Լեյլա Լիդիա Թուղութլու (թուրքերեն՝ Leyla Lydia Tuğutlu, հոկտեմբերի 29, 1989(1989-10-29)[1], Բեռլին, Արևելյան Գերմանիա), թուրք դերասանուհի, մոդել և գեղեցկության մրցույթի մասնակից։ 2008 թվականին հաղթել է «Միսս Թուրքիա 2008» գեղեցկության մրցույթը։ 2008 թվականին ներկայացրել է Թուրքիան «Միսս աշխարհ 2008» մրցույթում[2][3]։
Լեյլա Լիդիա Թուղութլուն ծնվել է 1989 թվականին Բեռլինում։ Նրա հայրը թուրք է, իսկ մայրը՝ գերմանուհի։ Թուղութլուն ավարտել է Անատոլիական ավագ դպրոցը։ Ավարտելով միջնակարգ դպրոցը՝ դաշնամուրի և թավջութակի դասեր է անցել Թուրքիայի կոնսերվատորիայում։ Երաժշտական դասերին զուգընթաց՝ աշխատել է մոդելային գործակալությունում։ Մոդելային գործունեությամբ զբաղվելու համար՝ լքել է համալսարանը։ Դրան զուգահեռ սովորել է Ստամբուլի համալսարանի գերմաներենի և գերմանական գրականության բաժնում։ Խոսում է թուրքերեն, անգլերեն և գերմաներեն։ «Քարադայ» հեռուստասերիալում խաղացել է Քենան Իմիրզալիօղլուի (Մահիր Քարա) կրտսեր քրոջ դերը։
Լեյլա Լիդիա Թուղութլուն 2008 թվականին հաղթել է «Միսս Թուրքիա 2008» մրցույթում։ 2008 թվականի դեկտեմբերին մասնակցել է «Միսս աշխարհ 2008» մրցույթին, որը տեղի էր ունենում ՀԱՀ-ի Յոհանեսբուրգ քաղաքում։ Մրցույթում ներկայացրել է Թուրքիան։ Մինչ այդ, 2005 թվականին հաղթել է «Թուրքիայի խոստումնալից ապագա ունեցող մոդել» մրցույթում։ 2006 թվականին Չինաստանում մասնակցել է «Միսս տուրիզմի թագուհի» մրցույթին և արժանացել «Համաշխարհային արքայադուստր» մրցանակը։ 2007 թվականին հաղթել է «Միսս խոստումնալից մոդել» հեռուստատեսային մոդել մրցանակը։