Դևոն (կղզի)
Դևոն | |
---|---|
Տեսակ | կղզի և անմարդաբնակ կղզի |
Մայրցամաք | Հյուսիսային Ամերիկա |
Երկիր | Կանադա |
Վարչատարածք | Նունավութ |
Երկարություն | 524 կմ |
Ամենաբարձր կետ | Devon Ice Cap? |
ԲԾՄ | 1920 մետր |
Մակերես | 55 247 կմ² |
Մասն է | Կանադական Արկտիկական կղզեխումբ |
Աշխարհագրական տեղադրություն | Քիկիքտալուկ շրջան |
Ջրլիցի ափին | Բաֆֆինի ծով |
Հայտնաբերում | 1616 |
Դևոն (անգլ.՝ Devon Island), խոշոր կղզի Կանադական Արկտիկական կղզեխմբում։ Մտնում է Կանադայի Նունավուտ նահանգի Կիկիկտանի շրջանի վարչական կազմի մեջ։ Անմարդաբնակ ամենամեծ կղզին է աշխարհում։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Դևոն կղզին Պարիի կղզեխմբի մաս է կազմում։ Մակերեսը 55.247 մ², ափագծի երկարությունը` 3.589 կմ[1]։ Մակերեսի մեծությամբ 27-րդն է աշխարհում և 6-րդը Կանադայում։ Ձևով հիշեցնում է լատիներեն L տառը (կամ հին հոլանդական փայտե կոշիկ)։ Կղզու երկարությունը արևելքից արևմուտք 503 կմ է, հարավից հյուսիս` 289 կմ։
Կղզին գտնվում է Լանկաստեր նեղուցից հյուսիս, որից բաժանված է Բաֆինի երկրով։ Արևմուտքում Վելինգտոնի նեղուցը Դևոնը բաժանում է Կոռնուոլիս կղզուց, Պեննի նեղուցը` Բատերստ կղզուց, հյուսիս-արևմուտքում Կարդիգան նեղուցը` Նորթ Քենթ կղզուց, հյուսիսում Ջոնսի նեղուցը` Էլսմիր կղզուց, հյուսիս-սրևելքում Լեդի Էնն նեղուցը` Կոբերգ կղզուց, իսկ արևելքից կղզին ողողում են Բաֆֆինի ծովի ջրերը։
Դևոն կզին ունի աշխարհագրական ընդարձակ 3 գոտիներ։ Արևելյան գոտին զբաղեցնում է կղզու արևելյան մասը։ Այն գրեթե ամբողջությամբ (12.000 կմ²) սառցածածկ է և պարունակում է շուրջ 3.980 կմ³ սառույց` առավելագույնը 880 մ հաստությամբ։ Սառցաշերտի տակ է գտնվում կղզու բարձրագույն լեռնագագաթը (1921 մ ծովի մակարդակից)։ Կենտրոնական գոտին գտնվում է 300-400 մ բարձրությամբ սարահարթի վրա։ Այն Լանկաստերի սարահարթի մի մասն է կազմում։ Հյուսիս-արևմտյան գոտին ներառում է կղզու մնացած հատվածը` ներառյալ Գրինել թերակղզին։ Այս տարածքում գերակշռում է լեռնային լանդշաֆտը[2]։
Կղզին գոյացել է մինչքեմբրի ժամանակաշրջանի գնեյսից պալեոզոյան ալևրիտից և թերթաքարից։ Կղզու համեմատաբար ոչ մեծ բարձրություններում ապրում են խոյացուլեր, մանր թռչուններ ու կաթնասուններ։ Կղզու կենդանական աշխարհը կենտրոնացված է Տրուլավի (անգլ.՝ Truelove Lowland) հարթություններում, որտեղ համեմատաբար մեղմ կլիմա է գերիշխում և համապատասխանաբար արկտիկական խիտ բուսականություն կա։ Ջերմաստիճանը կարճատև ամռան ընթացքում (40-55 օր) հազվադեպ է բարձրանում 10 °C-ից, իսկ ձմռանը կարող է իջնել մինչև -50 °C: Բևեռային տունդրայի պայմաններում տեղումները քիչ են։
Կղզում գտնվում է Հոթոն (անգլ.՝ Haughton) հարվածային խառնարանը, որ ձևավորվել է 39 միլիոն տարի առաջ 2 կմ տրամագծով երկնաքարի անկման հետևանքով։ Բախումից հետո առաջացել է 24 կմ տրամագծով խառնարան, որը լցվել է ջրով և մի քանի միլիոն տարի գոյատևել լճի տեսքով։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կղզին հայտնաբերվել է 1616 թվականին Ուիլյամ Բաֆինի և Բայլոտի արշավախմբի կողմից, որը փնտրում էր Ատլանտյան և Խաղաղ օվկիանոսները միացնող հյուսիսարևմտյան ճանապարհ։ 1819 թվականին Բրիտանիայի Դևոն կոմսության պատվին Վիլյամ Պարին կղզին կոչել է «Դևոն»[3]։
1924 թվականի օգոստոսին կառավարության աջակցությամբ կղզում բացվել է Դանդաս Հերբոր կայանը (անգլ.՝ Dundas Harbour) այլ երկրների կետորսության ապօրինի դեպքերը կանխելու նպատակով։
1934 թվականին մորթու գների անկման և տնտեսական մի քանի այլ նկատառումներով Բաֆֆինի երկրից Դևոնում հաստատվել է ինուիտների 53 ընտանիք, սակայն կլիմայական խիստ պայմաններից ելնելով` նրանք 1936 թվականին լքել են կղզին։ 1940-ական թվականներին Դանդաս հերբորում բացվել է սահմանապահ կետ, որը, սակայն, վերջնականապես փակվել է 1951 թվականին։
2004 թվականի հուլիսին Դևոնում ժամանակավորապես հաստատվել է 5 գիտնական և 2 լրագրող, ովքեր մոդելավորում էին կյանքի և աշխատանքի պայմանները Մարս մոլորակում։ Դևոն կղզում ՆԱՍԱ-ն կազմակերպում է աշխարհագրական, ջրաբանական, բուսաբանական և միկրոկենսաբանական հետազոտություններ։
Ներկայումս Դանդաս Հերբորում պահպանվել են մի քանի շինությունների ավերակներ։
-
Կղզու մակերևույթի հատված
-
Դևոն կղզու և հարակից կղզիների արբանյակային լուսանկար
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Atlas of Canada. List of Islands». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 22-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 20-ին.
- ↑ «The Island encyclopedia. Devon Island». Արխիվացված է օրիգինալից 2010-12-23-ին. Վերցված է 2016-12-20-ին.
- ↑ Энциклопедии на Академике. Словарь современных географических наименований
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դևոն (կղզի)» հոդվածին։ |
|