Jump to content

Լուկաչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Լուկաչ (Լուքաչյան, Ղուկասյան), հայազգի ազնվական տոհմ Տրանսիլվանիայում և Հունգարիայում 17-րդ-20-րդ դարերում։

Լուկաչների նախնիները Անիից գաղթել են Մոլդովա, այնտեղից 17-րդ դարի վերջին՝ Եղիսաբեթուպոլիս և զբաղվել վաճառականությամբ։ Երկրի առևտրին մատուցած ավանդի և Յոթնամյա պատերազմի ժամանակ կառավարությանը նյութապես օգնելու համար ավստրալիացի կայսրուհի Մարիա Թերեզան Լուկաչներ Իսահակին, Ղազարին, Ղուկասին (1760 թվական ) և Հակոբին (1762 թվական) ազնվականության տիտղոս է շնորհել։ 18-րդ դարի վերջին Լուկաչների մի ճյուղն անցել է Զլատնա և զբաղվել ոսկու հանքերի շահագործմամբ, մյուսը՝ Բանատ՝ դառնալով կալվածատեր։ Ավելի ուշ տարածվել են Պեշտում ու Նադ Վարոդում (այժմ՝ Օրադեա Մարե)։ Լուկաչները տվել են հայտնի դեմքեր։

Լ. Մորիկ (Մորից) Գրիգորի (սեպտեմբերի 22, 1812 թվական, Պեշտ - 1881 թվական), բանասեր-պատմաբան, գրող, Հունգարիայի ԳԱ անդամ (1858 թվական)։ Ավարտել է Պեշտի համալսարանը, եղել Կիշֆալուդիի գրական ընկերության նախագահ, առևտրի մինիստրությունում պետական քարտուղար (1848 թվական)։ Համակրել է 1848-1849 թվականների Հունգարիայի հեղափոխությանը, որի ճնշումից հետո անցել է արտասահման։ Վերադառնալուց հետո հրատարակել է «Հռոմի հին պատմության վավերականության և ծագման մասին» (1858 թվական, Հունգարիա) և այլ գործեր, զբաղվել թարգմանությամբ (Ջ. Բայրոն, Սերվանտես և այլն)։ Լուկաչ Դենեշ (Դիոնիսիոս, 1816 թվական, Նադ Վարոդ-1868 թվական), 1848-1849 թվականների հեղափոխության գործուն մասնակից, հեղավախական բանակի հրետանու գնդապետ։ Նախապես եղել է Վիեննայի հրետանային սպայական դպրոցի դասախոս (նրան աշակերտել է նաև ապագա կայսր Ֆրանց Իոսիֆը)։ Հեղափոխական բանակում ղեկավարել է զինամթերքների մատակարարումը։ Արադում դատապարտվել է (փետրվարի 15-ին 1850 թվական) գնդակահարության, բայց մահապատիժը փոխարինվել է 16-ամյա տաժանակրությամբ։

Լ. Բելա (Ադալբերտ) Շիմոնի (1847 թվական, Զլատնա - 1901 թվական), պետական գործիչ, տնտեսագետ, պատմաբան, գրող։ Սովորել է Ալբա-Յուլիայում, ապա՝ Կլուժի և Բուդապեշտի համալսարաններում։ Բուդապեշտում մասնակցել է «Մեր հայրենիքը», «Հայրենիք» հունգարական օրաթերթերի հրատարակությանը, հրատարակել «Հասարակական կարծիք» (հունգարերեն) թերթը։ Սերտ կապերի մեջ է եղել Տրանսիլվանիայի հայերի հետ։ 1872-1897 թվականներին պառլամենտի դեպուտատ է ընտրվել Գեռլա հայաքաղաքից։ Եղել է Հունգարիայի առևտրի մինիստրության պետական քարտուղար, առևտրի մինիստր (1892-1895 թվականներին) և այլն։ Գրել է պատմական ակնարկներ Տրանսիլվանիայի և Հունգարիայի պատմության վերաբերյալ, ճանապարհորդական նոթեր, հրապարակախոսական ու տնտեսագիտական աշխատություններ, վեպեր և այլն։ 1890 թվականին արժանացել է Հունգարիայի ԳԱ մրցանակին։ Պարգևատրվել է շքանշաններով։

Լուկաչ Լասլո Լուկաչի (նոյեմբերի 11, 1850 թվական, Զլատնա - փետրվարի 23, 1932 թվական, Բուդապեշտ), Հունգարիայի պետական գործիչ, իրավաբան։ Սովորել է (հայոց լեզու) Եղիսաբեթուպոլսում, ապա՝ Կլուժում, ավարտել Բուդապեշտի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։ 1874-1876 թվականներին դասախոսել է Ռաբբի իրավաբանական ակադեմիայում, 1878-1887 թվականներին՝ եղել պառլամենտի դեպուտատ, 1887-1891 թվականներին՝ ֆինանսների մինիստրության խորհրդական, 1893 թվականներից՝ պետական քարտուղար, 1895-1905 թվականներին՝ մինիստր։ 1912-1913 թվականներին Հունգարիայի պրեմիեր մինիստրն էր։ Կապեր է ունեցել տեղի հայ գաղթավայրի հետ։

Լուկաչ Գևորգ (1865, Նադ Վարոդ - 1950, Բուդապեշտ), պետական գործիչ։ 1888-1890 թվականներին աշխատել է ներքին գործերի մինիստրությունում, 1905-1906 թվականներին՝ եղել Հունգարիայի մշակույթի մինիստր, 1946 թվականից՝ հունգարահայ միության նախագահ։ Լուկաչ Միկլոշ (Նիկողոս, ծնվել է 1905 թվականին), դիրիժոր։ Ավարտել է Բեռլինի կոնսերվատորիան։ 1943 թվականից՝ Բուդապեշտի պետական օպերայի դիրիժոր (1966 թվականից՝ տնօրեն), 1949 թվականից՝ միաժամանակ Բուդապեշտի երաժշտական արվեստի պրոֆեսոր։ Հաճախ մեկնել է արտասահման՝ հյուրախաղերի։ Վագների գործերի լավագույն մեկնաբանողներից է։ Լուկաչները տվել են նաև նշանավոր այլ գործիչներ՝ բժիշկներ, քաղաքական ու պետական գործիչներ, ուսուցիչներ, գիտնականներ և այլն։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 679