Jump to content

Լեյտենանտ Կիժե (Պրոկոֆև)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լեյտենանտ Կիժե
Տեսակերաժշտական գործ/ստեղծագործություն
ԿոմպոզիտորՍերգեյ Պրոկոֆև
Տևողություն20 րոպե
Առաջնախաղի տարեթիվդեկտեմբերի 21, 1934
Հրատարակման տարեթիվ1934

Լեյտենանտ Կիժե, նվագախմբային սուիտ, հեղինակ՝ ռուս կոմպոզիտոր Սերգեյ Պրոկոֆև։ Գրվել է Փարիզում 1934 թվականին՝ համանուն ֆիլմի համար, որը նկարահանում էր Բելառուսֆիլմ կինոստուդիան Սանկտ Պետերբուրգում։ Սա առաջին ստեղծագործությունն է, որ Պրոկոֆևը գրել է ֆիլմի համար, ինչպես նաև առաջին առաջադրանքն էր՝ ստացված Խորհրդային Միությունից, քանի որ 1917 թվականի Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո նա հեռացել էր Ռուսաստանից։ Ֆիլմի նկարահանումներից ու հրապարակումից հետո Պրոկոֆևը ստեղծագործությունը մշակեց՝ որպես սուիտ նվագախմբի համար։ Ձայնային կինեմատոգրաֆիայի զարգացման սկզբնական շրջանում տարբեր կոմպոզիտորներ փորձում էին իրենց ուժերը՝ գրելով երաժշտություններ ֆիլմերի համար։ Պրոկոֆևը լավագույն ընտրությունը չէր կինոստուդիայի հանձնաժողովի համար։ Հաստատված լինելով Փարիզում արդեն մոտ մեկ տասնամյակ, նա ուներ Խորհրդային միության մշակութային նորմերից տարբերվող հայացքներ, որոնք հաճախ տարաձայնությունների առիթ էին լինում։ 1933 թվականին, այնուամենայնիվ, Պրոկոֆևը որոշեց մեկնել հայրենիք, հանդիպել հանձնաժողովի հետ՝ գրելու համար անհրաժեշտ ոճի ստեղծագործություն։ Ֆիլմի հաջող թողարկումից հետո, 1934 թվականի դեկտեմբերին առաջին անգամ կատարվեց «Լեյտենանտ Կիժե» սուիտի 5-րդ մասը և շուտով ընդգրկվեց միջազգային համերգների նվագացանկի մեջ։

Լեյտենանտ Կիժեի կերպարը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Լեյտենանտ Կիժեն (ռուս.՝ Поручик Киже) Ռուսաստանի ցար Պավել I-ի ժամանակներին վերաբերող անեկդոտների կերպար է, որն օգտագործել է նաև ռուս գրող Յուրի Տինյանովը՝ իր համանուն վիպակում։ Կիժեն գոյություն չունեցած սպա է, որի անունը հայտնվել է փաստաթղթերում՝ գրագրի սխալի պատճառով։ Բայց դա դեռ բավական չէր, Կիժեն մի քանի անգամ էլ ցարական հրամանով արժանացել է աստիճանի բարձրացման։ «Լեյտենանտ Կիժե» են անվանում այնպիսի իրավիճակները, երբ փոքրիկ, աննշան սխալը, որ ճշմարտանման լինելով ընդունվել է իրականության տեղ, հանգեցնում է մեծ հետևանքների։

Ֆիլմի սյուժեն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ցար Պավել I-ի դիմանկարը:

Ֆիլմը ստեղծվել է Յուրի Տինյանովի վեպի հիման վրա։ Ցարական պալատում, մինչ ցար Պավել I-ը քնած է, երկու պալատականի միջև վեճ է ծագում, նրանք սկսում են գոռգոռալ, ինչից արթնանում է ցարը։ Զայրանալով, նա պահանջում է, որ մեղավորները աքսորվեն։ Միևնույն ժամանակ պալատական գրագիրը, կազմելով պալատը հսկող զինվորների հերթափոխի գրաֆիկը, քնատ լինելու պատճառով թույլ է տալիս սխալմունք՝ մի բառի վերջին տառը գրում է նաև հաջորդ բառի սկզբում, և այդ ցուցակում հայտնվում է  գոյություն չունեցող  սպայի անուն՝ «Լեյտենանտ Կիժ»։ (Քանի որ այդ շրջանում ցարական Ռուսաստանը մեծապես ազդված էր ֆրանսիական մշակույթից, այդ նորաստեղծ անվան վերջում, ֆրանսերենին հատուկ ձևով, ավելացվում է «ե», որից էլ ստացվում է Կիժե անունը)։ Երբ ցարն ստուգում է ցուցակը, նրան կասկածելի է թվում այդ անունը, և պահանջում է, որ այդ սպան ներկայանա իրեն։ Պալատականները վախենում են խոստովանել, որ սխալմունք է եղել, և ընկնում են խիստ տարակուսանքի մեջ։ Գոյություն չունեցող Կիժեի պատճառով խանգարվում է պալատի անդորրը։ Նրանք հայտնում են ցարին, որ իր հրամանով Կիժեն գանահարվել է ու աքսորվել Սիբիր։ Որոշ ժամանակ անց, երբ գիշերվա աղմուկի իրական մեղավորը խոստովանում է իր հանցանքը, ցարը ներում է շնորհում Կիժեին և վերականգնում նրա պալատական պաշտոնը՝ շնորհելով գնդապետի աստիճան։ Պալատականները ստիպված են լինում շարունակել իրենց սուտը, որի արդյունքում Կիժեն իբր թե ամուսնանում է իշխանադուստր Գագարինայի հետ։ Դրանից հետո ցարը նրան նվիրում է կալվածքներ, հատկացնում գումար՝ ցարական գանձարանից, շնորհում գեներալի աստիճան ու նշանակում բանակի հրամանատար։ Որոշ ժամանակ անց, երբ ցարը ցանկություն է հայտնում հանդիպելու Կիժեի հետ և տեսակցություն նշանակում, պալատականները ցավով նրան տեղեկացնում են, որ Կիժեն վախճանվել է։ Ցարը խորին ափսոսանքով ասում է. «Ափսոս, լավ սպա էր»։ Կատարում են հերոսին վայել հուղարկավորություն։ Դրանից հետո տնտեսելուն սովոր ցարը պահանջում է վերադարձնել Կիժեին հատկացված մեծ գումարը, սակայն նրան հայտնում են, որ Կիժեն այն ամբողջովին վատնել է շվայտ ապրուստի վրա։ Իրականում պալատականներն էին յուրացրել այդ գումարը։ Ցարը մեղադրում է Կիժեին գողության մեջ և նրան հետմահու աստիճանազրկում է՝ գեներալից իջեցնելով շարքայինի։

Պրոկոֆևի ստեղծագործությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պրոկոֆևի «Լեյտենանտ Կիժե» սուիտը բաղկացած է հինգ մասից.

  1. «Կիժեի ծնունդը»
  2. «Ռոմանս»
  3. «Կիժեի ամուսնությունը»
  4. «Տրոյկա»
  5. «Կիժեի թաղումը»։

Սուիտը գոյություն ունի հեղինակի գրած երկու տարբերակով։ Դրանց տարբերությունը միայն 2-րդ («Ռոմանս») և 4-րդ («Տրոյկա») մասերն են, որոնք չկան ֆիլմի համար գրված տարբերակում։ Դրանք գրված են քաղաքային ժողովրդական երգերի նմանությամբ և նպատակ ունեն ստեղծելու որոշակի տրամադրություն։ Երկուսն էլ, անկասկած, գրված են Պրոկոֆևին հատուկ սիրային թեմաների ոճով։ Դրանք, ասես, սիրո զգացումի երկու դեմքերը լինեն՝ պլատոնական սիրո և դիոնիսոսյան կրքի հակադրություն։ «Ռոմանսը» սիրելիի մասին թախծալից հիշողությունների մարմնավորումն է, հավերժ բաժանման, բայց և անսասան հավատարմության, երազանքների անցողիկության, հոգու միայնության ու թախծի արտահայտությունը։ Իսկ «Տրոյկան» ազատ սիրո զվարթ ոգու կերպավորումն է, «ռուսական Դոն Ժուանի» յուրօրինակ երգը, ով այլևս չի հավատում կանացի հավատարմությանը։

Այս երկու վոկալ համարների համար տեքստերը, հավանաբար, առաջարկել է Տինյանովը։ Կա կարծիք, որ «Տրոյկայի» տեքստը վերցված է 18-րդ դարի ռոմանսներից, սակայն, ցավոք, այդ շրջանի ստեղծագործությունների մեջ այդպիսի տեքստերով ռոմանսներ չեն պահպանվել։ Առավել հետաքրքրություն են ներկայացնում սուիտի երկրորդ մասի՝ «Ռոմանսի» խոսքերը։ Այն գրել է Կարամզինի բարեկամ, ռուս բանաստեղծ Իվան Դմիտրիևը (1760—1837 թթ.): Այս բանաստեղծությունը ժողովրդի համար այնքան հոգեհարազատ է դարձել, որ նրա հիման վրա հյուսվել է մեղեդի և դասվել է ժողովրդական երգերի շարքը։ Անկասկած, այն հայտնի է եղել Պրոկոֆևին, հնարավոր է, որ նա լսել է այդ երգը դեռ մանուկ հասակում, սակայն կոմպոզիտորը չի օգտագործել այդ մեղեդին, այլ գրել է իր սեփական ստեղծագործությունը՝ ռուսական սենտիմենտալ ռոմանսի ոճով։ Սուիտը հիմնականում կատարվում է առանց վոկալի։

Սուիտի մասերը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին մասը՝ «Կիժեի ծնունդը», շատ գունեղ հնչողություն ունի։ Ե՛վ թեմատիկայի առումով, և՛ տեմբրով այն համապատասխանում է կինոերաժշտության սկզբունքներին։ Այն գրված է ազատ ձևաչափով և կարծես բաղկացած լինի երեք մասից։ Երկրորդ կարճ հատվածը ունի դանդաղ տեմպ (Andante): Դինամիկայի ու կառուցվածքի զարգացման առումով ամբողջ մասն իրենից ներկայացնում է ինքնատիպ մի քայլերթ, որտեղ հստակորեն կարելի է զգալ նրա «մոտենալն» ու «հեռանալը»։ Առաջին մասի ժանրային հիմքը քայլերգային է։ Ֆլեյտայի և փոքր թմբուկի ձայների համադրությունը ամենասկզբում արձագանքն է Պավել I ցարի ժամանակաշրջանի պետերբուրգյան ռազմական երաժշտության։ Հոբոյի նվագն ազդարարում է լեյտենանտ Կիժեի մուտքը։ Այդ երաժշտական թեման անցնում է սուիտի բոլոր մասերով։ Սուիտի առաջին մասի երկրորդ հատվածն իր բնույթով օրորոցային է հիշեցնում։ Եվ դա պատահական չէ։ Չէ՞ որ պալատական գրագիրը լեյտենանտ Կիժեին «ստեղծելու» պահին քնատ էր ու մտացրիվ։ Երաժշտության հետագա ընթացքը զարգանում է tutti եղանակով (tutti-ն մենանվագի հակառակ երևույթն է, երբ մեղեդու կատարման մեջ ընդգրկվում է ամբողջ նվագախումբը)։ Նվագախմբի առանձին խմբերը կրկնում են միևնույն մեղեդին (օստինատո), որը թողնում է խուճապի ու պալատով մեկ անհայտ սպային փնտրելու նետվածների խելահեղ վազքի տպավորություն։

«Ռոմանսը» նույնպես բաղկացած է երեք հատվածից։ Նրանում հնչող ալտերի ու տավիղի հնչյունները թողնում են կիթառով նվագակցման տպավորություն, որի ուղեկցությամբ նրբորեն ու անշտապ զարգանում է՝ լադով ու ոճով ռուս գեղջկական երգերին նման մեղեդին, որը, սակայն, կառուցվածքով նման է քաղաքային ռոմանսի։ Մեղեդու առաջին դրվագում, պարզ գործիքավորմամբ, խիստ անսովոր ու կախարդական է հնչում չելեստան։ Սա հարվածային զանգակ նվագարանի և դաշնամուրի խառնուրդ է, որ սովորաբար ունենում է նաև ոտնակ՝ տեմբրը փոխելու համար։ Չելեստան այս ստեղծագործության մեջ հնչում է միայն այս կարճ դրվագում։ «Ռոմանսի» երկրորդ հատվածում ձայների միջոցով Պրոկոֆևը ստանում է պալատականների կերպարները. ֆագոտների խումբը ներկայացնում է պալատական այրերի անհանգստությունն ու հեկեկոցը, իսկ կլարնետների խումբը մարմնավորում է իրենց անհույս կացությունը ողբացող տիկնանց։ Այս ամենի մեջ առանձնանում է մենանվագով հնչող հոբոյի կատարումը, որն արտահայտում է բարեխիղճ գրագրի հուսահատությունը, կարծես ինքն իրեն հարցնելիս լինի՝ «Ինչպե՞ս դուրս գամ սխալմունքիս պատճառով ստեղծված այս դժվար կացությունից»։ «Ռոմանսն» ավարտվում է ռեպրիզով (երաժշտական որևէ հատվածի անփոփոխ կամ տարբերակային կրկնություն), որի մեջ թեմային ավելանում է ժողովրդական երգի ոգով հնչող ֆլեյտայի ազատ մենանվագը։ Ամենավերջում, մեղեդային շրջադարձից հետո Պրոկոֆևը վերադառնում է հիմնական տոնայնությանը, ինչը, իրեն հատուկ ձևով, գեղեցիկ գունավորում է բերում ստեղծագործությանը։

«Կիժեի ամուսնությունը» նույնպես կազմված է երեք մասից։ Առաջինում հնչում են պղնձփողային նվագարաններ՝ գալարափող, տրոմբոն և տուբա։ Երկրորդ մասը ժողովրդական մեղեդու բնույթ ունի, որտեղ կլարնետի մենանվագին ձայնակցում են պղնձփողային նվագարանները։ Սրա միջին հատվածում հնչում է առաջին մասի («Կիժեի ծնունդը») երաժշտական թեման, բայց այս անգամ՝ սաքսոֆոնի կատարմամբ, ինչի շնորհիվ մեղեդին ստանում է բոլորովին այլ գույներ։ Երկրորդ մասում մեղեդին կրկնվում է ամբողջ նվագախմբի կատարմամբ, բայց այնպիսի երանգներով, որ ասես տեսնում ես հարսանյաց արարողության համար հավաքված հյուրերի զսպված քմծիծաղը՝ գոյություն չունեցող փեսացուին սպասելիս։

Հաջորդ մասը՝ «Տրոյկան», հուսարական մոլեգին երգ է։ Սուիտի առավել բարդ և սիմֆոնիկ զարգացած մասը ավարտն է՝ «Կիժեի թաղումը»։ Այն սկսվում է առաջին մասի սկզբում հնչած նվագով, սակայն այժմ արդեն հնչում է տատանմամբ, վարիացիայով և տպավորություն է ստեղծվում, որ ձայնը գալիս է ոչ թե կուլիսների ետևից է այլ հենց նվագախմբից։ Սկսվում է իսկական թաղման երթ։ Հնչում է ցածր տոնայնությամբ ակորդային նվագակցություն, որի ռիթմերն ապահովում է փոքր թմբուկը։ Մեղեդու մեջ հանկարծ գլուխ է բարձրացնում «Ռոմանսի» հիմնական երաժշտական թեման։ եվ այստեղ Պրոկոֆևը անակնկալ է մատուցում. «Ռոմանսի» թախծոտ մեղեդուն զուգահեռ հնչում է «Կիժեի ամուսնության» թեման, որով շեշտվում է այդ մտացածին թաղման ամբողջ կոմիկականությունը։ Ընդ որում, լարային նվագարանները նվագակցում են «Ռոմանսի» թեմայով, մինչ պղնձափողային նվագարանները ձայնակցում են հարսանեկան երգին համապատասխան ռիթմով։ Այս երկու թեմաների «մրցման» մեջ վերջապես հաղթանակում է հարսանեկան զվարթ թեման։

Ստեղծագործության արժեքը

[խմբագրել | խմբագրել կոդը]

«Լեյտենանտ Կիժե» սիմֆոնիկ սուիտը, իր երաժշտական բնութագրով, նվագարանները ճիշտ տեղում և ճաշակով գործածելու շնորհիվ, վեր է բարձրացել սոսկ ֆիլմի երաժշտական ձևավորում լինելուց և դարձել իսկապես 20-րդ դարի դասական երաժշտության գլուխգործոցներից մեկը՝ հաճախ ընդգրկվելով տարբեր նվագախմբերի նվագացանկ։

  • Bartig, Kevin (2013). Composing for the Red Screen: Prokofiev and Soviet Film. Oxford: Oxford University Press. ISBN 978-0-19-996759-9.
  • Dubal, David (2001). The Essential Canon of Classical Music. New York: North Point Press. ISBN 978-0-86547-608-0.
  • Nestyev, Israel V. (1960). Prokofiev. Stanford, CA: Stanford University Press. ISBN 978-0-8047-0585-1.