1949[1], Arrigorriaga, Գրան Բիլբաո, Բիսկայա, Բասկերի երկիր, Իսպանիա - դեկտեմբերի 21, 1978[1], Anglet), բասկ հեղափոխական, հակաֆրանկոյական, ԷՏԱ-ի առանցքային դեմքերից մեկը, ֆրանկոյական վարչապետ Լուիս Կարերո Բլանկոյի սպանության մասնակից[2][3]։ Հինգ տարի անց իր հերթին սպանվել է ավտոմեքենայի մեջ տեղադրված ռումբից ֆրանսիական Բասկերի երկրում. սպանությունը կազմակերպել էին իսպանական ծովային ուժերի ծայրահեղ աջ հայացքներ ունեցող մի քանի ներկայացուցիչներ։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է 1949 թվականի մարտի 7-ին Արիգորիագայի (Բասկերի Երկիր) աշխատավոր աղքատ ընտանիքում։ Դպրոցում սովորելու ժամանակ Խոսե Պրիմո դե Ռիվերային համարում էր ազգային հերոս, իսկ «կարմիրներին», ինչպես ներկայացվում էր դասագրքում` «աթեիստների, բռնակալների, մարդասպանների և Ֆրանկոյի թշնամիների խաժամուժ»։ Սա կոնֆլիկտային իրավիճակ էր ստեղծում տանը, քանի որ Բենյարանի հայրը ոչ միայն բասկ հայրենասեր էր, այլև դրական էր վերաբերվում ԽՍՀՄ-ին և կոմունիզմին ընդհանուր առմամբ[4]։ Քանի որ բոլոր ազգականները իրար հյուրընկալելիս շփվում էին միայն բասկերենով, իսկ նրանց զավակները` Խոսե Միգելի ընկերները, ստիպված էին աշխատել վաղ հասակից, Բենյարանը սկսում է հետաքրքրվել բասկերի խնդրով[4]։
Խոսե Միգել Բենյարանը, փորձելով ինչ-որ կերպ օգնել աղքատներին ու հիվանդներին, միանում է Կաթոլիկ բարեգործական ընկերությանը (իսպ.՝ Legión de María): 1960-ական թվականներին դառնում է աշխատավորների ու գործատուների կոնֆլիկտի և պետության կողմից դրա ճնշման վկան։ Այս շրջանում նա անդրադառնում է մարքսիստական աշխարհայացքին։
Երիտասարդ այլ բասկերի հետ նա միանում է ԷՏԱ-ին։ 1968 թվականին ձերբակալությունների ու հետապնդումների արդյունքում ստիպված լքում է հայրենի վայրերը և հայտնվում Օնյատեում։ Այնուհետ մեկնում է Բասկերի Երկրի ֆրանսիական հատված, որտեղ ակտիվ մասնակցություն է ունենում կազմակերպության զարգացման ծրագրերի մշակմանը։
1973 թվականի դեկտեմբերին, ապօրինի կերպով գտնվելով Մադրիդում, նախապատրաստում ու կազմակերպում է նեոֆրանկոյական վարչապետ Լուիս Կարերո Բլանկոյի սպանությունը, ով շարունակում էր աշխատավորների ու ազգային փոքրամասնությունների նկատմամբ վարել ճնշող քաղաքականություն[5][6]։ Սպանությունը ստիպում է Կառլոս Արիաս Նավարոյին կատարել շրջադարձ դեպի ժողովրդավարություն։
Բենյարանը կրկին հայտնվում է Բասկերի Երկրի ֆրանսիական հատվածում, որտեղ աշխատում է ԷՏԱ-ի վերակազմավորման ուղղությամբ։ Դրա համար, ընդունելով մարքսիստական վերլուծությունը, ուսումնասիրում է ֆրանկոյական ռեժիմի տարբեր տեսանկյուններ և հետագա հասարակական-քաղաքական փոփոխությունների հեռանկարը։ Կազմակերպության ներքին տարաձայնությունները հանգեցնում են երկփեղկվածության կուսակցական քաղաքական հատվածի և ընդհատակյա զինված պայքարի կողմնակիցների միջև։ Վերջինս ղեկավարում էր Արգալան։
1976 թվականի հոկտեմբերին, արտաքսված լինելով Յո կղզի(ֆր.՝ L'Île-d'Yeu), Բենյարանն ամուսնացել է և մայրցամաք վերադարձին կանգ առել Ֆրանսիայի հարավում գտնվող Անգլետ բնակավայրում։ 1978 թվականի դեկտեմբերի 21-ին մահացել է ռումբի պայթյունից, որը նրա մեքենայի մեջ տեղադրել էին «մահվան էսկադրոնի» անդամները։
2003 թվականին իսպանական «El Mundo» թերթը հրապարակել է հարցազրույց իսպանացի պաշտոնաթող զինվորականի հետ, ով թաքնվում էր «Լեոնիդաս» մականունով։ Ըստ հարցազրույցի` Խոսե Բենյարանը սպանվել է իսպանացի աջ ծայրահեղական ութ մարդուց բաղկացած «մահվան էսկադրոնի» կողմից, որի մեջ մտնում էին ծովային երեք սպաներ, մեկ զինվորական ՌՕՈՒ-ից, բանակային երեք սպա, մեկ ժամդարմ և մեկ քաղաքացիական։ Նրանց օգնում էին իսպանական հետախուզությունը, գաղտնի զինված կազմակերպության նախկին անդամ, ֆրանսիացի Ժան Պիեռ Շերին և իտալացի նեոֆաշիստ Մարիո Ռիչին[7][8]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Diccionario biográfico español (իսպ.) — Real Academia de la Historia, 2011.
- ↑ Dictionnaire antifranquiste: Beñaran Ordeñana, Jose Miguel
- ↑ «Yo maté al asesino de Carrero Blanco»
- ↑ 4,0 4,1 José Miguel Beñaran Ordeñana Autobiografía política
- ↑ Communiqués au sujet de l'exécution de Carrero Blanco
- ↑ Interview du commando Txikia au sujet de l'action contre Carrero Blanco
- ↑ Ультраправый боевик, ставший наемником после разгрома ОАС. Участник «грязной войны» против басков, бойни в Монтехурре. Умер в результате срабатывания подготовленного им самим взрывного устройства.
- ↑ Член «Национального авангарда», связанного с разведкой Пиночета и совершившей по её указанию нападение на оппозиционного политика Бернардо Лейтона в 1975 году.