Jump to content

Էլեոնորա Տյուտչևա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էլեոնորա Տյուտչևա
Դիմանկար
Ծնվել էհոկտեմբերի 19, 1800(1800-10-19)
ԾննդավայրԿասել, Հեսսեն, Գերմանիա
Մահացել էօգոստոսի 27, 1838(1838-08-27) (37 տարեկան)
Մահվան վայրԹուրին, Province of Turin, Թուրին
Մասնագիտությունգրող
ԱմուսինՖյոդոր Տյուտչև և Ալեքսանդր Յոհան ֆոն Պետերսոն
Ծնողներհայր՝ Կարլ-Հենրիխ-Էռնեստ ֆոն Բոտմեր
ԵրեխաներԱննա Տյուտչևա, Դարյա Տյուտչևա, Կարլ Ալեքսանդր ֆոն Պետերսոն և Եկատերինա Տյուտչևա
 Eleonora Tyutcheva Վիքիպահեստում

Էմիլյա Էլեոնորա Սոֆյա Լուիզա Կրիստինա Բոտմեր (գերմ.՝ Emilia Eleonore Sophie Louise Christine Gräfin von Bothmer, առաջին ամուսնությամբ՝ Պետերսոն, երկրորդ ամուսնությամբ՝ Տյուտչևա, հոկտեմբերի 19, 1800(1800-10-19), Կասել, Հեսսեն, Գերմանիա - օգոստոսի 27, 1838(1838-08-27), Թուրին, Province of Turin, Թուրին), կոմսուհի, գրող։

Բանաստեղծ Ֆեոդոր Իվանովիչ Տյուտչևի առաջին կինը։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Էմիլյա Էլեոնորա Սոֆիա Լուիզա Քրիստինա ֆոն Բոտմերը ծնվել է 1800 թվականի հոկտեմբերի 19-ին[1] գերմանացի դիվանագետ կոմս Կառլ-Հենրիխ-Էռնեստ ֆոն Բոտմերի (1770-1845) և նրա կնոջ՝ Աննայի՝ ծննդյամբ բարոնուհի ֆոն Հանշտեյնի (1777-1826) ընտանիքում։ Էլեոնորան եղել է ընտանիքի ավագ երեխան, ունեցել է ութ եղբայր և երեք քույր։ Հոր ծառայողական պարտականությունների հետ կապված ընտանիքը հաճախակի ճամփորդել է Իտալիա, Ֆրանսիա և Շվեյցարիա։ Կոմսի բոլոր դուստրերը դասական տնային կրթություն են ստացել։ Տասնվեց տարեկանում Էլեոնորան դարձել է անբասիր վարք ունեցող նրբակիրթ գեղեցկուհի, որը վարժ տիրապետել է գերմաներենին և ֆրանսերենին։ Էլեոնորային շատերը համարել են «անսահման հմայիչ»։ 1818 թվականին Էլեոնորան դարձել է ռուս դիվանագետ, Մյունխենում ռուսական առաքելության քարտուղար Ալեքսանդր Խրիստոֆորովիչ Պետերսոնի կինը։ 1825 թվականին այրիացել է՝ միայնակ մնալով իր չորս որդիների հետ։ Էլեոնորան շատ համեստ տուն է ունեցել Մյունխենում՝ Կարոլինենպլացում, ռուսական առաքելության շենքի դիմաց։ Այդ առաքելության կողմից կազմակերպված երեկոներից մեկի ժամանակ երիտասարդ, հմայիչ, այրի կոմսուհին 1826 թվականի փետրվարին, ծանոթացել է Ֆեոդոր Տյուտչևի հետ, ով ժամանել է Բավարիայի դեսպանատուն՝ որպես քարտուղարի արտահաստիքային օգնական։ Էլեոնորան անմիջապես և անձնվիրաբար սիրահարվել է Տյուտչևին։

Երկրորդ ամուսնություն և ընտանիք

[խմբագրել | խմբագրել կոդը]

1826 թվականի մարտին 25-ամյա Էլեոնորա Պետերսոնը գաղտնի պսակվել է 22-ամյա Ֆեոդոր Տյուտչևի հետ։ Եվս երկու տարի Մյունխենում շատերը, ըստ Հայնրիխ Հայնեի, չեն իմացել այդ պսակադրության մասին (Ֆեոդոր Տյուտչևի օրինական ամուսնությունը Էլեոնորա Պետերսոնի հետ տեղի է ունեցել միայն 1829 թվականի հունվարի 27-ին)։ Այսպիսով, Տյուտչևը անմիջապես բարեկամացել է Բավարիայի երկու հին արիստոկրատական ազգանունների հետ (Բոտմեր և Հանշտեյն) և ընկել գերմանացի ազգականների մեջ։ Ամուսնությունը երջանիկ է եղել։ Հանձինս Էլեոնորայի՝ Տյուտչևը գտել է սիրող կին, նվիրված ընկեր և անմնացորդ աջակցություն կյանքի դժվարին պահերին։ Ֆեդոր Իվանովիչը տարիներ անց խոստովանել է[2]

Երբեք մարդն այնքան սիրված չէր կարող լինել մեկ այլ մարդու կողմից, որքան ես եմ սիրում նրան, տասնմեկ տարվա ընթացքում նրա կյանքում չի եղել մի օր, երբ իմ երջանկությունն ամրապնդելու համար նա չհամաձայներ, առանց մի ակնթարթ վարանելու, մեռնել ինձ համար։

1830 թվականին Էլեոնորան կես տարի անցկացրել է Ռուսաստանում, որտեղ նրան ջերմորեն ընդունել է Տյուտչևի ողջ ընտանիքը։ Այդ ժամանակ Դարյա Ֆիկելմոնն իր օրագրում գրել է[3]

Մոռացա նշել մի գեղեցիկ կնոջ՝ տիկին Տյուտչևայի հետ հանդիպումը... Նա դեռ երիտասարդ էր, բայց այնքան գունատ, փխրուն, այնպիսի տխուր հայացքով, որ նրան կարելի է շփոթել գեղեցիկ տեսիլքի հետ։ Նա խելացի էր և ինձ թվում է սրամտության որոշակի հավակնություն ունի, որը լավ չի համապատասխանում նրա եթերային տեսքին. նրա ամուսինը ակնոցավոր փոքրիկ մարդ է, շատ տգեղ, բայց լավ է խոսում։
Էլեոնորա Տյուտչևա
Ջրաներկ, Ի. Շելեր: Մոտ․ 1827 թվական

Էլեոնորայի հարազատներին ուղղված նամակները նրան ներկայացնում են որպես սիրող, զգայուն կին, ով կուռք է դարձնում իր ամուսնուն, բայց, ըստ երևույթին, նրա համար խորթ են եղել հոգեկան լուրջ պահանջները։ Տյուտչևի ընտանեկան կյանքի գործնական-տնտեսական կողմն ամբողջությամբ ընկած է նրա վրա։ Մյունխենում Էլեոնորային հաջողվել է ստեղծել հարմարավետ և հյուրընկալ տուն, չնայած այն հանգամանքին, որ Տյուտչևի շատ համեստ աշխատավարձով և ծնողների համեմատաբար փոքր ֆինանսական աջակցությամբ նա հազիվ է կարողացել ծայրը ծայրին հասցնել։ Եվ, այնուամենայնիվ, նրանց ամուսնական կյանքի առաջին յոթ տարիները (մինչև 1833 թվականը) եղել են գրեթե անտրտում ընտանեկան երջանկության ժամանակաշրջան։

1833 թվականի փետրվարին պարահանդեսի ժամանակ Ֆյոդոր Տյուտչևը առաջին անգամ հանդիպել է իր ապագա երկրորդ կնոջը՝ բարոնուհի Էրնեստինա Դյորնբերգին, ով զբաղեցրել է առաջին տեղերից մեկը Մյունխենի գեղեցկուհիների շարքում։ Էրնեստինայի մեջ բանաստեղծը, բացի գեղեցկությունից, խելացիությունից, փայլուն կրթությունից, խորը հոգևոր մտերմություն է գտել։ Նա ամբողջովին ստվերել է սիրելի ու հմայիչ, բայց խամրած Էլեոնորային։

Գիտակցելով վտանգը՝ Էլեոնորան ամեն ինչ արել է իր ընտանիքը փրկելու համար։ Սակայն ոչինչ չի կարողացել կանգնեցնել Տյուտչևին։ Էլեոնորան հուսահատության մեջ է ընկել և 1836 թվականի մայիսին ինքնասպանության փորձ կատարել՝ դաշույնով մի քանի անգամ հարվածելով իրեն։ Դաշույնը պարահանդեսային զգեստից է եղել։ Արյունը տեսնելով՝ Էլեոնորան հուսահատ դուրս է վազել փողոց և անգիտակից ընկել։ Հարևանները նրան տուն են բերել, և շուտով հուզված ամուսինը շտապել է նրա մոտ։ Էլեոնորայի կյանքին վտանգ է սպառնացել։ Նա ֆիզիկապես ապաքինվել է, սակայն նյարդային ցնցումը չի անցել։ Տյուտչևը երդվել է կնոջը, որ կխզի հարաբերությունները բարոնուհի Դյորնբերգի հետ։ Զույգը համաձայնել է հեռանալ Մյունխենից։ 1837 թվականի մայիսի սկզբին, ստանալով 4-ամսյա արձակուրդ, Տյուտչևն իր ընտանիքի հետ մեկնել է Ռուսաստան։

Սանկտ Պետերբուրգ ժամանելուց անմիջապես հետո Տյուտչևը նշանակվել է Ռուսաստանի դիվանագիտական ներկայացուցչության պաշտոնյա Թուրինում՝ Սարդինիայի թագավորության մայրաքաղաքում։ Մի քանի օր անց, Սանկտ Պետերբուրգում ժամանակավորապես թողնելով ընտանիքը, Տյուտչևը մեկնել է իր նոր աշխատավայր։ Այնտեղ նրան սպասել են Էրնեստինայի հետ նոր հանդիպումներ։

1838 թվականի մայիսի 14-ին Էլեոնորան իր երեք անչափահաս դուստրերի հետ նավարկել է ամուսնու մոտ՝ մտադրվելով շոգենավով հասնել Լյուբեկ, իսկ այնտեղից՝ կառքով՝ Թուրին։ Լյուբեկի մոտ մայիսի 18-ի լույս 19-ի գիշերը նավի վրա հրդեհ է բռնկվել, որը չի հաջողվել մարել։ Նավապետը նավը մոտեցրել է դեպի ժայռոտ ափին, ուղևորները դժվարությամբ, բայց ոչ առանց կորուստների դուրս են եկել նավից, սակայն հինգ մարդ մահացել է, իսկ նավն այրվել։ Էլեոնորա Տյուտչևան աղետի պահին դրսևորել է լիակատար ինքնատիրապետում և ոգու հանգստություն։ Տյուտչևը այսպես է բնութագրել իր կնոջ պահվածքը փորձության պահին[4]

Կարելի է ամենայն արդարությամբ ասել, որ երեխաներն իրենց կյանքով պարտական են մորը, ով իր վերջին ուժերի գնով կարողացել էր նրանց հանել կրակի միջից և փրկել մահից։

Նավաբեկության ժամանակ Էլեոնորան ֆիզիկապես գրեթե չի տուժել, սակայն ստացել է ուժեղ նյարդային ցնցում, որը պահանջել է բուժում և հանգիստ։ Սակայն, վախենալով ամուսնու համար, Էլեոնորան չի համարձակվել երկու շաբաթից ավելի բուժվել Գերմանիայում և նրա հետ մեկնել է Թուրին։ Թուրին ժամանելուն պես Տյուտչևները հայտնվել են ծայրահեղ ծանր ֆինանսական դրության մեջ։ Նրանք բնակություն են հաստատել արվարձաններում և շատ դժվարությամբ գոյատևել՝ չնայած գանձարանից հատկացված նյութական օգնությանը։ Տյուտչևի կինը շատ է անհանգստացել՝ փորձելով հնարավորության սահմաններում բարեկարգել տունը։ Բանաստեղծն այդ առումով նրան չի կարողացել օգնել։ Նա ինքը, նկատելով ամուսնու «դյուրագրգռ ու մելամաղձոտ տրամադրությունը», դիտավորյալ հեռու է պահել նրան իրենց աստիճանաբար բարելավվող կյանքի մանր անհանգստություններից։ Սակայն ծանր աշխատանքը, սաստիկ ցուրտը և խորը նյարդային ցնցումը, որից Էլեոնորան այդպես էլ չի կարողացել վերականգնվել, խաթարել են նրա փխրուն առողջությունը։

1838 թվականի օգոստոսի 27-ին Էլեոնորան մահացել է ծանր տառապանքների մեջ։

Էլեոնորան յոթ երեխա է ունեցել։ Չորս որդի առաջին ամուսնությունից՝

  • Կարլ (1819-1875)
  • Օտտո (1820-1883)
  • Ալեքսանդր (1823-?)
  • Ալֆրեդ (1825-1860)

Ավագ երեք որդիներն ավարտել են Սանկտ Պետերբուրգի ռազմածովային կադետական կորպուսը, կրտսերը դաստիարակվել է Մյունխենում։

Երկրորդ ամուսնությունից նա երեք դուստր ուներ՝

  • Աննա (1829-1889), պալատական ազնվական օրիորդ, հուշերի հեղինակ,
  • Դարյա (1834-1903), պալատական ազնվական օրիորդ,
  • Եկատերինա (1835-1882), պալատական ազնվական օրիորդ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «НЕМЕЦКИЕ РОДСТВЕННИКИ, ЗНАКОМЫЕ, ИХ ПРЕДКИ, ПОТОМКИ». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ ապրիլի 29-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 17-ին.
  2. Фёдор Тютчев. Полное собрание сочинений. Письма, 2005
  3. Фикельмон Д. Дневник 1829—1837. Весь пушкинский Петербург, 2009. — С. 123.
  4. Федор Тютчев. Полное собрание сочинений. Письма, 2005

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էլեոնորա Տյուտչևա» հոդվածին։