Եկեղեցի
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Եկեղեցի (այլ կիրառումներ)
Եկեղեցի | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | type of Christian institution?, religious concept? և type of organisation? |
Հիմնական ամսաթվերը | մայիսի 24, 33 |
Մասն է | քրիստոնեություն |
Կազմված է | parachurch organization?, modality? և sodality? |
Հիմնադրված | մայիսի 24, 33 |
Եկեղեցի (հունարեն ἐκκλησία բառից), ժողով, ժողովարան, հավաքատեղի, քրիստոնեության իմաստով՝ քրիստոնյաների համախմբում, ժողովում, քրիստոնեական համայնք։
լավոդիկէ ի եկդղեցի
[խմբագրել | խմբագրել կոդը]Եկեղեցի բառը մի քանի նրբիմաստներ ունի։ Նոր Կտակարանը երկու իմաստով է գործածում եկեղեցի բառը.
- Տեղական եկեղեցի` քրիստոնեական առանձին համայնքներ՝ հավատացյալների տեղական, տեսանելի հավաքույթները բնորոշելու համար (Կորնթոս, Փիլիպպե),
- Տիեզերական` կիրառվում է ավելի լայն իմաստով՝ մատնանշելու համար բոլոր քրիստոնյաների ամբողջությունը,
- Քրիստոնյաների հավաքատեղի՝ շինություն։
Եղիշե վարդապետը եկեղեցի բառը մեկնում է «ցրվածներին մի տեղում ժողովել, կանչել» իմաստով։ Հայ մատենագրության մեջ եկեղեցու շինություն իմաստով հանդիպում է նաև «կոչարան» բառը։
Եկեղեցու սահմանում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ըստ Շնորհք Պատրիարք Գալուստյանի՝ «Եկեղեցին Ժողով է հավատացյալների, որոնք մեկ հավատքով և մեկ մկրտությամբ կապված են Քրիստոսին՝ իբրև իրենց Տիրոջը և Փրկչին, պաշտում են Մեկ ճշմարիտ Աստծուն՝ Ամենասուրբ Երրորդությանը, մեկ հաստատուն հույսով ակնկալում են փրկություն և Աստվածային երանական տեսություն և մեկ անկեղծ սիրով միացած են իրար Սուրբ Հոգով, նույն խորհուրդների հաղորդության մեջ են և կառավարվում են նույն նվիրապետական իշխանությամբ»։
Եկեղեցու հատկանիշներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Համաձայն Նիկիական հավատամքի, որն ընդունվում է քրիստոնեական բոլոր եկեղեցիների կողմից, եկեղեցին բնորոշվում է հետևյալ կերպ. «Հավատում ենք Մեկ, Ընդհանրական և Առաքելական, Սուրբ Եկեղեցուն»։
Եկեղեցին մեկ է, քանի որ այն Հիսուս Քրիստոսի մարմինն է, այդ մարմնի գլուխն էլ Քրիստոս է։ Եկեղեցին մեկ է իր հավատքով, մկրտությամբ, նվիրապետությամբ և միավորիչ Սուրբ Հոգով։ Ըստ Իգնատիոս Անտիոքացու՝ «որտեղ Քրիստոսն է, այնտեղ է նաև Եկեղեցին» (Ubi Cristus, ibi ecclesia)։ Աստծո կողմից տրված եկեղեցին ունի այդ միությունը, որն արտահայտվում է տարբեր համայնքներում, մշակույթներում և իրավիճակներով։ Ըստ Նիկոլաս ֆոն Ցինզենդորֆի՝ Եկեղեցու պատմական էվոլյուցիան նման է ծառի ճյուղերի աճմանը, և հակառակ եղած տարբերությունների` բոլոր ավանդական եկեղեցիները օրգանական միության մեջ են։
Եկեղեցին ընդհանրական է կամ կաթողիկե։ Այս բառը հաճախ շփոթում են Հռոմեական կաթոլիկ եկեղեցու հետ։ Այն նշանակում է ընդհանրական կամ տիեզերական։ Ընդհանրական է կոչվում բոլոր եկեղեցիների ամբողջությունը։
Եկեղեցին առաքելական է, քանի որ Քրիստոս առաքյալների միջոցով հաստատեց Եկեղեցին։ Այն առաքելական է ըստ ծագման, ըստ վարդապետության, որովհետև առաքյալների փոխանցած հավատքն է պահում, և ըստ հաջորդականության, քանի որ առաքյալներից սկսած իր իշխանությունը, նվիրապետությունը հաջորդաբար շարունակում է։
Եկեղեցին Սուրբ է, իր գլխով՝ Հիսուս Քրիստոսով, որով սրբված է, իր մեջ ունի Սուրբ Հոգու ներկայությունը և զորությունը, իր մեջ է Մկրտության ավազանը, որից ծնվում են քրիստոնյաները մեղքերից մաքրված։ Ըստ Օգոստինոսի՝ Եկեղեցու սրբությունը վերաբերում է ոչ թե իր անդամներին, այլ Քրիստոսին։ Այս աշխարհում եկեղեցին չի կարող սրբերի համայնք լինել, այստեղ նրա անդամներն ապականված են նախնական մեղքով։ Այնուամենայնիվ եկեղեցին նվիրագործված և սրբված է Քրիստոսի կողմից։
Այլ հատկանիշներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Եկեղեցաբանության մեջ եկեղեցուն տրվող հատկանիշներից են նաև անսխալականությունը և անպակասելիությունը։ Եկեղեցին անսխալական է վարդապետական և հավատքային հարցերում, քանի որ դրանք հիմնված են Սուրբ Գրքի և Սրբազան Ավանդության վրա և հաստատվել են Սուրբ Հայրապետների կողմից գումարված տիեզերական ժողովներում։
Ըստ Պողոս առաքյալի՝ Սուրբ Հոգին է առաջնորդում եկեղեցուն, որպեսզի այն չսխալվի։ Եկեղեցին, որ մարդկանց առաջնորդում է դեպի փրկություն, անպակասելի է այս երկրի վրա մինչև աշխարհի վախճանը, որից հետո դառնում է հավիտենական երկնքում։ Ըստ Հովհան Ոսկեբերանի՝ «Ավելի հեշտ է, որ արեգակը հանգչի, քան եկեղեցին խավարի»։
Եկեղեցու մասեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Ըստ Հայ եկեղեցու եկեղեցաբանության՝ բոլոր սրբերը և երկնային էակները՝ հրեշտակները մաս են կազմում Հաղթանակած եկեղեցու, քանի որ նրանք այլևս այս աշխարհում չեն և չեն պայքարում չարի դեմ։ Իսկ այս երկրի բնակիչները, որ զինված Աստծու խոսքով, պայքարի են ելել չարի դեմ, մաս են կազմում Զինվորյալ եկեղեցու։ Սա իր հերթին բաժանվում է երկու մասի՝ ուսուցանողների և ուսանողների։ Ուսուցանողները հովիվների ամբողջությունն է, եկեղեցու նվիրապետությունը, իսկ ուսանողները՝ աշխարհական հավատացյալները։
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Եզնիկ քհն. Պետրոսյան, «Հայ Եկեղեցու պատմություն», 1990։
- Շնորհք եպս. Գալուստյան, «Տեղիք աստվածաբանության», Երուսաղեմ, 1993։
- Հակոբ Քյոսեյան, «Եկեղեցու հայրեր, վարդպետներ», Երևան, 2007։
- Ալիստեր Ե. Մակ-Գրեթ, «Աստվածաբանության հիմունքներ», թարգմ. Գևորգ աբղ. Սարոյան, Էջմիածին, 2009։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ընթերցե՛ք «եկեղեցի» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 496)։ |
|