Իվան Զվորիկինի տուն
Տեսակ | շենք, տեսարժան վայր և ճարտարապետական հուշարձան |
---|---|
Երկիր | Ռուսաստան |
Տեղագրություն | Դոնի Ռոստով |
Հասցե | улица Пушкинская, 89/проспект Семашко, 57 А, Ростов-на-Дону, Россия |
Փողոց | Պուշկինի փողոց (Դոնի Ռոստով) (89) |
Հիմնադրված է | 1910 |
Ժառանգության կարգավիճակ | Ռուսաստանի մարզային նշանակության մշակութային ժառանգության օբյեկտ |
Իվան Զվորիկինի տուն (ռուս.՝ Дом Ивана Зворыкина, Զասլավսկայայի տուն, ռուս.՝ Дом Заславской), շենք Դոնի Ռոստովում, որը գտնվում է Պուշկինի փողոցի և Սեմաշկոյի նրբանցքի խաչմերուկում։ Կառուցվել է 1914 թվականին ճարտարապետ Վասիլի Պոպովի նախագծով[1]։ Մինչև 1917 թվականի հեղափոխությունը տանն ապրել է Ռոստովի քաղաքագլուխ, գեներալ-մայոր Իվան Նիկոլաևիչ Զվորիկինը[2]։ 1923-1926 թվականներին տանն ապրել է խորհրդային թատերագիր Վլադիմիր Կիրշոնը[3]։ Շենքն ունի մշակութային ժառանգության տարածաշրջանային նշանակության օբյեկտի կարգավիճակ[4]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Շենքը կառուցվել է 1914 թվականին ճարտարապետ Վասիլի Պոպովի նախագծով։ Տանը տեղակայված էին Դոնի Ռոստովի քաղաքային վարչությունը և քաղաքագլուխ Իվան Զվորիկինի բնակարանը[1]։ Խորհրդային իշխանության հաստատումից հետո տունն ազգայնացվեց։ Այնտեղ տեղակայվեցին տարբեր գրասենյակներ, հիմնարկություններ, բնակարաններ և խորկուսդպրոցի հանրակացարանը։ Սկզբնական դեկորի մի մասը կորսվեց[2]։
1923-1926 թվականներին տանն ապրել է խորհրդային թատերագիր Վլադիմիր Կիրշոնը։ Նրա կոմունալ բնակարանի համարը 10-ն էր, պատուհանները նայում էին դեպի բակ[3]։ Նրա կինը՝ Ռիտա Կոռն-Կիրշոնը, հիշում էր. «Փոքր, մաքուր, միշտ խնամված սենյակում կային գրասեղան, երկու աթոռ, մահճակալ։ Սեղանին գրքերի կույտ էր, թարմ ամսագրեր»[5]։
2000-ական թվականներին տան երկրորդ հարկը զբաղեցրել է Ռոստովի մարզի նահանգապետ Վլադիմիր Չուբը։ Այնտեղ նա բնակվում էր իր ընտանիքի հետ[6]։ Շենքը վերանորոգվել է, և այնտեղ տեղադրվել է նոր իտալական վերելակ[2]։
Ճարտարապետություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Եռահարկ շենքը[1] զբաղեցնում է թաղամասի անկյունային հատվածը, նրա գլխավոր ճակատները դուրս են գալիս դեպի Պուշկինի փողոց և Սեմաշկոյի նրբանցք։ Տունը կառուցվել է մոդեռն ոճով գոթիկայի տարրերով։ Ճակատների միասնական ճարտարապետագեղարվեստական նկարագիրը որոշում են լուսամուտատեղերի ձևերը, էրկերները և ելուստավորումները։ Ցոկոլային հարկը երեսպատված է կոպտատաշ քարով։ Գոթիկայի տարրերից շենքի ձևավորման մեջ առկա են երեքքառորդային սյուներով ծոփորները, առաջին հարկի պատուհանների վերևում` դեկորատիվ ծաղկամանները։ Շենքի ճակատները պսակված են սլաքաձև խորշերով ատտիկոսներով։ Շքամուտքն ունի սլաքաձև կամարի տեսք։ Շենքի անկյունն ընդգծվում է վեցանկյուն էրկերով, երկրորդ հարկի մակարդակում` եզրակալված պատշգամբով և փոքր աշտարակներով պսակված գմբեթով[3]։ Սկզբնապես աշտարակի քիվապատին տեղակայված էին ասպետների ֆիգուրներ (ապամոնտաժվել են 1960-ական թվականներին)։
Իվան Զվորիկինի տան հատակագիծն ունի բարդ կառուցվածք։ Այն բաժանված է առանձին մուտքերով երկու հատվածի` Պուշկինի փողոցի և Սեմաշկոյի նրբանցքի կողմից։ Յուրաքանչյուր հատվածում առկա են երկբազուկ սանդուղք և վերելակ։ Աստիճանասրահի շուրջ գտնվում են բնակարանները[3]։
Հուշատախտակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]1962 թվականին շենքի ճակատին փակցվել է հուշատախտակ հետևյալ տեքստով[3].
Այս տանը 1923-1926 թվականներին ապրել և աշխատել է խորհրդային հայտնի թատերագիր Վլադիմիր Միխայլովիչ Կիրշոնը` Ռոստովի գրողների կազմակերպության հիմնադիրներից մեկը։ |
Երկրորդ հուշատախտակը, որը տեղադրվել է 1997 թվականին, նվիրված է բանահավաք Ֆեոդոր Տումիլևիչին[1]։ Տախտակին գրված է.
Այս տանը (1932-1964) ապրել է Դոնում հայտնի բանահավաք, գիտնական, գրող Տումիլևիչ Ֆեոդոր Վիկտորովիչը |
Հիշատակում գրականության մեջ
[խմբագրել | խմբագրել կոդը]Իվան Զվորիկինի տունը հիշատակվում է ռոստովցի բանաստեղծ Սերգեյ Կորոլյովի ստեղծագործությունում[1][5]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Волошинова Л. Ф. Пушкинская улица. — Ростов-на-Дону: «Донской издательский дом», 2000. — С. 57—64. — (Серия "Судьбы улиц, площадей, зодчих"). — ISBN 5-87688-250-X
- ↑ 2,0 2,1 2,2 Мария Бондаренко (2008 թ․ ապրիլի 21). «Жив еще Ростов купеческий». Независимая газета. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 18-ին.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Шулепова Э. А. Дом, в котором с 1923 по 1926 г. жил и работал драматург В. М. Киршон // Материалы свода памятников истории и культуры РСФСР. Ростовская область.. — М.: Изд-во НИИ культуры, 1990.
- ↑ «Ростов-на-Дону (объекты культурного наследия регионального значения)». Официальный портал Правительства Ростовской области. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 18-ին.
- ↑ 5,0 5,1 В три уровня. — газета «Первое сентября», 2001. — № 77.
- ↑ «Избушка для губернатора». газета «Южный репортёр». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 19-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 18-ին.