Լեհահայոց դատաստանագիրք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Լեհահայոց դատաստանագիրք, Լվովյան դատաստանագիրք, Լեհաստանի և Ուկրաինայի հայկական ինքնավար գաղութներում օգտագործված օրենքների ժողովածուի լատիներեն թարգմանությունը։

Ժողովածուն կազմվել է Մխիթար Գոշի Դատաստանագրքի և տեղական իրավունքի առանձնահատկությունների համադրման ու համակարգման հիման վրա։ Հայերեն նախնական խմբագրությունն (չի պահպանվել) օգտագործվել է Հվ. և Արմ. Ռուսիայի հայկ. գաղութներում դեռևս XIII դ. և XIV-ի առաջին կեսում։ Տեղական իշխանությունների և հայ համայնքների իրավա–դատական վեճերին հակազդելու համար լեհ թագավոր Սիգիզմունդ I-ի պահանջով Լվովի հայ ավագների խորհուրդը 1518-ին ժողովածուն թարգմանել է լատ., որը որոշ փոփոխություններից հետո վավերացվել է 1519-ին, Պյոտրկով քաղաքում հրավիրված սեյմում։ Այնուհետև այն շրջանառության մեջ է մտել «Լվովյան դատաստանագիրք», իսկ հայ գիտական գրականության մեջ՝ «'Լեհահայոց դատաստանագիրք» պայմանական անվանումով։ 1528-ին 'Լեհահայոց դատաստանագիրք թարգմանվել է հայատառ–ղփչաղերեն ու լեհերեն և մինչև XVIII դ. վերջն օգտագործվել դատական ինքնավարությունը պահպանած բոլոր հայ գաղութներում (Զամոսցում՝ մինչև 1730-ը, Լվովում՝ 1784-ը, Կամենեց–Պոդոլսկում՝ 1787-ը ևն)։ 10 գլխից և 124 հոդվածից բաղկացած 'Լեհահայոց դատաստանագիրքը ընդգրկել է քաղաքացիական (անձնական, ընտանեկան, ժառանգության, պարտավորության, առ ու վաճառքի ևն) ու քրեական (անձի դեմ ուղղված, գույքային, քաղ. հանցագործություններ ևն) իրավունքի տարբեր բնագավառներ ու խնդիրներ՝ նախատեսելով համապատասխան պատիժներ (տուգանք, բռնագրավում, անդամահատում, բանտարկություն, մահապատիժ ևն)։ 'Լեհահայոց դատաստանագրքում մեծապես արտացոլվել է ապրանքա–դրամային հարաբերությունների զարգացումը։ Որպես հայ իրավաբանական մտքի յուրահատուկ արտահայտություն՝ 'Լեհահայոց դատաստանագիրքը կարևոր դեր է խաղացել լեհահայոց դատավարական ինքնավարության և ազգային ինքնապահպանման գործում։ 'Լեհահայոց դատաստանագրքի լատ. բնագիրը (1519-ին վավերացված օրինակը) պահպանվում է Լվովում՝ Ուկր. ՍՍՀ կենտրոնական պետ. պատմական արխիվում։ 'Լեհահայոց դատաստանագրքի գիտ. ուսումնասիրություններն սկսվել են XIX դ. կեսից (Ֆ. Բիշոֆ, Լ. Մատվիյովսկի և ուրիշներ)։ Լավագույն հրատարակություններն են Օ. Բալցերինը (1906, լատ. և լեհ.) և Տ. Լեվիցկունն ու Ռ. Կոնովոյինը (1957, հայատառ–ղփչաղերեն)։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 520