Թղթի պատրաստման եղանակը հայտնաբերել է Ցայ ԼունըՉինաստանում ( 2-րդ դար)։ 6-ից 8-րդ դարերում Միջին Ասիայում, Ճապոնիայում, Կորեայում թուղթ էր արտադրվում։ Եվրոպայում երևան է եկել 11- 12-րդ դարերում։ Հայաստանում թուղթը օգտագործվել է 8 - 9-րդ դարերից։ Թղթի վրա մեզ հասած ամենահին հայկական ձեռագիրը 10-րդ դարի է։
751 թ. - Թալասյան ճակատամարտ - չինացի ռազմագերիների միջոցով թուղթը հայտնվեց Արևմուտքի երկրներում։
1238 թ. - Իսպանիայում թղթի արտադրության համար սկսեցին օգտագործել հողմաղացներ։
1770 թ. (մոտավոր) - Անգլիացի թղթի գործարանատեր Ջորջ Վատման ավագը մտցրեց թղթի արտադրման նոր տեխնոլոգիա, որը թույլ է տալիս ստանալ առանց ցանցի հետքերի թուղթ։
1799 թ. - Հայտնագործվեց թղթի պատրաստման մեքենան Լուի Նիկոլյա Ռոբերի կողմից
1803 թ. - Մեծ Բրիտանիայում թղթի պատրաստման մեքենայի տեղադրումը Բրայեն Դոնկինի կողմից։
Թղթի արտադրության համար օգտագործում են տարբեր փայտանյութերի և միամյա բույսերի թաղանթանյութը և փայտազանգվածը։ Այն բաղկացած է մի շարք պրոցեսներից՝ թղթազանգվածի պատրաստում (ստացվում է թելավոր նյութերի քիմիական և մեխանիկական մշակմամբ՝ բաղադրամասերի մանրում և խառնում, սոսնձում, զանգվածի լցում և գունավորում), մշակում թղթի պատրաստման մեքենայի վրա (ջրով նոսրացում, զանգվածի մաքրում կեղտից, դատարկում, մամլում և չորացում), վերամշակում (կալանդրում, կտրում), տեսակավորում և փաթթոցում։
Հայտնի է թղթի մոտ 600 տեսակ։ Հիմնականում բաժանվում է 11 կարգի՝ տպագրական, գրելու, գծագրական- նկարչական, էլեկտրամեկուսիչ, գլանակի, ներծծող, ապարատների համար (հեռագրական, ծակաժապավեն), լուսանկարչական, փաթեթավորման, պատճենահանման, արդյունաբերական-տեխնիկական։
Ճապոներեն թուղթ բառը նշանակում է նաև աստվածություն։
A4 ֆորմատի թուղթը հնարավոր չէ ծալել 7-ից ավել անգամ։
Զուգարանի թուղթը հայտնի է դեռևս 14-րդ դարից։ 1857 թ. Նյու Յորքում Ջոզեֆ Ս Գայետտին կազմակերպել է զուգարանի թղթի արտադրությունը։ Ներկայիս տեսքը այն ստացել է 1884 թվականին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 232)։