Դուբլինցիներ
Դուբլինցիներ անգլ.՝ Dubliners | |
---|---|
Հեղինակ | Ջեյմս Ջոյս |
Տեսակ | պատմվածքների ժողովածու |
Կազմված է | Բաղեղի օրը, Քույրերը, Հանդիպում, Արաբի, Էվելին, Մրցումից հետո, Երկու սիրեկան, Հանրակացարան, Ամպիկը, Կրկնակը, Հողը, Դժբախտ պատահար, Մայր, Աստծո ողորմությունը և Մեռյալները |
Բնօրինակ լեզու | անգլերեն |
Ստեղծման տարեթիվ | 1904 |
Նկարագրում է | Իռլանդիա |
Նախորդ | Կամերային երաժշտություն և Ջակոմո Ջոյս |
Հաջորդ | Պատանի արվեստագետի դիմանկարը |
Երկիր | Իռլանդիա |
Հրատարակման տարեթիվ | 1914 |
Պարգև(ներ) | |
Dubliners Վիքիպահեստում |
«Դուբլինցիներ» (անգլ.՝ Dubliners), արձակագիր Ջեյմս Ջոյսի 15 կարճ պատմվածքների ժողովածու, որն առաջին անգամ հրատարակվել է 1914 թվականին։ Իմպրեսիոնիստական ոճի պատմվածքներում հեղինակը ներկայացրել է 20-րդ դարի սկզբին ապրող միջին խավի դուբլինցիների կյանքը։ Այստեղ ներկայացված կերպարներից մի քանիսին հետագայում Ջոյսն ընդգրկել է իր «Ուլիսես» վեպում։
Ժողովածուի պատմվածքներից առավել հայտնի է «Մեռյալները», որտեղ ամփոփվել են մյուս ստեղծագործություններում ցրված թեմաներն ու մոտիվները։
Ստեղծման պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ժողովածուն նա սկսել է գրել բանաստեղծ Ջորջ Ռասելի պատվերով։ 1904 թվականի ամռանը նա խնդրել է Ջոյսին «Իռլանդական դաստակերտ» ամսագրի համար գրել այնպիսի ստեղծագործություն, որը հնարավոր կլիներ հրապարակել «առանց հարուցելու ընթերցողների վրդովմունքը»։ Բայց առաջին երեք պատմվածքները («Քույրերը» (առաջին տարբերակ), «Էվելին», «Մրցումից հետո»), որոնք ամսագրում հայտնվել էին Սթիվեն Դեդալուս կեղծանվամբ, ընթերցողները շատ բացասական են ընդունել, և ամսագրի խմբագիրը Ջոյսին խնդրել է այլևս ոչ մի գործ չուղարկել։ Բայց Ջոյսը շարունակել է աշխատել։ 1905 թվականից, երբ «Դուբլինցիներն» արդեն պատրաստել էր հրատարակման համար, մինչև 1914 թվականը, երբ այն վերջապես հրատարակվեց, Ջեյմս Ջոյսը 18 անգամ ուղարկել է 15 տարբեր հրատարակիչների։ 1907թվականին այն անգամ տպագրվել է, բայց այդպես էլ չի տարածվել ու ընթերցողին չի հասել։ Դուբլինի մեծահարուստներից մեկը գնել ու ոչնչացրել է գրեթե ամբողջ տպաքանակը։ Պատճառը «անգլիական թագավորի մասին անպատշաճ արտահայտություններն» էին[1]։ Հրատարակիչները Ջոյսից պահանջել են վերախմբագրել խիստ արտահայտություններն ու քննադատությունները, բայց գրողը չի համաձայնվել։ Միայն 1914 թվականին հրատարակիչ Գրանդ Ռիչարդսն է ստանձնել հրատարակել ժողովածուն։
Արդեն այն ժամանակ Ջոյսը կանխազգացել էր, որ պատմվածքները առանձին ստեղծագործություններ չէին մնալու, այլ, միավորվելով մեկ ընդհանուր թեմայի շուրջ, ընդգրկվելու էին մեկ ժողովածուի մեջ։ Ի սկզբանե նախատեսված է եղել ժողովածուում ընդգրկել տասը պատմվածք, բայց քանի որ գրքի հրատարակությունը անընդհատ ձգձգվել է, վերջնական տարաբերակում ներառվել են արդեն տասնհինգ պատմվածքներ։ Դրանց հաջորդականությունը պատահական չէ․ հեղինակը դրանք առանձնացրել է պայմանականորեն «Մանկություն», «Երիտասարդություն», «Հասունություն», «Հասարակական կյանք» վերնագրված բաժիններով, բայց գրքի վերջնական տարբերակում այդ առանձնացումը չի կատարվել։ Իր այդ մտահղացումը Ջեյմս Ջոյսը գրքի հրատարակչին՝ Գրանդ Ռիչարդսին գրած նամակում բացատրում է այսպես․ «Ես փորձել եմ պատկերել այդ քաղաքը և նրա անտարբեր հասարակությունը իր չորս ասպեկտներով. նրա բնակիչները մանուկ ժամանակ, պատանեկան հասակում, հասակն առած և հասարակական կյանքում։ Պատմվածքները խմբված են այդ հաջորդականությամբ։ Պատմվածքների մեծ մասում մանրակրկտորեն երևան եմ հանում քաղաքի թշվառությունը և այն կարծիքին եմ, որ միայն ամոթ չունեցող մարդը իր պատկերածի մեջ կփոխի և մանավանդ կաղճատի այն, ինչ նա տեսել է ու լսել»[1]։
Պատմվածքների ցանկ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Քույրերը (1904 թ, էականորեն փոփոխվել է 1906թ.)
- Հանդիպում (1905թ.)
- Արաբի (1905թ.)
- Էվելին (1904թ, վերախմբագրվել է)
- Մրցումից հետո (1904թ, բազմիցս խմբագրվել է)
- Երկու սիրեկան (1905-06թթ, ձմեռ)
- Հանրակացարան (1905թ, հետո խմբագրվել է)
- Ամպիկը (1906թ.)
- Կրկնակը (1905թ, ամառ)
- Հողը (1904թ, աշուն)
- Դժբախտ պատահար (1905թ, օգոստոս)
- Բաղեղի օրը (1905թ, օգոստոս)
- Մայրը (1905թ, սեպտեմբեր)
- Աստծո ողորմությունը (1905թ, նոյեմբեր, վերախմբագրվել է)
- Մեռյալները (1907թ, սեպտեմբեր)
Ոճ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրական քննադատության մեջ այն կարծիքն է հաստատվել, որ Իռլանդիան լքած գրողը իր պատմվածաշարով ձգտել է ոչ միայն բացահայտել այն պատճառները, որոնք ստիպել էին նրան հեռանալ, այլև կանխատեսել իր ճակատագիրը, եթե մնար հայրենիքում։ Դուբլինն այս գրքում նկարագրվել է որպես «հոգիների գերեզման», որոնք չեխովյան հերոսների նման հուսահատորեն փորձել են դուրս պրծնել առօրյայի խեղդուկ աշխարհից, որին կապված են հոգեբանական ու սոցիալական բազմաթիվ անքակտելի թելերով[2]։ Հեղինակը պատմությունները ներկայացրել է անկողմնակալորեն՝ թույլ տալով ընթերցողին անձամբ կարծիք կազմել տեսածի մասին։ Քաղաքի առօրյայից առանձնացված պատառիկները և դրանց համադրությունը թույլ են տալիս որսալ այս կամ այն պատմվածքի հոգեբանական կամ բարոյական բուն ասելիքը[3]։
Քննադատություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հրատարակման տարում «Դուբլինցիները» ընթերցող հասարակության վրա մեծ տպավորություն չի թողել։ Ճիշտ է՝ իռլանդացի մտավորականության պաշտելի Ուիլյամ Բաթլեր Եյթսը Ջոյսի պատմվածաշարը բնութագրել էր որպես «հրաշալի գիրք, հզոր սատիրական պատմվածքներ, որոնք հիշեցնում են մեծ ռուսների գործերը»[4]։ Ուրիշ հեղինակներ ևս նկատել են, որ ժողովածուն առանձնանում է անգլիալեզու գրականությունում։ Օրինակ՝ Էդմունդ Վիլսոնը համարել է, որ «Դուբլինցիները», ինչպես նաև Մուրի ստեղծագործությունները, պատկանում են «սթափ օբյեկտիվիզմի» ֆրանսիական ուղղությանը, չնայած տեքստի մեղեդայնությունը հատուկ է միմիայն Ջոյսին[5]։ Իսկ Էզրա Փաունդը գրականական համապատասխանություն է տեսել Ջոյսի պատմվածքների և ֆրանսիական իմպրեսիոնիզմի միջև[6]։
Ջոյսի արձակագրության հանդեպ հետաքրքրությունն ավելի մեծացավ նրա գլխավոր վեպի՝ «Ուլիսեսի» հրատարակությունից հետո (1922 թվական)։
Ազդեցություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ջոյսի վաղ շրջանի պատմվածքները նկատելի ազդեցություն են ունեցել անգլիալեզու արձակագրության զարգացման վրա, հատկապես ԱՄՆ-ում։ Շերվուդ Անդերսոնը 1917 թվականին սկսել է հրապարակել պատմվածքներ Օհայո նահանգի Ուայնսբուրգ գավառական քաղաքի մասին։ Այս քաղաքը նման է Ջոյսի Դուբլինին՝ խեղդուկ և պարփակ, որտեղից, ըստ էության, ելք չկա[7]։ Այդ պատմվածքների համադրությունը վեպի տպավորություն է թողնում։ Նույն կերպ է կազմվել Ու․ Ֆոլքների «Իջի՛ր, Մովսե՛ս» ժողովածուն (1942 թվական)։ Պատմվածքների գործողության վայրը Յոկնապատոֆան է․ հեղինակի հորինած, գոյություն չունեցող բնակավայրը[8][9]։ Հստակ տեղակայությամբ, հաճախ հորինված բնակավայրերը՝ որպես իրապաշտական պատմվածքների ժողովածուների գործողությունների վայր, եղել են հետպատերազմական ամերիկյան գրականության նախընտրած թեման։
XX դարում դեռ ընդունված չի եղել պատմվածքները ժողովածուում միավորել ներքին բովանդակության համաձայն։ Պատմվածքների հերթականությունը գրքերում հիմնականում կախված է եղել կազմողի քմահաճույքից։ «Դուբլինցիներն» այդ առումով եղել է առաջին պատմվածաշարը, որը ընկալվել է որպես մի ամբողջական ստեղծագործություն։ Նա պատմվածքների ժողովածուն դարձրել է ինքնուրույն գրական ձև, որը միջանկյալ դիրք է զբաղեցնում պատմվածքի և վեպի միջև։ Նույն սկզբունքով է կազմել իր «Մեր ժամանակներում» ժողովածուն Հեմինգուեյը[10]։
«Մեռյալները» պատմվածքի մոտիվներով նույնանուն ֆիլմ է նկարահանել Ջոն Հյուսթոնը 1987 թվականին, իսկ 1999 թվականին Բրոդվեյում բեմականացվել է մյուզիքլ Քրիստոֆեր Ուոքենի գլխավոր դերակատարմամբ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Ջոյս, Ջեյմս (1978). Դուբլինցիներ. Երևան: Սովետական գրող. էջ 157.
- ↑ Representative Short Story Cycles of the Twentieth Century: Studies in a ... - Forrest L. Ingram - Google Books
- ↑ Dubliners - James Joyce - Google Books
- ↑ И. Киселева. «Проблематика и поэтика раннего Джойса (сборник рассказов "Дублинцы") :: Глава 3. Стиль и жанр рассказов Джойса
- ↑ Edmund Wilson. Literary essays and reviews of the 1920s & 30s. Library of America, 2007. Page 774.
- ↑ Pound-Joyce: The Letters of Ezra Pound to James Joyce - Ezra Pound, F. Read - Google Books
- ↑ A Companion to the American Short Story. Eds. Alfred Bendixen, James Nagel. John Wiley & Sons, 2010. ISBN 9781444319927. Page 499.
- ↑ Abby H. P. Werlock. Companion to the American Short Story. 2nd ed. ISBN 9781438127439. Page 282.
- ↑ J. Gerald Kennedy. Modern American Short Story Sequences: Composite Fictions and Fictive Communities. Cambridge University Press, 1995. ISBN 9780521430104. Page 79.
- ↑ The Postmodern Short Story: Forms and Issues. ISBN 9780313323751. Page 163.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ellmann, Richard. James Joyce. Oxford University Press, 1959, revised edition 1983.
- Burgess, Anthony. Here Comes Everybody: An Introduction to James Joyce for the Ordinary Reader (1965); also published as Re Joyce.
- Burgess, Anthony. Joysprick: An Introduction to the Language of James Joyce (1973)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Դուբլինցիները Գրապահարանում Արխիվացված 2020-06-30 Wayback Machine
- Ջեյմս Ջոյս – «Դուբլինցիներ» - Գրադարան
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դուբլինցիներ» հոդվածին։ |
|