Jump to content

Զինվորական ծառայությունից գիտակցաբար հրաժարվողների միջազգային օր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

«Զինվորական ծառայությունից գիտակցաբար հրաժարվողների միջազգային օր» (անգլ.՝ The International Conscientious Objectors' Day), 1997 թվականի մայիսի 15-ին Գերմանիայի Դաշնային Խորհրդարանը՝ Բունդեսթագը, որոշում է կայացրել վերականգնել այն անձանց իրավունքները, որոնք Նացիստական Գերմանիայի ռազմական արդարադատության կողմից հետապնդվում էին դասալքության պատճառով զինվորական ծառայությունից հրաժարվելու համար։

Հուշաքար՝ ի հիշատակ զինվորական ծառայությունից հրաժարվելու պատճառով նացիստների կողմից սպանված առաջին մարդու՝ Ավգուստ Դիկմանի

Զինվորական ծառայությունից գիտակցաբար հրաժարվողների միջազգային օրը սահմանվել է 1981 թվականին Կոպենհագենում կայացած գիտակցաբար հրաժարվողների առաջին միջազգային հանդիպման ժամանակ։

1977 թվականի մայիսի 15-ին Գերմանիայի Դաշնային Խորհրդարանը՝ Բունդեսթագը, բանաձև է հրապարակել այն անձանց իրավունքների վերականգնման մասին, որոնց հետապնդել է Նացիստական Գերմանիայի ռազմական արդարադատությունը դավանանքի և դասալքության պատճառով զինվորական ծառայությունից հրաժարվելու համար։ Այդ բանաձևում ասվում է. «Երկրորդ համաշխարհային պատերազմը ագրեսիայի և բնաջնջման պատերազմ էր, Նացիստական Գերմանիայի կողմից իրականացված հանցագործություն»։ Նացիստական ռազմական արդարադատությունը դաժանորեն հետապնդել է նրանց, ովքեր այլևս չէին ցանկանում մասնակցել այդ հանցագործությանը։ 1933 թվականին նացիոնալ-սոցիալիստների իշխանության գալու արդյունքում այն կրոնական կազմակերպությունները, որոնք թույլ չէին տալիս իրենց անդամներին ծառայել բանակում (Եհովայի վկաներ, ադվենտիստ-ռեֆորմիստներ և այլն), արգելվել են, իսկ նրանց ընդհատակյա գործունեությունը հետապնդվել է։ Հրաժարվողների և դասալիքների նկատմամբ կայացվել է ավելի քան 30 000 մահապատիժ, որոնցից 25 000-ն իրականացվել է։

1997 թվականի մայիսյան բանաձևում Բունդեսթագը խոստովանել է, որ նացիստական զինվորական դատարանների դատավճիռներն անարդար էին պետության կողմից հռչակված իրավական արժեքների նկատմամբ։ Սակայն 1998 թվականին օգոստոսի 25-ի փաստաթուղթը, որն անվավեր էր ճանաչում նացիստական դատավճիռները, իրականում չէր վերականգնում դասալիքների իրավունքները։ Ի տարբերություն զոհերի մյուս խմբերի՝ նրանց վերականգնումը կախված էր անձնական գործի դիտարկումից։ Յուրաքանչյուր փրկված պարտավոր էր բողոք ներկայացնել դատախազություն, եթե ցանկանում էր ռեաբիլիտացիայի ենթարկվել։ Սակայն շատերը հրաժարվել են մասնակցել այդ ընթացակարգին։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից անմիջապես հետո գերմանացի զինվորների վերականգնումն ավելի հեշտ և արագ է կատարվել[1]։

Ներկայումս եվրոպական երկրների ճնշող մեծամասնությունում զինվորական ծառայությունից հրաժարվելու և այն այլընտրանքային քաղաքացիական ծառայությամբ փոխարինելու իրավունքը սահմանադրական նորմ է։ Այդ երաշխավորված է «Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրով», «Քաղաքացիական և քաղաքական իրավունքների միջազգային դաշնագրով», «Մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիայով»։ Բացի ԵԱՀԿ-ից և միջազգային կառավարական այլ կազմակերպություններից, բազմաթիվ ոչ իրավապաշտպան կազմակերպություններ, ինչպիսիք են «Amnesty International»-ը կամ «Antiwar Resistance»-ը, նույնպես վերահսկում են զինվորական ծառայությունից հրաժարվելու իրավունքի պաշտպանությունը։ Զինվորական ծառայությունից գիտակցաբար հրաժարվողների օրը այս կազմակերպություններն անցկացնում են տարբեր ակցիաներ։ «Antiwar Resistance» կազմակերպությունը յուրաքանչյուր տարվա մայիսի 15-ին համաժողով է անցկացնում՝ նվիրված այս կամ այն երկրում զինվորական ծառայությունից հրաժարվելու գործողություններին։

1994 թվականի մայիսի 15-ին Լոնդոնի կենտրոնում՝ Տավիստոկ հրապարակում, տեղադրվել է քար, որի վրա գրված է՝ «ի հիշատակ նրանց, ովքեր ամբողջ աշխարհում և բոլոր ժամանակներում իրենց համոզմունքներից ելնելով՝ հրաժարվել և հրաժարվում են կատարել զինվորական ծառայություն՝ այդպիսով ձգտելով պաշտպանել չսպանելու իրենց իրավունքը»։

1997 թվականին Ավստրիայի Լինց քաղաքի արվարձանում՝ «Մաուտհաուզեն» համակենտրոնացման ճամբարի տեղում, «Զինվորական ծառայությունից հրաժարվելու եվրոպական բյուրոն» զինվորական ծառայությունից հրաժարվողների համար կազմակերպել է հուշ-ցերեկույթ, բացվել է նաև հուշատախտակ։

1999 թվականի մայիսին Հայնրիխ Բյոլի անունը կրող հիմնադրամի աջակցությամբ «Զինվորական ծառայությունից գիտակցված հրաժարվելու եվրոպական բյուրոն» Բուխենվալդում անցկացրել է «Դասալիքների պաշտպանություն և ճանաչում» անվանումը կրող սեմինար, որտեղ հրապարակայնորեն մեծարել են Վերմախտի դասալիքներին։

2000 թվականի մայիսի 15-ին «Մաուտհաուզեն» համակենտրոնացման ճամբարի տեղում բացվել է հուշարձան՝ ի հիշատակ 20 հազար գերմանացի զինվորների, որոնք մահվան են դատապարտվել դասալքության և զինվորական ծառայությունից հրաժարվելու համար։

2001 թվականի մայիսի 15-ին Գերմանիայի «Բուխենվալդ» նախկին համակենտրոնացման ճամբարում առաջին անգամ բացվել է հուշաքար հետևյալ գրությամբ՝ «Ի հիշատակ նացիստական ռազմական արդարադատության զոհերի, որոնք հրաժարվել են ծառայել բանակում, քանի որ չէին ցանկանում ծառայել քրեական վարչակարգին։ 1944 թվականի նոյեմբերից մինչև 1945 թվականի մարտն ընկած ժամանակահատվածում ռազմական դատարանի կողմից մի քանի հարյուր մեղադրյալներ ուղարկվել են Բուխենվալդ համակենտրոնացման ճամբար։ Նրանցից գրեթե բոլորն այստեղից ուղարկվել են Միտել-Դորի համակենտրոնացման ճամբար։ Շատերը չեն ապրել»։ «Բուխենվալդում» կազմակերպված միջոցառումը կոչված էր մեծարելու դասալիքների արարքը։ Միջոցառման կազմակերպիչների կարծիքով դասալքությունը քաղաքականապես անհրաժեշտ և պատվավոր ակտ է։ Նրանք պահանջում էին նացիստական բանակի մահացած և ողջ մնացած դասալիքների իրավական վերականգնում, փոխհատուցում, օրինակ՝ բանտերում և համակենտրոնացման ճամբարներում իրենց տառապանքների համար թոշակների վճարումը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Кизилова И. Д. «15 мая — Международный День Отказника» Արխիվացված 2007-11-12 Wayback Machine — «Армия добра», № 2 (20), апрель — июнь 2001.