Jump to content

Դեյվիդ Օկտավիուս Հիլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դեյվիդ Օկտավիուս Հիլ
անգլ.՝ David Octavius Hill‏
Ծնվել էմայիսի 20, 1802(1802-05-20)[1][2]
ԾննդավայրՓերթ, Պերթ, Փերթ և Կինրոս, Միացյալ Թագավորություն
Վախճանվել էմայիսի 17, 1870(1870-05-17)[3][4][1][…] (67 տարեկան)
Մահվան վայրԷդինբուրգ, Շոտլանդիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
ԿրթությունԷդինբուրգի արվեստի քոլեջ և Պերթի ակադեմիա
Մասնագիտությունլուսանկարիչ, նկարիչ և վիմագրող
 David Octavius Hill Վիքիպահեստում

Դեյվիդ Օկտավիուս Հիլ (անգլ.՝ David Octavius Hill, մայիսի 20, 1802(1802-05-20)[1][2], Փերթ, Պերթ, Փերթ և Կինրոս, Միացյալ Թագավորություն - մայիսի 17, 1870(1870-05-17)[3][4][1][…], Էդինբուրգ, Շոտլանդիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն), 19-րդ դարի շոտլանդացի նկարիչ և լուսանկարիչ։ Լուսանկարչության ռահվիրաներից մեկը։ Համագործակցել է Ռոբերտ Ադամսոնի հետ (անգլ.՝ Robert Adamson), 1821-1848 թվականներին։ 1843 թվականից մինչև 1848 թվականը պատրաստել է շուրջ 3000 կալոտիպեր, հիմնականում դիմանկարներ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեյվիդ Օկտավիուս Հիլը ծնվել է 1802 թվականին շոտլանդական Փերթ քաղաքում, առևտրականի և գրքի հրատարակչի ընտանիքում, որը հայտնի էր նրանով, որ օժանդակել էր Փերթի ակադեմիայի վերականգնմանը։ Այն նույն ակադեմիայի, որտեղ հետագայում սովորել է Դեյվիդ Հիլը իր եղբայրների հետ։ Ակադեմիայում ուսումն ավարտելուց հետո Դեյվիդը տեղափոխվում է բնակվելու Էդինբուրգում, որտեղ նրա ավագ եղբայրը` Ալեքսանդրն արդեն աշխատում էր Blackwood’s գրահրատարակչությունում։ Էդինբուրգում Հիլը ընդունվում է դիզայնի դպրոց, որտեղ նա ուսումնասիրում է վիմագրության տեսություն և ազատ ժամանակ նկարում էր քաղաքի շրջակայքի բնապատկերները։ Հետագայում նրա ուրվանկարները ցուցադրվել են Կերպարվեստի զարգացման շոտլանդական ինստիտուտում[5]։ Դեյվիդ Հիլի վիմագրության եղանակով արտատպված բնապատկերների առաջին ցուցահանդեսը (Sketches of Scenery in Pertshire) տեղի ունեցավ 1821 թվականին, երբ նա ընդամենը 19 տարեկան էր[6]։

1829 թվականին Դեյվիդ Օկտավիուսը իր ընկերոջ Հենրի Կոկբերնի օգնությամբ մի շարք նկարիչների հետ միասին հիմնադրում են Շոտլանդական թագավորական ակադեմիան (Royal Scottish Academy)[5]: Ակադեմիայի հիմնադրումից մեկ տարի անց Հիլը սկսում է կատարել քարտուղարի պարտականությունները։ Այդ պաշտոնում նա աշխատում է շուրջ 40 տարի[6]։

Մինչև 1839 թվականը, երբ ակադեմիան նրան սկսեց աշխատավարձ չվճարել քարտուղարի պարտականությունների կատարման համար, Դեյվիդի եկամտի հիմնական աղբյուրը մնաց գրքերի նկարազարդումը։ 1832 թվականին Հիլի չորս ուրվանկարները հայտնվեցին Գլազգոյի և Գարնկիրկի (Garnkirk) երկաթուղիներին նվիրված պողոտայում։ Հիլի նկարազարդումները կարելի է տեսնել նաև Վալտեր Սկոտի և Ռոբերտ Բյորնսի այդ տարիների հրատարակություններում։ Քարտուղարական աշխատանքը սկսնակ լուսանկարչին վատ եկամուտ չէր բերում, և 1840 թվականին Դեյվիդ Օկտավիուս Հիլն առաջին անգամ ամուսնացավ։ Նրա ընտրյալը դարձավ Աննա Մակդոնալդը, որը նրա համար դուստր ծննդաբերեց։ Ակադեմիայից ստացվող աշխատավարձի հետ մեկտեղ Դեյվիդը շարունակում էր գրքեր նկարազարդել և պատվերով բնապատկերներ նկարել[5]։

1843 թվականին սկսվեց Շոտլանդիայի եկեղեցու պառակտումը, կրոնական իշխանություններից եկեղեցու լրիվ ինքնավարության ձգտող կողմնակիցներն առանձնանալով, ստեղծեցին Շոտլանդիայի ազատ եկեղեցին և Դեյվիդ Հիլը պատվեր ստացավ նկարելու այն նստաշրջանի ընթացքը, որտեղ կայացվեց պառակտման որոշումը[7]։ Իր ընկերների լորդ Կոկբեռնի և ֆիզիկոս Դեյվիդ Բրյուստերի խորհրդով[5], հասարակ նկարազարդման փոխարեն Դեյվիդը որոշեց կալոտիպի մեթոդով ստեղծել նստաշրջանի լուսանկարային տարբերակը[7]։ Պատվերի կատարման ընթացքում Դեյվիդ Օկտավիուսը հսկայական աշխատանք կատարեց, լուսանկարելով նստաշրջանի 500 մասնակիցներից յուրաքանչյուրին։ Հասկանալով աշխատանքների ծավալի մեծությունը, նա հրավիրեց քիմիկ Ռոբերտ Ադամսոնին, որը նույնպես զբաղվում էր լուսանկարչությամբ[6]։ Հիլի և Ադամսոնի համատեղ աշխատանքի արդյունքում ստեղծվեց 1,53 x 3,45 մետր չափերով լուսանկար։ Ընդհանուր առմամբ դրա ստեղծման համար Հիլից պահանջվեց 23 տարի[5]։


Շոտլանդիայի ազատ եկեղեցու հիմնադրում։ Դեյվիդ Օկտավիուս Հիլ (1866)
Շոտլանդիայի ազատ եկեղեցու հիմնադրում։ Դեյվիդ Օկտավիուս Հիլ (1866)


Նստաշրջանի լուսանկարի վրա կատարվող աշխատանքներին զուգահեռ Դեյվիդը և Ադամսոնը զբաղվում էին այլ փոքրամասշտաբ աշխատանքներով։ Նրանց համագործակցությունը բավականին հաջող ստացվեց, Հիլը լուսավորության և կոմպոզիցիայի մասնագետ էր, իսկ Ադամսոնը հմտորեն էր տիրապետում լուսանկարչական խցիկին[5]։ 1843 թվականից մինչև 1848 թվականը նրանց կողմից կատարվել է շուրջ երեք հազար կալոգրաֆիական լուսանկարներ, առաջին հերթին դիմանկարներ։ Հիլի և Ադամսոնի կողմից արված լուսանկարներում կան ժամանակի շատ նշանավոր անձնավորություններ, օրինակ շոտլանդացի գրող և երկրաբան Հյու Միլլերը։ Նկարահանումները կատարվում էին արվեստանոցում, ինչպես նաև բաց երկնքի տակ, մասնավորապես նկարների մի ամբողջ շարք կատարվել է ֆրանցիսկանյան գերեզմանոցում։ Ընկերների աշխատանքներն աչքի էին ընկնում բազմազանությամբ, բացի դիմանկարներից, ստեղծվում էին ժանրային տեսարաններ, որոնցում ներկայացվում էին հասարակ մարդկանց կյանքն ու կենցաղը, օրինակ Նյուհեյվենի ձկնորսների և ձկնավաճառների, Էդինբուրգի մերձակայքի բնանկարները և քաղաքային ճարտարապետության լուսանկարները[5][7]։

Հիլի և Ադամսոնի համատեղ աշխատանքը կարող էր ավելի երկար շարունակվել, սակայն 1848 թվականի հունվարի 14-ին Ռոբերտ Ադամսոնը մահացավ 26 տարեկան հասակում։ Հավատարիմ ընկերոջ մահից հետո Հիլի հետաքրքրությունը լուսանկարչության հանդեպ մարեց և մի քանի ամիս հետո թողեց լուսանկարչական արվեստանոցը և անցավ գեղանկարչության, հազվադեպ անդրադառնալով լուսանկարչությանը որպես օժանդակ միջոց իր նկարների վրա աշխատելիս։ 1862 թվականին Դեյվիդն ամուսնացել է քանդակագործուհի Ամելի Պաթոնի հետ։ Ամուսնությունից հետո Հիլը փորձեց վերադառնալ իր նախկին զբաղմունքին, սակայն այս շրջանի նկարներն ավելի վատն էին, քան նախորդ աշխատանքները։ 1869 թվականին Դեյվիդ Հիլը հիվանդության պատճառով թողեց Շոտլանդիայի թագավորական ակադեմիայի քարտուղարի պաշտոնը և մեկ տարի անց` 1870 թվականի մայիսին մահացավ[5]։

Հիլի աշխատանքները երկար ժամանակ պահվել են Էդինբուրգում և ոչ մի տեղում չի հիշատակվել դրանց մասին։ 1899 թվականին Համբուրգում կազմակերպվել է գեղարվեստական լուսանկարչության միջազգային ցուցահանդես։ Ցուցահանդեսում, պղնձե փորագրության հավաքածուների սեփականատերերը ձեռք են բերել տպագրություններ Շոտլանդիայում տեղակայված Հիլի իրական նեգատիվներից[8]։

Մեծ լուսանկարչի գերեզմանը գտնվում է Էդինբուրգի եպիսկոպոսական գերեզմանատանը։ Գերեզմանի կիսանդրին ստեղծել է Դեյվիդ Օկտավիուս Հիլի երկրորդ կինը` Ամելիա Պատոն[5]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Mapping the Practice and Profession of Sculpture in Britain and Ireland 1851–1951
  2. 2,0 2,1 Կերպարվեստի արխիվ — 2003.
  3. 3,0 3,1 3,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  4. 4,0 4,1 4,2 RKDartists (նիդերլ.)
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 5,7 5,8 «Дэвид Октавиус Хилл на сайте prophotos.ru». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ դեկտեմբերի 23-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 6-ին.
  6. 6,0 6,1 6,2 «Личности. Дэвид Октавиус Хилл». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 6-ին.
  7. 7,0 7,1 7,2 «17 мая 1870 года скончался «отец художественной фотографии» Дэвид Октавиус Хилл». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 14-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 6-ին.
  8. "Франц Фидлер "Портретная фотография. — М.: Всесоюзное кооперативное издательство, 1960. — С.11.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Michaelson, Katherine, David Octavius Hill and Robert Adamson, catalogue for Scottish Arts Council exhibitions, 1970.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դեյվիդ Օկտավիուս Հիլ» հոդվածին։